Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական խոստումներից ամենաօրիգինալը Կոմունիստական կուսակցության ծրագիրն է: Ճիշտ է՝ այսօր Հայաստանում դժվար է գտնել մեկին, որն իրատեսական կհամարի Կոմկուսի հաղթական ու Խորհրդային անցյալի վերադարձը, հետեւաբար` նաեւ այդ ծրագրի իրականացումը: Բայց քանի որ կոմունիստ ընկերներն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, հետաքրքիր կլիներ իմանալ, թե նրանք ի՞նչ են առաջարկում ժողովրդին:
Նախ փաստենք, որ Կոմկուսի ծրագիրը հակասությունների շարան է. այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, հակասում է այս կուսակցության գաղափարախոսությանը: Էլ չենք ասում ներքին հակասությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ծրագիրը, եւ պարզվեց, որ Կոմկուսի ծրագրում ոչ մի անգամ չի հիշատակվում ժողովրդավարություն բառը: Նախընտրական խոստումների մեջ այդպես էլ որեւէ խոսք չկա Հայաստանում ժողովրդավարության խորացման մասին: Ավելին՝ կոմունիստները նույնիսկ Հայաստանի երրորդ Հանրապետությունը չեն ընդունում եւ հիմա խոստանում են իշխանության գալու դեպքում այն վերանվանել Հայաստանի Երկրորդ Հանրապետություն: «Մեր ժողովրդի կերտած սոցիալիզմի 70 տարիները շատ ուսանելի դասեր ունեն, որոնք մեր ժողովրդի սխրանքների եւ արարումների պատմությունն են, մեր հայրերի ու մայրերի, ավագ սերնդի անմնացորդ աշխատանքով կերտած հասարակությունը, որը պետք է գնահատել եւ պաշտոնապես ճանաչել որպես Երկրորդ Հանրապետություն»,- ասված է նրանց ծրագրում: Ու ոչինչ, որ Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրության մեջ միանգամայն այլ բան է գրված: Սա Կոմկուսին չի հետաքրքրում:
Կոմունիստ ընկերները գալիս են նոր հեղափոխություն անելու եւ անցյալը վերադարձնելու ծրագրով: Չնայած՝ իրենց նախընտրական ծրագրում նրանք հայտարարել են անհաշտ պայքար բոլոր «գունավոր հեղափոխությունների» եւ արեւմտյան իմպերիալիզմի դեմ: «Ցուցաբերել պատշաճ զգոնություն եւ պայքարել Հայաստանի ներքաղաքական կյանքում Արեւմուտքից ներմուծվող «գունավոր» հեղափոխություններ նախապատրաստող ուժերի ակտիվացման դեմ, քանզի դրանք չեն կարող ծառայել մեր ժողովրդի ազգային շահերին եւ իղձերին»,- խոստացել են ընկեր կոմունիստները: Ի դեպ, չնայած կոմունիստական գաղափարախոսությունն ըստ էության սկիզբ է առել արեւմուտքում՝ Եվրոպայում, բայց, չգիտես ինչու, կոմունիստների պայքարի հիմնական թիրախը տարիներ շարունակ եղել է նույն արեւմուտքը: Եվ հիմա նրանք բոլոր բացասական երեւույթները կապում են արեւմուտքի հետ: Այդ համատեքստում էլ որոշել են «Հետեւողական պայքար մղել ՀՀ-ում տարատեսակ «արեւմտյան» նորահայտ երեւույթների` համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության եւ մեր ժողովրդի հոգեկերտվածքին ու ավանդույթներին խորթ այլ դրսեւորումների դեմ»: Ափսոս միայն, որ նրանք չեն մանրամասնել, թե ինչպե՞ս են պայքարելու այդ երեւույթների դեմ՝ կրկին քրեականացնելո՞ւ են համասեռամոլությունը, ինչպես ԽՍՀՄ-ում էր, թե՞ պայքարի ավելի դաժան մեթոդներ են կիրառելու, ասենք՝ արտաքսելու են Հայաստանից, չենթարկվողներին էլ կա՛մ ծեծելու են, կա՛մ պարզապես գնդակահարելու: Որ մեթոդն էլ ընտրեն, լուրջ խնդրի առաջ կհայտնվեն թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների մի շարք կոնվենցիաների տակ՝ պարտավորվելով հարգել բոլորի իրավունքները:
Հիմա Կոմկուսի գաղափարախոսության մասին: Ինչպես հայտնի է` սոցիալիզմն իր գոյության ողջ ընթացքում մերժել է մասնավոր սեփականությունը՝ փոխարենը խրախուսելով հանրային սեփականությունը: Իսկ ահա հայ կոմունիստները, ընդհակառակը, այս ամենին զուգահեռ մասնավոր սեփականություն են խոստանում: «Մենք ձգտելու ենք, որ երիտասարդ, նոր կազմված ընտանիքը պետության օժանդակությամբ եւ մասնակցությամբ ունենա իր սեփական բնակարանը»,- ասված է նրանց ծրագրում: Կոմկուսը չի ժխտում նաեւ տնտեսության մեջ մասնավոր ընկերությունների գոյությունը, այլ ընդամենը խոստանում է բարձրացնել պետության դերը. «Մենք գտնում ենք, որ երկիրը պետք է ունենա զարգացման իրատեսական ծրագրեր, որտեղ կկիրառվեն ինդիկատիվ պլանավորման մեխանիզմները, իսկ պետություն-մասնավոր գործընկերությունը լինի ոչ թե բառակապակցություն, այլ իրական գործիքակազմ»: Եւ, ահա, այս ամենին զուգահեռ՝ կոմունիստները նաեւ խոստանում են կառուցել սոցիալիզմ. «Սոցիալիզմին բնորոշ սոցիալական հիմնադրույթները կվերականգնենք ապագա հասարակարգում, ինչը համահունչ է հայ մարդու բնույթին, նրա ընկալումներին ու ձգտումներին»,- ասված է նրանց ծրագրում:
Կոմկուսի ծրագրային ներքին հակասությունները եւս աչք են ծակում: Օրինակ՝ «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը: Մեր հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները»,- ասված է այնտեղ: Ուշադրություն դարձրեք՝ սկզբում խոսում են առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու մասին, հետո ասում են, թե այդ հարաբերությունները պետք է կառուցվեն՝ պատմական իրողությունները հաշվի առնելով: Ասել է, թե միեւնույն է՝ նրանք նախապայմաններ են թելադրելու եւ վերջ:
Թվարկումը կարելի է երկար շարունակել: Բայց մեծ հաշվով իմաստ չկա: Իմաստ չկա, որովհետեւ Կոմկուսի երկրպագուները մեր երկրում տարեցտարի պակասում են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԿԼԻՆԻ՞ ՎԵՆԴԵՏԱ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանը հերքեց, որ կիրակի գիշերը տեղի ունեցած միջադեպը եղել է իր կողմնակիցների եւ նույն մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի թիմակիցների միջեւ. «Անհեթեթություն է, որ իմ եւ Առուստամյանի աղջկա միջեւ կամ իմ ու Առուստամյանի միջեւ որեւէ միջադեպ տեղի ունենա,-ասաց Խաչատրյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով,-հավանաբար, որեւէ այլ կողմնակցի սադրանքն է եղել, բայց ում, առայժմ պարզված չէ»: Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել էին Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք այս միջադեպը կունենա շարունակություն, եւ իրենք որեւէ կերպ արձագանքելու են տեղի ունեցածին, թե, ի վերջո, հայտարարվելու է կրկին, որ այն կենցաղային միջադեպ է եղել. «Բոլոր միջադեպերն ունենում են շարունակություն, որը դրված է ընտրական օրենսգրքի հիմքում: Վերջ ի վերջո, ոչ ոքի թույլատրված չէ դանակահարել մարդկանց, որը կարող էր մահացու հետեւանք ունենալ»,-եզրափակեց Խաչատրյանը:
ՀՀԿ-Ի ՏԱՇՏԱԿԸ
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արման Սահակյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին, նախընտրական քարոզարշավի ժամանակ փայլատակել է իր ճառով: Իր ՀՀԿ-ական շատ գործընկերների նման Արման Սահակյանը եւս փորձել է այս ընտրություններն իջեցնել «թաղի լավ տղու» ընտրության մակարդակի եւ հայտարարել է. «Հաշվի առե՛ք մի բան, որ սա մեր թաղի հարցն ա, մեր փողոցի հարցն ա։ Եթե ինչ-որ բան չի արվել, կարող է լինել, որ չի արվել, բայց էն, ինչ արվել ա, էլի մեր միջոցով ա արվել։ Հիմա մենք պետք ա միասնական ըլնենք, որ կարողանանք էս ընտրություններին հաղթենք»,- ասել է Ա. Սահակյանը: Փաստորեն, Ա. Սահակյանը փորձում է խուսափել ՀՀԿ-ական ներկայանալուց, ավելին՝ քաղաքացիներին էլ փորձում է «թասիբի գցել»՝ ասելով, որ դա իրենց թաղի, փողոցի հարցն է, ոչ թե ՀՀԿ-ի ընտրությունը: Բայց Ա. Սահակյանի մտքի գլուխգործոցը մեկ այլ հայտարարություն է. «Եթե ինձ չընտրեք, կմնաք հին տաշտակի առաջ»,- ասել է նա։ Ափսոս, սակայն, որ նա չի մանրամասնել, թե ո՞րն է հին տաշտակը, որը՝ նորը. որքան գիտենք՝ արդեն 19 տարի ՀՀԿ-ն է իշխանության ղեկին, իսկ Արման Սահակյանն էլ հենց այդ կուսակցության անդամ է, այլ ոչ թե իշխանության գալ ցանկացող ուրիշ քաղաքական ուժի: Եվ հետո, հին տաշտակի մասին խոսելուց հետաքրքիր է՝ Արման Սահակյանն արդյո՞ք Գալուստ Սահակյանի դեմ է դուրս գալիս. չէ՞ որ Գրիգորիչը ամենահին գործիչներից մեկն է:
ՓԱԹԵԹՈՎ
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այդ օրենքների թվում են՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ՎԶԵԲ-ի կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններին եւ դրանց ժամանակացույցին: Կարեն Կարապետյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԼՍԵԼ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության եւ ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին: Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման եւ այլ ոլորտների զարգացմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է լսելու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջեւ բոլոր ոլորտներում, եւ մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
ՄԵԿՆՈՒՄ Է ԴՈՒԲԱՅ
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: