«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անվտանգության ու առաջընթացի, փոխվելու եւ փոփոխվելու մասին Կարեն Կարապետյանի ելույթները «ժիլետների թեւքերի» էֆեկտ ունեցան, քանի որ վարչապետի բարձր վարկանիշը վտանգվեց, իսկ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, չի կարողանում ձայներ ստանալ:
Հիմա նրանց հույսը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են: Ավելին՝ եթե նախկինում «թիվ ապահովելու» պարտականությունը դրված էր պետական մարմինների վրա, ապա հիմա խնդիրը դրված է կոնկրետ ռեյտինգային թեկնածուների առաջ, որոնցից պարբերաբար «թիվ են ուզում»՝ հարցնելով, թե որքա՞ն ձայն կկարողանան ապահովել կուսակցության համար: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածուների ստացած ձայները ինքնաբերաբար անցնելու են ՀՀԿ-ին:
Մյուս կողմից ՀՀԿ-ն փորձում է հասարակական կարծիքը «զոնդաժ» անել՝ հրապարակելով կեղծ «Գելլափ» կազմակերպության սոցհարցումների տվյալները, ըստ որի՝ եթե քարոզարշավի սկզբում առաջին տեղում ԲՀԿ-ն էր, ապա հիմա արդեն ՀՀԿ-ն է առաջատար:
Եվ ահա այսօր էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունները:
Ըստ այդմ` խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունն առաջադրված 9 կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքից ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացածը երկրորդական դեր ունեն:
Համեմատելով պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ ВЦИОМ-ի կողմից իրականացված հարցման արդյունքների հետ՝ Ֆյոդորովն ասաց, որ ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս և նախորդ հարցման ցուցանիշի համեմատ նվազել է 4 տոկոսով:
ՀՀԿ-ն 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ունի առավել արդյունավետ տարածքային ռեսուրս, որի շնորհիվ կուսակցությանը առավել լավ արդյունք է գրանցում իր վարկանիշային թեկնածուների միջոցով։
Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն նաև «Ելք» դաշինքը (6 տոկոս), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5 տոկոս) և «Հայկական վերածնունդ»-ը (4 տոկոս):
Հարցման արդյունքների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական պոտենցիալը հիմնվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (87 տոկոսը վստահում է, 10 տոկոսը չի վստահում):