Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոնը, Նորք-Մարաշը, Էրեբունին եւ Նուբարաշենը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը։ Նախընտրական գործընթացների վերաբերյալ մենք զրուցեցինք պատգամավորի թեկնածուի հետ:
-Պարո՛ն Բեգլարյան, Ձեզ օրենսդիր ոլորտում չենք տեսել, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք մուտք գործել այստեղ։ Արդյո՞ք այն Ձեր ուժերի, հետաքրքրությունների շրջանակներում է։
-Ճիշտ եք նկատել, ես վերջին 20 տարիներին աշխատել եմ գործադիր մարմիններում։ Հասկանում եմ, որ խնդիրները բավականին շատ են, եւ հենց գործադիր աշխատանքի փորձ ունեցող մարդը կարող է ճշգրիտ մատնանշել եղած խնդիրներն ու առաջարկել արդյունավետ լուծումներ։ Գիտեմ նաեւ, որ հնարավոր չէ միանգամից բոլոր հարցերը լուծել` պետք է խորությամբ ուսումնասիրել դրանք։
Ես երեւանցի եմ, ծնվել եմ մայրաքաղաքի հիմքը կազմող հին, կայուն տրադիցիաներ ու դիմագիծ ունեցող կենտրոնական թաղամասերից մեկում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ազգուտակով եւ որտեղ անուն, հարգանք, հեղինակություն ձեռք բերելը մի տարվա, ոչ էլ տասնամյակի գործ չէ։ Ես խորքից գիտեմ իմ ընտրողների կարիքներն ու հոգսերը, նրանց կյանքն ու հուզող խնդիրները եւ ի տարբերություն շատերի՝ Երեւանի եւ երեւանցիների հետ շփվել եմ ոչ թե առանձնասենյակից կամ ավտոմեքենայի պատուհանն իջեցնելով, այլ շրջելով քաղաքում, մտնելով բակեր, խոսելով մարդկանց հետ։ Ու ես գնում եմ Ազգային ժողով՝ նրանց հուզող առաջնահերթ հարցերը բարձրացնելու եւ դրանց լուծում տալու համար։
– Եվ որո՞նք են այդ հարցերը։
-Նշեմ դրանցից երեքը։ Ես ավանդապահ ընտանիքից եմ եւ կարծում եմ, որ ընտանիքն է պետության հիմքը, ուստի իմ ուշադրության կենտրոնում են լինելու ընտանիքների ամրապնդմանը եւ զարգացմանը վերաբերող խնդիրները։ Ընտանիքում երեխաների համար շատ կարեւոր է կրթությունը, ծնողների, մեծահասակների համար` առողջապահությունը, արժանապատիվ ծերությունը, երիտասարդների համար՝ սեփական գործ ունենալու հնարավորությունը, փոքր եւ միջին բիզնեսով զբաղվելու մատչելիության ապահովումը։
Այս ուղղություններով աշխատելու եմ լուծումներ գտնել, հանդես գալով առաջարկություններով եւ օրենսդրական նախաձեռնություններով։ Իմ կարծիքով՝ նշածս խնդիրները համընդհանուր են ողջ հանրապետության համար։ Եվ իմ ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու եմ՝ այդ ոլորտներում առաջընթաց ապահովելու համար։
-Բազմիցս մամուլում խոսվեց այն մասին, որ Ձեր եղբայրը՝ Գագիկ Բեգլարյանը, ակտիվորեն աջակցում է Ձեզ այս քարոզարշավի ընթացքում…
-Ընդհանրապես, մեր գերդաստանը խիստ ամուր կապեր ունի, միշտ միասին ենք մտքով ու գործով, մեկիս ձեռքբերումը մյուսի հպարտությունը եւ պատիվն է։ Եղբայրս ինձնից ավելի մեծ փորձ եւ ներդրում ունի պետական աշխատանքի տարբեր ոլորտներում, գրեթե միշտ եղել է ընտրովի շատ կարեւոր պաշտոններում։ Նա ընտրություններում հաղթել է շատ դժվար թեկնածուների, եւ նրա անունը, վաստակը, հեղինակությունն, իհարկե, մեծ օգնություն են ինձ համար` հանդես գալու ընտրողներիս առջեւ եւ նրանց վստահությունը ստանալու։
-Թիվ 4 ընտրատարածքում Դուք ունեք լուրջ մրցակիցներ ինչպես թիմակից, այնպես էլ այլ քաղաքական ուժերից։ Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը։
-Իմ թիմակիցներին ես մրցակիցներ չէի համարի, մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ աշխատել մեր կուսակցության համար։ Իսկ ընդհանրապես ընտրապայքարում ես ոչ մեկի դեմ ոչինչ չեմ անում եւ չեմ պատրաստվում անել։
Խորհրդարանն ինձ համար ժողովրդին ծառայելու մի ճանապարհ է` ավելի լայն ասպարեզում եւ դրսեւորվելու ավելի մեծ հնարավորություններով։ Աշխատելով համաքաղաքացիներիս հետ՝ փորձելու եմ շահել նրանց վստահությունը եւ հնարավորինս շատ ձայներ ստանալ։
-Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին ի՞նչ կպատասխանեք։
-Ամեն ինչ կարելի է ասել, բայց հո ասելով չէ՞։ Համենայնդեպս, մենք չունենք նման խնդիր, որովհետեւ մեր ընտրատարածքում լավ գիտեն Բեգլարյաններին: Եղբայրս եւ ես դեռ 90-ականներից միշտ եղել ենք ժողովրդի կողքին եւ վաստակել ենք մեր ընտրողների վստահությունն ու հարգանքը: Իմ շեշտադրումն ուրիշ է։
Իմ համոզմամբ` տարիների վաստակած հարգանքը, հեղինակությունը, մարդկային հարաբերությունները, ընկերությունը, բարեկամությունն են ամենակարեւորը կյանքում։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում աշխատել եմ ազնվորեն, այն, ինչի հասել եմ, եղել է դժվարություններ հաղթահարելու գնով, եւ միշտ պատվով եմ դուրս եկել բոլոր իրավիճակներից։
Լիլիթ Ավետիսյան