«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ ներկայացնում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուների պաշտոնական հայտարարագրերը:
Առանց գույքի
Պարզվում է` ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անշարժ, թանկարժեք եւ շարժական գույք չունի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է պաշտպանության նախարարությունից ստացած 4 մլն 713 հազար դրամ աշխատավարձը, նաեւ ՊՆ-ից ստացած կենսաթոշակը՝ 5 մլն 531 հազար դրամ: Օհանյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 18.5 մլն դրամ:
Գլենդելում տուն ունի, Երեւանում՝ ոչ
ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ ԿԸՀ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից պարզ դարձավ, որ ինքը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում ունի մեկ առանձնատուն, իսկ Երեւանում գրասենյակային մեկ տարածք, որի 60 տոկոսի սեփականատերն է: Շարժական եւ թանկարժեք գույք չունի: Օսկանյանը որպես եկամուտ հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ մոտ 5.5 մլն դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ, 50 հազար դոլար:
Անեկամուտ
ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի: Չունի շարժական եւ թանկարժեք գույք: Նրա դրամական միջոցը կազմում է ընդամենը 25 մլն դրամ: Թեկնածուն եկամուտ չի հայտարարագրել:
Աշխատավարձով յոլա գնացողը
ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ունի երկու բնակարան: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ 7 մլն 621 հազար դրամ եւ Երեւանի Հյուսիսային համալսարանից ստացած 281 հազար դրամը: Նրա դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար եւ 5 մլն դրամ:
Ձեռներեցը
Իսկ «Ռադիո Հայ» ընկերության հիմնադիրների ժողովի նախագահ, ՕՐՕ դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Անդրիաս Ղուկասյանն ունի մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ հողամաս, մեկ վարելահող եւ մեկ ավտոմեքենա: Ղուկասյանը որպես եկամուտ հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած վճարները. «Ռադիո Հայ» ընկերությունից նա ստացել է 960 հազար դրամ, «ՖՄ-105.5»-ից՝ 2 մլն 278 հազար դրամ եւ «Ա-3 Ճարտարապետներ»-ից՝ 1.2 մլն դրամ: Թեկնածուն ունի 4 մլն 438 հազար դրամի չափով դրամական միջոց:
1 մլն դրամով
«Արաբո» ՀԿ նախագահ Մանվել Եղիազարյանը ոչ շարժական, ոչ անշարժ եւ ոչ էլ թանկարժեք գույք չունի: Նա ունի ընդամենը 1 մլն դրամի չափով դրամական միջոց: Թեկնածուն եկամուտ չի հայտարարագրել:
Թոշակառուն
ԱԼՄ-ի նախկին սեփականատեր, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը նույնպես անշարժ, շարժական եւ թանկարժեք գույք չունի: Դրամական միջոցներ նույնպես չունի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ստացած կենսաթոշակը՝ 480 հազար դրամի չափով:
Ռուբլիով ուսուցիչը
ՕՐՕ դաշինքով առաջադրված ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատի միջնակարգ դպրոցի հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Ամալյա Ասատրյանը շարժական, անշարժ եւ թանկարժեք գույք չունի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է ստացած նվիրատվությունները՝ 200 եվրոն եւ 250 հազար ռուսական ռուբլին: Նրա դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ եւ 5500 դոլար:
Գործարարը
«Արամուս» ընկերության տնօրեն Հրայր Ասլանյանը հայտարարագրել է մեկ բնակելի տուն, երկու բնակարան, երկու հողամաս եւ երեք հատ ավտոմեքենա: Նա որպես եկամուտ հայտարարագրել է «Արամուս» ընկերությունից ստացած աշխատավարձը՝ 1 մլն դրամի չափով: Թեկնածուի դրամական միջոցը կազմում է 50 մլն դրամ: Ի դեպ, Ասլանյանը 40 տոկոս բաժնեմաս ունի «ՀՎ-Ագրո» ընկերությունում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՆԴՐԱՆՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Քաղաքացի Ամալյա Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության միջոցով դիմում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` ծայրահեղ վիճկաում հայտնված իր ընտանիքին օգնելու խնդրանքով:
«Կանխավ հայտնելով շնորհակալություն եւ խորը հարգանքները՝ հարգելի՛ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս, դիմում եմ Ձեզ, որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ, որպես հայ քրիստոնյա, որպես Հայրենիքի պաշտպանության համար, սահմանին ծանր վիրավորումներ ստացած, 1-ին կարգի վիրավոր, հաշմանդամ դարձած զինվորի մայր:
Ցավս մեծ է ու խորը: Որդիս՝ Խաչիկ Մեխակի Խաչատրյանը, պատերազմի 1-ին խմբի հաշմանդամ է, կորցրել է կենսական օրգանների մեծ մասը: Ապրում է մեկ երիկամով, մեկ ոտքով, բազմաթիվ վնասվածքներով, ունի բազմանդամ ընտանիք, գործազուրկ կին, թոշակառու ծեր մայր եւ 4 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը հիվանդ է եւ ունի առողջական խնդիրներ: Տղաս չունի տանիք, ապրում է վարձով: Գումար չունենալու պատճառով տան վարձը չենք կարողացել վճարել, հետեւաբար կուտակվել, դարձել է 300.000 դրամ, շուտով ամբողջ ընտանիքը կհայտնվի դրսում: Ընտանիքն ունի պարտքեր՝ հացի, ծխախոտի եւ այլ անհրաժեշտ մթերքների, որը ընդհանուր կազմում է 200.000 դրամ: Չնչին թոշակը, որը տան միակ եկամուտն է, հազիվ հերիքում է կոմունալ ծախսերի համար: Երեխաները սոված են, տկլոր, կինը՝ Լուսինե Գեւոգյանը, 1 մլն դրամ վարկ ունի «Կամուրջ» վարկային կազմակերպությունում: Ցավով եմ նշում՝ որդուս կիսակառույց տունն այդպես էլ մնաց իր կիսակառույց կյանքի նման:
Կյանքից հուսահատություն՝ ընդամենը մի քայլ է մնացել, իրավիճակն այնքան լարված է, որ վախենում եմ նրա անկանխատեսելի քայլերից, հուսահատությունը պատել է նրան: Աղքատության այս խորը ճահճում որդիս օր օրի վրա իրեն հուսալքված է զգում: Ֆինանսական այս ծանր կացությունը ճզմում է նրա հպարտությունը, մանավանդ պարտքերի հարցում: Որդիս սիրեց իր հայրենիքը, պաշտպանեց այն արյան գնով՝ առողջությունը խորը վնասելու գնով, բայց որպես հատուցում ստացավ խեղճություն եւ աղքատություն: Այս ամենի դիմաց ստանում է չնչին թոշակ:
Բազմիցս դիմել եմ Ձեզ, խնդրում եմ որպես հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ օգնե՛ք որդուս ընտանիքին, Ձեր հնարավորության սահմաններում դուրս բերե՛ք նրան այս ծայրահեղ աղքատ վիճակից:
Օգնության ձեռք մեկնե՛ք նրան Ձեր օրհնված եւ սուրբ ձեռքով: Ես համոզված եմ եւ մեծ ակնկալիքներ ունեմ, որ Դուք կկանգնեք Ձեր երկրի պաշտպանի կողքին, այն պաշտպանի, որ իր կյանքը չի խնայել իր երկրի եւ իր ժողովրդի համար:
Հույսի եւ լույսի շողով սպասում եմ Ձեր պատասխանին:
Ամալյա Հայկի Ղազարյան, Գեղարքունի մարզ ք. Գավառ, Ազատության 41/13»:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունը.
եկամուտներ՝ 27 միլիոն 304 հազար 807 դրամ,
այդ թվում՝
թերթերի իրացում՝ 13 միլիոն 307 հազար 015 դրամ,
գովազդ՝ 13 միլիոն 997 հազար 792 դրամ,
ծախսեր՝ 27 միլիոն 240 հազար 089 դրամ,
այդ թվում՝
թերթերի տպագրական ծախսեր՝ 14 միլիոն 348 հազար 040 դրամ,
աշխատավարձ՝ 11 միլիոն 019 հազար 641 դրամ,
այլ ծախսեր՝ 1 միլիոն 872 հազար 408 դրամ,
հարկեր՝ 3 միլիոն 291 հազար 468 դրամ,
այդ թվում՝
եկամտահարկ՝ 2 միլիոն 125 հազար 835 դրամ,
շրջանառության հարկ՝ 1 միլիոն 165 հազար 633 դրամ: