Լղոզված ձևակերպումներ և շուկայական մտածելակերպ` նախընտրական ծրագրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ուսումնասիրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մշակութային դրույթները: Մենք առանձնացրել ենք ծրագրերի` մի քանի ակնհայտ խոցելի կամ թերի, երբեմն էլ հակամշակութային կետեր: Այս անգամ անդրադարձել ենք «Ելք» դաշինքի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերին:

Այսպիսով՝ «Ելքը» ընտրվելու դեպքում իր ծրագրի «Կրթություն եւ գիտություն» խորագրի ներքո խոստանում է. «Առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը»: Նշյալ կետն այսքանով սահմանափակվում է: Չի բացատրվում` ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվելու, որպեսզի սահմանեն` որն է բարձրաճաշակ եւ որը` ցածրաճաշակ մշակույթը, չի հստակեցվում նաեւ, թե ինչ սկզբունքներով եւ գործիքներով է սահմանափակվելու ցածրաճաշակ մշակույթի քարոզը:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կարծիքով` ծրագրում ներկայացված է լղոզված ձեւակերպում. «Ամեն դեպքում` հարկավոր է մշակել պետական ռազմավարություն եւ որոշել` ինչը քաջալերել եւ ինչը ոչ: Մինչեւ հիմա մենք տեսել ենք ցածրաճաշակ մշակույթի քարոզչություն, մեդալներ, կոչումներ են շնորհվել հենց այդ մշակույթի ներկայացուցիչներին, որոնց պարգեւներ հանձնողը դրել է լուրջ արվեստագետների կողքին` նույն հարթության վրա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:

Այնուամենայնիվ, տիկին Թուխիկյանը կարծիք հայտնեց, որ երիտասարդ, թարմ ուժերը կարող են մշակութային կարեւոր հարցերը բերել օրակարգ:
Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակութային հատվածին: Այստեղ ակնհայտորեն շեշտը դրված է տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի հանրահռչակման վրա. «Մեր նպատակն է մշակութային արտադրանքի եւ ծառայությունների, պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում եւ արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը եւ տարածումը»,-ասված է ծրագրում եւ որպես այդ նպատակով նախատեսված քայլերից մեկը նշված է. «Նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի՝ մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման եւ տարածման գործընթացին»:

Նարինե Թուխիկյանը, խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին, նկատեց, որ թեեւ շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, սակայն առաջնայինը մշակութային բաղադրիչն է. «Օրինակ` ես ունեմ իմ պատկերացումն առ այն, թե ոնց կարելի է մեր մշակույթը հանրահռչակել: Պետք է ունենալ մշակութային հզոր «արտադրություն», այսինքն` պետք է արժեք տաս, հետո նոր մտածես դա լավ փաթեթավորելու մասին: Իսկ տնտեսական բաղադրիչն ապահովելու համար կառավարությունն ինքը պետք է ներդրումներ անի, մտածի` ոնց իր մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնի, օրինակ, պետք է իր գրականությունը ֆանտաստիկ լավ թարգմանի, հետո մտածի դա դրսի շուկայում իրացնելու մասին: Այդ դեպքում տվյալ ստեղծագործությունը երկրին փող էլ կբերի, ճանաչում էլ:

Կամ մենք դրսում ունենք հզոր երգիչներ, պարողներ, որոնք իրենց տաղանդով կարողացել են գրավել աշխարհի բեմերը, ինչո՞ւ ենք մենք նրանց, կոպիտ ասած, «արտահանում» դուրս: Թե չէ հուշանվերների հարցը երկրորդական, երրորդական բան է, հուշանվերների այդ ի՞նչ տեսականի պետք է ստեղծվի, որ աշխարհում մրցունակ լինի, կամ այդ ի՞նչ քանակությամբ»,-ասաց նա:

Ի դեպ, տիկին Թուխիկյանը հիշեց Թումանյանի խոսքերը. «Նա ասում էր, որ մարդիկ այնքան փող են տալիս ընդերքից նավթ հանելու համար, իսկ ի՞նչ պակաս հոր է մարդու հոգին, պետք է պեղել մարդու հոգին, որտեղ լիքը մշակույթ կա, արվեստ կա»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս