ՖՈՏՈ. Չեմ շփվում գրեթե ոչ ոքի հետ. Արփինե Բեկջանյանը հեռացե՞լ է շոու-բիզնեսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփինե Բեկջանյանի` վերջին տարիների պասիվ գործունեությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նա հեռացել է հայկական շոու-բիզնեսից: Վերջինս ավելի հազվադեպ է թողարկում նոր երգեր ու տեսահոլովակներ, ավելի քիչ է հայտնվում շոուբիզնեսյան հավաքույթներին, սակավացել են նաեւ հրավերներն արտերկրից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արփինեն, անդրադառնալով թեմային, նշեց` քանի դեռ ինքը երգում է ակումբներում, նշանակում է` այնքան էլ չի հեռացել ոլորտից. «Չեմ կարող ասել, որ լիարժեք հեռացել եմ շոու-բիզնեսից, քչից-շատից առնչվում եմ այդ ասպարեզի հետ: Գուցե առաջիկայում կարիերաս վերածնունդ ապրի, եւ շոու-բիզնեսի հետ իմ առնչությունները սերտանան, թեեւ կասկածում եմ, քանի որ Հայաստանում դա այդքան էլ հեշտ չէ. մոնոպոլիզացված է ամեն ինչ»,-մեկնաբանեց նա:

Մենք հետաքրքրվեցինք` վերջին մեկ տարում ինչպիսին են Արփինեի հարաբերությունները մեր շոուբիզնեսցիների հետ. «Նրանց հետ կապ չկա, ես չեմ շփվում գրեթե ոչ ոքի հետ: Աշխատանքի բերումով գուցե հանդիպումներ լինում են, բայց այդքանով ամեն բան եզրափակվում է»,-անկեղծացավ երգչուհին:
Իսկ հարցին, թե հետաքրքրության այդ պակասը մասնագիտական, թե՞ անձնական կյանքին է առնչվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թերեւս մասնագիտական: Նոր սերնդի ներկայացուցիչներից, օրինակ, քչերին եմ ճանաչում, չգիտեմ էլ` ով կա ասպարեզում, բայց, իհարկե, ունենք տաղանդավոր երգիչ-երգչուհիներ»:

Ամեն դեպքում` Արփինեն հիմա աշխատում է իր նոր երգի վրա, պատրաստվում է թողարկել նաեւ տեսահոլովակ. «Սպասվում է ոճային փոփոխություն, իհարկե, իմ ամպլուայի մեջ»,-ասաց երգչուհին:

Արփինեն մտածում է նաեւ նոր ձայնասկավառակ թողարկելու մասին. «Դա կլինի իմ` թվով երրորդ ալբոմը` բոլորովին նոր ոճի մեջ: Ինձ հաստատ չեն ճանաչի»,-խոստացավ նա` խուսափելով այլ մանրամասներ հայտնել:

Մեր զրուցակիցը կարծում է, որ երբ նոր հեղինակային երգեր թողարկի, համերգներն ու արտերկրից հրավերներն անխուսափելի կլինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս