ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սկսել են կասկածել. տնօրենն ուսուցչին կանչել է պարզաբանման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին եւ պարզաբանում պահանջել:

Երեկ գրել էինք, որ Խոզնավար համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահը Հրայր Ալավերդյանն է, որի մեքենայի վրա խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել: Այսինքն` ԲՀԿ-ական Հրայր Ալավերդյանին փորձել էին ինչ-որ բան հասկացնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անձամբ Հրայր Ալավերդյանը հայտնել էր, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, բայց առայժմ կսպասի իրավապահների գործողություններին: Սակայն, ինչպես նկատում ենք, Ալավերդյանների ընտանիքի շուրջ օղակը գնալով սեղմվում է:

Հրայր Ալավերդյանի կինը՝ Արեւիկ Մանգասարյանը, աշխատում է համայնքի դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեւիկ Մանգասարյանը պատմեց, որ իրեն եւս զգուշացրել են՝ եթե Հանրապետական կուսակցությանը ձայն չտա, վատ բաներ կլինեն:

-Տիկի՛ն Մանգասարյան, ի՞նչ է կատարվում, ո՞վ է Ձեզ ասել, որ վատ կլինի, եթե ՀՀԿ-ին ձայն չտաք:

-Խոզնավար համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը, երբ իմացել է, որ ամուսինս՝ Հրայր Ալավերդյանը, համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահն է, մարտի 15-ին ինձ կանչեց դպրոց` իր աշխատասենյակ, եւ սկսեց խոսել վատ լինելուց, թե չի ուզում խնդիրներ առաջանան մեզ համար: Դպրոցի տնօրենը ասում էր, որ լսել է, թե ամուսինս ԲՀԿ-է, եւ ես ՀՀԿ-ին ձայն չեմ տալու:

Ես այդ ժամանակ ասացի, որ նման բան չկա, եւ ինքը՝ որպես դպրոցի տնօրեն, հենց հիմա պետք է ասի, թե ով է իրեն նման կեղծ տեղեկություններ ասել: Դպրոցի տնօրեն Զախարյանը անընդհատ խոսակցությունը տանում էր այնտեղ, որ ինքը չի ուզում՝ որեւէ մեկի համար վատ լինի:

-Ի՞նչ նկատի ուներ դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը՝ «վատ լինել» ասելով:

-Ես էլ իրեն հարցրեցի՝ ինչու պետք է վատ լինի, դպրոցի տնօրեն Զախարյանն ասաց, թե դու այս պահին պետական աշխատող ես, մենք վարձատրվում եք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում:

Տնօրենը նաեւ նշում էր, թե կասկածներ ունի՝ եթե ամուսինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, ուրեմն ես էլ «Բարգավաճից» կլինեմ: Ես տնօրենի աշխատասենյակում հայտարարեցի՝ եթե ես «Բարգավաճին» ձայն տամ, ապա բացահայտ կտամ ու չեմ էլ վախենում ոչ մեկից:

-Եվ ի՞նչ ասաց նա:

-Դպրոցի տնօրենն անընդհատ շեշտում էր, որ չի ուզում վատ լինի, եւ ուզում է՝ վստահ լինի, որ ձայնս տալու եմ Հանրապետական կուսակցությանը: Ես այդ ժամանակ ասացի, թե տալու եմ Հանրապետական կուսակցությանը: Նա հարցնում էր, թե ոնց վստահ լինի: Այդ պահին տնօրեն Զախարյանն ասաց, որ եթե մարզպետ Վահե Հակոբյանից բացի՝ այստեղ որեւէ մեկն ագիտացիա (քարոզչություն) անի, խնդիրներ կունենա: Ես իրեն հարցրեցի, բա դու ինչո՞ւ ես անում, տնօրենը պատասխանեց, թե ձեւը տենց է, դու ինձանից շատ լավ գիտես:

Նա անընդհատ կրկնում էր՝ Մանգասարյա՛ն, ես ուզում եմ՝ քո հարցում վստահ լինեմ, որ հանկարծ մեկը ինձ ասի՝ Մանգասարյանը ՀՀԿ-ին դեմ է քվեարկել, առավելեւս «Բարգավաճի» համար է աշխատում, քարոզ է անում… չեմ ուզում՝ ինչ-որ խնդիր առաջանա:

-Դուք նշեցիք, որ տնօրենի հետ խոսել եք մարտ 15-ին, ինչո՞ւ եք հիմա բարձրաձայնում եւ, առհասարակ, որեւէ մեկին դիմե՞լ եք, որ նման խնդիր է Ձեզ հետ առաջացել:

-Ինչպես հայտնի է՝ երկու օր առաջ ամուսնուս մեքենայի վրա խոտ էին դրել ու շուրջբոլորը բենզին լցրել, ես չեմ ուզում ամուսնուս շուրջ կատարվող դեպքը կապեմ դպրոցի տնօրենի հետ, բայց արդեն բավական է, թող բոլորը իմանան, թե ինչ է կատարվում համայնքում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Խոզնավար համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանի եւ ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ դպրոցի տնօրենը իսկապես նշում է, թե ինչի համար է ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին կանչել իր աշխատասենյակ` ըստ էության պարտադրելով քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Հ.Գ. Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգել էր, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն ենթարկվում վարչապետի հրահանգին:

Քնար Մանուկյան




Լրահոս