ՀՀԿ-ի ցուցակում տեղ են գտել բազմաթիվ դեմքեր, որոնք ներկայացված լինելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանում եւ ոչնչով աչքի չընկնելով` հիմա էլ պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգով ձեռք բերել մանդատները: Այդ շարքում այսօր կանդրադառնանք Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գեւորգյանի, Արտակ Սարգսյանի եւ Կորյուն Նահապետյանի խորհրդարանական անցյալին` հասկանալու համար, թե ինչպիսի գործունեություն են նրանք ծավալելու գալիք խորհրդարանում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը երկար տարիներ զբաղվել է բռնցքամարտով, եղել ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից եւ այլն: Պետակառավարման համակարգին միացել է 2005թ.` որպես Դավիթաշենի թաղապետի տեղակալ, իսկ 2008թ. ընտրվել այդ համայնքի ղեկավար: 2012թ. ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով: Նա ՀՀԿ-ի Դավթաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ: Այսօր նա առաջադրված է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից, որի մեջ ներառված է նաեւ Դավիթաշեն վարչական շրջանը: Արթուր Գեւորգյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է` դստեր ամուսինը: Ի դեպ, Գեւորգյանը նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, եւ նրա գործունեությունն ավելի շատ կապված է սպորտի, քան քաղաքական եւ օրենսդիր պարտականությունների հետ: Նրա՝ գրեթե բոլոր ասուլիսներն ու հարցազրույցները առնչվել են սպորտին, բռնցքամարտի բնագավառում տիրող իրավիճակին ու Հայաստանում այդ մարզաձեւի հեռանկարներին: Գեւորգյանը գրեթե չի խոսում քաղաքական թեմաներից, թեեւ վերջերս համոզված պնդում էր, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված չէ, այլապես առաջատար չէր լինի: Նա նույնպես այն իշխանականների շարքում է, որոնք Հայաստանում ստեղծված բացասական մթնոլորտի համար պատասխանատու են հռչակում լրագրողներին: Նկատենք, որ մամուլում մի շարք հրապարակումներ էին եղել, թե Գեւորգյանը ԱՄՆ-ում պատկառելի ունեցվածք ունի, ինչին պատգամավորը արձագանքել էր. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում… Միգուցե հուշեք տվյալ մարդկանց, որ գնան այդ հասցեով, գուցե Գեւորգյան Արթուրը տա՞նն է: Այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս: Եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, թող իմ անցած ճանապարհն անցնեն»: Իսկ Գեւորգյանի` խորհրդարանում անցած ճանապարհն առանձնապես ոչնչով աչքի չի ընկնում: Այսպես՝ նա Աժ նիստերի ժամանակ կողմ է քվեարկել 565 անգամ, դեմ` 6, ձեռնպահ` 4: 121 անգամ հրաժարվելով քվեարկությունից` Գեւորգյանը բացակայել է 269 նիստերից: Այդ համատեքստում երբեւէ հարցապնդում չի ներկայացրել, ինչպես նաեւ չի մոտեցել ՀՀ ԱԺ ամբիոնին:
ՀՀԿ-ի պատգամավորներից է նաեւ Արտակ Սարգսյանը, որը հայտնի է որպես ՍԱՍ-ի Արտակ, որն առաջադրված է թիվ 2 ընտրատարածքում: Նրան է պատկանում «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2004թ. մեծամասնական ընտրակարգով` խորհրդարանում ընդգրկվելով ՕԵԿ խմբակցության կազմում: 2006թ., երբ Արթուր Բաղդասարյանը լքեց կոալիցիան եւ դարձավ ընդդիմադիր, Արտակ Սարգսյանն էլ հեռացավ ՕԵԿ-ից` միանալով «Գործարար» պատգամավորական խմբին: Թեեւ 2006թ. նա արդեն դարձավ ՀՀԿ անդամ, սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեց Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» համամասնական ցուցակով` դառնալով 4-րդ համարը: Կարապետիչի կուսակցությունը ստացավ մոտ 3 տոկոս, ինչի արդյունքում էլ Արտակ Սարգսյանը զրկվեց խորհրդարանական աշխատանքը շարունակելու հնարավորությունից: Սակայն 2012թ. Սարգսյանն արդեն պատգամավոր ընտրվեց մեծամասնական ընտրակարգով եւ համալրեց ՀՀԿ խմբակցության շարքերը: Ի դեպ, 2008թ. նա պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ըստ մամուլի հրապարակումների` Արտակ Սարգսյանը Քոչարյանի նախագահության շրջանում մտերիմ հարաբերություններ ուներ վերջինիս աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանի օրոք նրա մտերիմը Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանն է: Նկատենք, որ Արտակ Սարգսյանի բիզնեսները, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, միմիայն աճում են: Այդ շարքում հիշատակվում են «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, Next, Debenhams, Baldi, Aldo հագուստի եւ կոշիկի բրենդերի ներկայացուցչությունները Հայաստանում ու Վրաստանում եւ այլն: Այդուհանդերձ, 2012-17թթ. Սարգսյանը պարտաճանաչորեն հաճախել է խորհրդարան` բացակայելով լոկ 36 անգամ: 75 անգամ հրաժարվելով քվեարկություններից` նա կողմ է քվեարկել 844 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 1: Երբեւէ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, իսկ հարցապնդումներով փորձել է խոսել միայն այս տարի, երբ պատասխանում էր իր սուպերմարկետների աշխատողներին ընտրական գործընթացում ապօրինի ներգրավելու մասին մեղադրանքին, այն էլ խոսափողը չաշխատեց:
Կորյուն Նահապետյանը նույնպես ներկայացնում է ՀՀԿ-ն: Նա Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է, եղբորորդու կնքահայրը: Նահապետյանը 1994-98թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, ապա ՀՀ գլխավոր դատախազությունում: Նա եղել է ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2009թ.` մեծամասնական ընտրակարգով: Նահապետյանի գործունեությունը Սերժ Սարգսյանին այնքան է դուր եկել, որ 2016թ. վերջին նրան պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Սարգսյանի՝ նման քայլը թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ Նահապետյանի իրավաբանական փորձառությունը պահանջված է ՀՀԿ-ում: Ավելին` Նահապետյանը ի վիճակի է քաղաքակիրթ հայերենով պաշտպանել իշխանությունների նախագծերը: Այս իսկ պատճառով Նահապետյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից է թիվ 3 ընտրատարածքում: Խորհրդարանում նա կողմ է քվեարկել 831 անգամ, դեմ` 8 եւ 2 անգամ էլ ձեռնպահ: 13 անգամ հրաժարվելով քվեարկությունից` Նահապետյանը բացակայել է 111 անգամ: ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 31 անգամ, հարցերով հանդես եկել 48 անգամ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԻԱՑԵԼ Է ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է, որ մարտի 16-ին մարզպետարանում Հովիկ Աբովյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Նույն կայքում մարտի 20-ին տեղադրված մեկ այլ տեղեկատվության մեջ նշված է «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու որոշման մասին: Այդ որոշման տակ Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ստորագրությունն է: «Ժողովրդի» ունեցած հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի նախընտրական քարոզարշավին: Ճիշտ է՝ Հովիկ Աբովյանը ՀՀԿ համապետական ցուցակի կամ Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածու չէ, սակայն թեկնածու է նրա «կադրը»՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կարեն Նազարյանը: Հովիկ Աբովյանի համար դժվար է լինելու ՀՀԿ-ի համար մեծ թվով քվեներ ապահովելը հենց իր գյուղում՝ Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնք Կողբում: Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին Կողբում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց ոչ թե Հովիկ Աբովյանի նախընտրած թեկնածուն՝ գործող գյուղապետ Արամայիս Աբովյանը, այլ նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը: Բացի այդ` առաջիկա խորհրդարանական ընտրություններում Կողբ գյուղից սերված այլ թեկնածուներ կան՝ ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով ՀՅԴ Տավուշի տարածքային ցուցակում է, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից տարածքային թեկնածու, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապետ Կարապետ Սիմոնյանը: Հավելենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 67-րդ տեղում է Կողբի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Ֆլորա Ջաղինյանը:
27 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ, 900 ԱՇԽԱՏԱՏԵՂ… Ո՞ՆՑ
Մարտի 18-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մշակույթի տան հարակից հրապարակում կառուցված բեմի վրա նախընտրական թեմայով ելույթ ունեցան արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրանց թիկունքում, մեծ էկրանի վրա գրված էր. «Տավուշի մարզ, 2017թ., 27 միլիոն դոլար ներդրում, 900 աշխատատեղ»: Ներդրումների գումարը դոլարով էր գրված, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք արտերկրից են սպասվում: Այս տարվա առաջին եռամսյակն արդեն ավարտվում է, մնացած 9 ամիսներին Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում որտեղի՞ց է 27 միլիոն դոլարի ներդրում կատարվելու, ո՞նց է 900 աշխատատեղ ստեղծվելու: Այս հարցերը վարչապետն իր ծավալուն ելույթում չպարզաբանեց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ՀԱՆՁՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋ
Հ1-ի եթերում երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կազանում պետք է Սերժ Սարգսյանը վերցներ գրիչը Մեդվեդեւի ձեռքից եւ ստորագրեր առաջարկված Մադրիդյան փաստաթուղթը` հայտարարելով, որ ասելիք չունի: Այդ ժամանակ մեզ վրա որեւէ ճնշում չի կարող լինել: Նա գաղտնազերծեց, որ ինքը պատրաստ է եղել ստորագրելու առաջարկվող փաստաթուղթը` ցույց տալով, որ Ադրբեջանն է հրաժարվում` այդպիսով ճնշելով հայր Ալիեւին:
Ըստ նրա. «Միջազգային հանրության առաջարկած ծրագիրը նորմալ բալանսավորված ծրագիր է: Եթե Հայաստանը հայտարարի, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, Հայաստանի այդ պատրաստակամությունից հետո Ադրբեջանը թող փորձի հրաժարվել, դրանից հետո ողջ միջազգային ճնշումը կլինի Ադրբեջանի վրա»: Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ նույն միջազգային հանրությունը լռեց, երբ անցած տարի ապրիլին հայ զինվորներին խոշտանգեցին, դիակները կտրտեցին…
Տեր-Պետրոսյանը երեկ նաեւ ասաց, որ 90-ականների հաղթանակներից գինովցած ասում են՝ ոչ մի թիզ հող: «Ինչպես ստացվեց, որ Հայաստանի բոլոր իշխանությունները դավաճան են, պարտվողական են»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Նա թերեւս մոռացել է, որ ինքն էր անձամբ ասում, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դավաճան են:
Նշենք, որ ողջ զրույցի ընթացքում Տեր-Պետրոսյանը բազում իրարամերժ հայտարարություններ արեց:
Հիշեցնենք, որ այն փաստաթուղթը, որով Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է անխոս ստորագրել եւ «միջազգային հանրությանը» Ալիեւի հետ փաստի առաջ կանգնեցնել, նախատեսում է 6 հետեւյալ սկզբունքները.
-Ադրբեջանի վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի տարածքների վերադարձ:
-Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհում, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովում:
-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի բացում:
-Իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիմքով Լեռնային Ղարաբաղին վերջնական իրավական կարգավիճակի շնորհում:
-Ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքի ապահովում:
-Անվտանգության, այդ թվում նաեւ խաղաղապահ օպերացիաների միջազգային երաշխիքներ:
Թե այս կետերից որն է Հայաստանի օգտին, թերեւս միայն Սերժ Սարգսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին է հայտնի: