ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, որոնցից մեկն էլ Սամվել Բաբայանն է: Ըստ ԱԱԾ-ի՝ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով: Իսկ թե ովքեր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք, ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում:
Որ կատարվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, որեւէ կասկած չի հարուցում: Ի վերջո, բավական է միայն նշել, որ Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, եւ ձերբակալությունը կապ ունի ընտրությունների հետ: Ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման եւ անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել: Ասել է, թե իշխանությունները փորձում են քաղաքական հակառակորդներին այսպես զսպել: Բայց չեն խորշում եվրոպական իրենց գործընկերներին համոզել, թե «մաքուր ընտրություններ» են անցկացնելու:

 

 

 

Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: «Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վատ չի զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար…Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»:

 

 
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել է արձակուրդ: Հատկանշական է փաստը, որ քարոզարշավը տեւելու է մինչեւ մարտի 31-ը, եւ ստացվում է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ, լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության: Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչեւ մարտի 31-ը: Թե ինչպես է Լոքյանն իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ: Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ ու քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո. սա պաշտոնապես: Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով, պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալ Սամվել Հովհաննիսյանը պահնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից մեկին լիցենզիա տրամադրելիս անհարմար վիճակում է հայտնվել: Հովհաննիսյանը քննության նման միջոցառում է իրականացրել ու դիմելով պահնորդական ընկերության ներկայացուցիչներին՝ խնդրել է պատասխանել իր հետեւյալ հարցին. «Եթե զինված մարդիկ մտնեն սուպերմարկետ եւ պահանջեն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ապա ինչ կանեք դուք»: Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ Սէֆիլյանը, եւ որպես օրինակ հենց նրան է մատնանշում: «Ժողովուրդ»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչու է հենց Ժիրայր Սէֆիլյանի անունը տվել: Սակայն հարցը լսելուն պես Հովհաննիսյանը բացականչեց. «Ինչ Ժիրայր Սէֆիլյան… ես ոչ մի հարցերի չեմ պատասխանում: Պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությանը լիցենզիա ենք միայն տրամադրում: Ես ընդհանրապես հարցեր չեմ տալիս ոչ մեկին»,- ասաց ու կախեց լսափողը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այն սպան էր, որ 2015 թվականին ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ մասնավորապես ասելով «…առավոտյան ժամը 20.00»:

 

 

 
ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակը, նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը պետք է կողմնորոշիչ լինի ընտրողի համար: Անկախ Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումներից, դժվար է չհամաձայնել նրա այս պնդման հետ: Հիրավի, արդյոք այսօր Հայաստանն ունի առավել կարեւոր որեւէ այլ խնդիր, քան արցախյան հակամարտության կարգավորումն է եւ հայկական երկու պետությունների անվտանգության ապահովումը: Այս կարեւորագույն խնդիրը, սակայն, այդպես էլ չի դառնում նախընտրական դիսկուրսի գլխավոր թեմա: Տարօրինակ է, սակայն այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից իրականացվող քարոզարշավների, հանրային քննարկումների ու դեբատների ընթացքում անվտանգության հիմնախնդիրների ներկայացումն ու քննարկումը առաջնային տեղում չէ:
Ասֆալտի, բերքի մթերման, ներդրումների կամ ավանդների վերադարձի վերաբերյալ խոստումներից առաջ, թվում էր, սահմանին լարված իրավիճակ ունեցող երկրում ընտրություններին մասնակցող ուժերը պիտի որ հանրությանը ներկայանային նախ եւ առաջ մեր բոլորի գլխին դամոկլյան սրի նման կախված անվտանգության սպառնալիքների չեզոքացման իրենց ծրագրերով: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ներկայացրել է իր հստակ /թեկուզ եւ ոչ ընդունելի/ դիրքորոշումը, իսկ ահա մնացած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում անվտանգության եւ արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված դրույթները կենացային մակարդակից այն կողմ չեն անցնում: Այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչով են մնացած ուժերի մոտեցումներն այս հարցում տարբերվում իշխող Հանրապետական կուսակցության մոտեցումներից:
Ինչու են քաղաքական ուժերը խուսափում անվտանգության հիմնախնդիրների շուրջ առավել խորքային եւ հստակ քննարկումներից. չէ՞ որ նաեւ քաղաքական մարկետինգի տեսանկյունից հենց անվտանգության հիմնախնդիրներն են հանրությանն առավել հետաքրքրում: Այսօր բոլորիս ամենից շատ սահմանից եկող լուրերն են հուզում: Եվ, ի վերջո, քաղաքական ուժերն իրենց քարոզարշավների ընթացքում էլ պիտի որ համոզված լինեին, որ մարդկանց մեծամասնությունն ասում է՝ ինչ ուզում է լինի, միայն խաղաղություն լինի: Քչերն են ասում՝ ինչ ուզում է լինի, մենակ փողոցս ասֆալտվի, ընտրակաշառքս ստանամ, կամ աշխատանքիս խնդիրը լուծվի:
Եվ ուրեմն, ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերը մի կողմից քննադատում «Կոնգրես-ՀԺԿ» պարտվողական ծրագիրը, մյուս կողմից՝ մեղադրում ՀՀԿ-ին ՀԱԿ-ի հետ պայմանավորվածության համար, սակայն միեւնույն ժամանակ այդպես էլ առաջ չեն քաշում արցախյան հիմնախնդրի լուծման իրենց հստակ օրակարգը: Այս հարցը, թերեւս, հռետորական է:




Լրահոս