
Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց: Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային ու գարնանային շարֆեր բաժանել. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին քաղաքացիները:
«Ժողովուրդ»-ը նաեւ ունի մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ: Եւ չնայած սրան՝ ԱԺ ՀՎԿ պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը հակառակը պնդեց՝ նշելով. «Դրանք սուտ լուրեր են: Ով ինչ ասես, կարող է լուսանկարել, ուղարկել»: Հիշեցնենք, որ Ամանորին էլ նույն կուսակցությունը մարդկանց նվիրել էր «Հայասի գրուպ» ընկերության կողմից արտադրված ալկոհոլային խմիչք՝ ռոմ, կոնյակ եւ մրգային բնական հյութեր: «Հայասի գրուպ»-ը պատկանում է Արթուր Բաղդասարյանին: