Հրապարակ են մտնում ընկեր կոմունիստները. ամենաօրիգինալ ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական խոստումներից ամենաօրիգինալը Կոմունիստական կուսակցության ծրագիրն է: Ճիշտ է՝ այսօր Հայաստանում դժվար է գտնել մեկին, որն իրատեսական կհամարի Կոմկուսի հաղթական ու Խորհրդային անցյալի վերադարձը, հետեւաբար` նաեւ այդ ծրագրի իրականացումը: Բայց քանի որ կոմունիստ ընկերներն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, հետաքրքիր կլիներ իմանալ, թե նրանք ի՞նչ են առաջարկում ժողովրդին:

Նախ փաստենք, որ Կոմկուսի ծրագիրը հակասությունների շարան է. այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, հակասում է այս կուսակցության գաղափարախոսությանը: Էլ չենք ասում ներքին հակասությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ծրագիրը, եւ պարզվեց, որ Կոմկուսի ծրագրում ոչ մի անգամ չի հիշատակվում ժողովրդավարություն բառը:

Նախընտրական խոստումների մեջ այդպես էլ որեւէ խոսք չկա Հայաստանում ժողովրդավարության խորացման մասին: Ավելին՝ կոմունիստները նույնիսկ Հայաստանի երրորդ Հանրապետությունը չեն ընդունում եւ հիմա խոստանում են իշխանության գալու դեպքում այն վերանվանել Հայաստանի Երկրորդ Հանրապետություն: «Մեր ժողովրդի կերտած սոցիալիզմի 70 տարիները շատ ուսանելի դասեր ունեն, որոնք մեր ժողովրդի սխրանքների եւ արարումների պատմությունն են, մեր հայրերի ու մայրերի, ավագ սերնդի անմնացորդ աշխատանքով կերտած հասարակությունը, որը պետք է գնահատել եւ պաշտոնապես ճանաչել որպես Երկրորդ Հանրապետություն»,- ասված է նրանց ծրագրում: Ու ոչինչ, որ Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրության մեջ միանգամայն այլ բան է գրված: Սա Կոմկուսին չի հետաքրքրում:

Կոմունիստ ընկերները գալիս են նոր հեղափոխություն անելու եւ անցյալը վերադարձնելու ծրագրով: Չնայած՝ իրենց նախընտրական ծրագրում նրանք հայտարարել են անհաշտ պայքար բոլոր «գունավոր հեղափոխությունների» եւ արեւմտյան իմպերիալիզմի դեմ: «Ցուցաբերել պատշաճ զգոնություն եւ պայքարել Հայաստանի ներքաղաքական կյանքում Արեւմուտքից ներմուծվող «գունավոր» հեղափոխություններ նախապատրաստող ուժերի ակտիվացման դեմ, քանզի դրանք չեն կարող ծառայել մեր ժողովրդի ազգային շահերին եւ իղձերին»,- խոստացել են ընկեր կոմունիստները: Ի դեպ, չնայած կոմունիստական գաղափարախոսությունն ըստ էության սկիզբ է առել արեւմուտքում՝ Եվրոպայում, բայց, չգիտես ինչու, կոմունիստների պայքարի հիմնական թիրախը տարիներ շարունակ եղել է նույն արեւմուտքը:

Եվ հիմա նրանք բոլոր բացասական երեւույթները կապում են արեւմուտքի հետ: Այդ համատեքստում էլ որոշել են «Հետեւողական պայքար մղել ՀՀ-ում տարատեսակ «արեւմտյան» նորահայտ երեւույթների` համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության եւ մեր ժողովրդի հոգեկերտվածքին ու ավանդույթներին խորթ այլ դրսեւորումների դեմ»: Ափսոս միայն, որ նրանք չեն մանրամասնել, թե ինչպե՞ս են պայքարելու այդ երեւույթների դեմ՝ կրկին քրեականացնելո՞ւ են համասեռամոլությունը, ինչպես ԽՍՀՄ-ում էր, թե՞ պայքարի ավելի դաժան մեթոդներ են կիրառելու, ասենք՝ արտաքսելու են Հայաստանից, չենթարկվողներին էլ կա՛մ ծեծելու են, կա՛մ պարզապես գնդակահարելու: Որ մեթոդն էլ ընտրեն, լուրջ խնդրի առաջ կհայտնվեն թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների մի շարք կոնվենցիաների տակ՝ պարտավորվելով հարգել բոլորի իրավունքները:

Հիմա Կոմկուսի գաղափարախոսության մասին: Ինչպես հայտնի է` սոցիալիզմն իր գոյության ողջ ընթացքում մերժել է մասնավոր սեփականությունը՝ փոխարենը խրախուսելով հանրային սեփականությունը: Իսկ ահա հայ կոմունիստները, ընդհակառակը, այս ամենին զուգահեռ մասնավոր սեփականություն են խոստանում: «Մենք ձգտելու ենք, որ երիտասարդ, նոր կազմված ընտանիքը պետության օժանդակությամբ եւ մասնակցությամբ ունենա իր սեփական բնակարանը»,- ասված է նրանց ծրագրում:

Կոմկուսը չի ժխտում նաեւ տնտեսության մեջ մասնավոր ընկերությունների գոյությունը, այլ ընդամենը խոստանում է բարձրացնել պետության դերը. «Մենք գտնում ենք, որ երկիրը պետք է ունենա զարգացման իրատեսական ծրագրեր, որտեղ կկիրառվեն ինդիկատիվ պլանավորման մեխանիզմները, իսկ պետություն-մասնավոր գործընկերությունը լինի ոչ թե բառակապակցություն, այլ իրական գործիքակազմ»: Եւ, ահա, այս ամենին զուգահեռ՝ կոմունիստները նաեւ խոստանում են կառուցել սոցիալիզմ. «Սոցիալիզմին բնորոշ սոցիալական հիմնադրույթները կվերականգնենք ապագա հասարակարգում, ինչը համահունչ է հայ մարդու բնույթին, նրա ընկալումներին ու ձգտումներին»,- ասված է նրանց ծրագրում:
Կոմկուսի ծրագրային ներքին հակասությունները եւս աչք են ծակում:

Օրինակ՝ «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը: Մեր հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները»,- ասված է այնտեղ: Ուշադրություն դարձրեք՝ սկզբում խոսում են առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու մասին, հետո ասում են, թե այդ հարաբերությունները պետք է կառուցվեն՝ պատմական իրողությունները հաշվի առնելով: Ասել է, թե միեւնույն է՝ նրանք նախապայմաններ են թելադրելու եւ վերջ:

Թվարկումը կարելի է երկար շարունակել: Բայց մեծ հաշվով իմաստ չկա: Իմաստ չկա, որովհետեւ Կոմկուսի երկրպագուները մեր երկրում տարեցտարի պակասում են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս