Ինչու են Նոր Նորքում երիտասարդները ծեծի ենթարկել ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը:

Այսպես, 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ,  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Մյուս երիտասարդն էլ` Հայկազ Չ.-ն, չենթարկվելով ոստիկանի և վերջինիս օգնության հասած եղբոր՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչի օրինական պահանջներին, իրեն պատկանող ավտոմեքենայից վերցրել է գազային ատրճանակը, այն պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել։

Ի դեպ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս