ՊՆ-ԻՑ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ ՏԱՐԵԼ ՈՒ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզվառելիքի թեմայի շուրջ աղմուկը շարունակվում է: 2016 թվականի ապրիլից մինչեւ օգոստոս ամիսը ՊՆ-ից դիզվառելիք է յուրացվել եւ այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտպանության նախարարության փոխգնդապետն ու պահեստարանի պետը: Զորամասից գողացվել է 3840լ դիզելային վառելիք, որից ստացված գումարը կազմել է 1 միլիոն 259 հազար 520 դրամ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլին համաձայնության է եկել իր ղեկավարության տակ գտնվող զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ, որպեսզի զորամասին տրամադրված դիզելային վառելիքը զորամասից դուրս բերեն, վաճառեն եւ գումարը «մեջ-մեջ» անեն:
Ահա այսպես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 1-ին, մայիսի 2-ին, հունիսի 7-ին, հունիսի 9-ին, հուլիսի 18-ին, հուլիսի 28-ին, օգոստոսի 4-ին, օգոստոսի 23-ին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք են լիցքավորել ՀՀ ՊՆ զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի 22ՍԼ792 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ավտոցիստեռնը:
Իսկ ինչ է արել անհատ ձեռներեց Մանվել Գալստյանը հափշտակված վառելիքը: Տեղեկացանք, որ նա ՊՆ-ի վառելիքը տեղափոխել է Գյումրի քաղաքում գտնվող, իրեն պատկանող բենզալցակայաններ: Իր ծանոթ Ռուդիկ Կարապետյանի հետ ՊՆ փոխգնդապետ Ալեքսանյանին խոստացել են շուկայականից էժան գներով վառելիք վաճառել, իսկ հետո համապատասխան գումարը փոխանցել Մխիթար Ալեքսանյանին:
Տեղեկացանք, որ յուրացված դիզվառելիքի չափը եղել է 3840 լիտր, ոը կազմել է 1 միլիոն 259 հազար 520 դրամ:
Այս աղմկալի բացահայտումը իրականացնելուց հետո 2016 թվականին ՀՀ ՊՆ զորամասում սկսվել են խուզարկություններ իրականացվել, ինչի արդյունքում 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ռազմական ոստիկանության աշխատակիցները փոխգնդապետի սենյակում հայտնաբերել են, որ նա ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 76 հատ «ՊՄ» եւ «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ եւ 224 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿ 74 ինքնաձիգերի եւ ՌՊԿ-74 գնդացիրների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նշված աշխատասենյակում 2016թ-ի սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:
Պարզեցինք, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին եւ զորամասի պահեստարանի պետ Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի 1.2.3 կետերով` (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) եւ 235 հոդվածի առաջին մասով (Ապօրինի կերպով հրազեն պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Իրավապահների աչքից չեն վրիպել նաեւ բանակի հաշվին գումար աշխատած անհատ ձեռներեց Մանվել Գալստյանը, Ռուդիկ Կարապետյանը, Արմեն Գրիգորյանը, Լեռնիկ Վարդանյանը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` (Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը) եւ 179 հոդվածի 2-րդ մասի 1.2.3 կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Եւ այսպես՝ ինչպես հիշում եք՝ մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետն ասել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:
Չի բացառվում, որ նաեւ եղել են զորամասեր, որտեղ տեխնիկան նույնիսկ աշխատել է, սակայն քառօրյա պատերազմի ժամանակ զորամասում վառելիք չի էլ եղել, քանի որ այսպիսի դրսեւորումներն են եղել:
Տեղեկացնենք, որ այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը 2017 թվականի մարտի 20-ին ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործով ամբաստանյալներից փոխգնդապետ Ալեքսանյանը եւ Յայլոյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ի դեպ, վերոնշյալ աղմկահարույց գործով դատավորի անունը դեռեւս հայտնի չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՖԼԵՇԻ ԲԱՐՍԵՂԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի որդուն` Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ից խոշոր չափերի հափշտակություն է տեղի ունեցել, որի առանցքում ընկերության տնօրենն է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Կոնստանտին Կոստանյանը եղել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնի կորպորատիվ հաճախորդների մենեջերը եւ նյութական բաժնի պատասխանատուն: Դատելով զբաղեցրած պաշտոնից` վերջինս վստահություն է ունեցել գործարար Բարսեղ Բեգլարյանի ընտանիքի մոտ: Սակայն ինչպես պարզվեց՝ Բեգլարյանի ընտանիքի վստահությունը Կոստանտին Կոստանյանը չարաշահել է եւ խոշոր չափերի հափշտակություն իրականացրել:
Տեղեկացանք, որ Կ. Կոստանյանը, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս»-ում, ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 65 միլիոն 617 հազար 500 դրամ կամ 135 հազար 293 դոլարի արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:
Այս արարքի համար Կոնստանտին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Նախաքննություն իրականացնող մարմինը Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերությունից հափշտակություն իրականացնող Կոնստանտին Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Վերջինս այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Հավելենք, որ գործարար Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերությունից հափշտակություն իրականացնողների ցանկը այսքանով չի ավարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միշա Վարդանյանը, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր, ընկերությունից հափշտակել է 46 միլիոն 794 հազար 452 դրամին համարժեք 24 միլիոն դրամի արժողությամբ ավտոպահեստամասեր եւ 21 միլիոն 897 հազար 700 դրամ գումար:
Վերջինիս եւս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Միշա Վարդանյանը եւս կալանավորված է:
Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի պատանեկության ընկերն է: Նա նաեւ Բարսեղ Բեգլարյանի որդիների հարսանիքի քավորն է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

300 ԿՐԱԿՈՑ
Մարտի 20-ին եւ լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց:

 

 
ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք:

 

 

ԱՅՑ ԱՐՑԱԽ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Լեռնային Ղարաբաղ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը:

 

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ
Երեկ տեղի է ունեցել Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հոգեհանգստի արարողությունը Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 22-ին, ժամը 14:00-ին նույն սրահից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը 25 օր շարունակ հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ: 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երեւան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում ծագած վիճաբանության արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ եւ Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով, երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետեւանքով: Հիշեցնենք` Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:




Լրահոս