ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախօրեին Հ1-ի եթերում անդրադառնալով արցախյան հարցի լուծման՝ մյուս քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներին, դրանք որակեց որպես հեքիաթ:

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ հարցի… համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ միայն ՀՀԿ-ն է այդ գծի մեջ: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի արձագանքը Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:
-Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ներկայացված լուծման տարբերակները հեքիաթ են: Դուք լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:
Տաճատ Սարգսյան, «Կոմունիստական կուսակցության» նախագահ -Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի մասնակից, Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով, Ղարաբաղի հարցի ճակատագիրը միայն ղարաբաղցիների ձեռքում է, ազգերի ինքնակողմնորոշման հիման վրա, եւ ուրիշ լուծում չի կարող լինել: Միայն մնում է՝ մենք հանրապետությունով հզորանանք, որպեսզի Ադրբեջանը տեսնի, որ այլ ելք չունի եւ ընդունի Ղարաբաղի ժողովրդի անկախությունը:
Էդգար Առաքելյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու-Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ նախկինում նաեւ պարոն Բաղդասարյանը բազմիցս դիրքորոշումը հայտնել է, որը հետեւյալում է կայանում. պետք է հասնենք նրան, որպեսզի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հարցը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, փոխզիջումների հիման վրա, ուժի կիրառման բացառման սկզբունքով: Դա մեր ծրագրային դրույթներից է:
Արմեն Ռուստամյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար-Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ (հեղ.- նախօրեին) հեռուստահարցազրույցում առաջ քաշած թեզերը նորություն չեն, ինչպես նաեւ նորություն չէ այդ թեզերի վերաբերյալ մեր մերժողական հստակ դիրքորոշումը: 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակ նետած այդ թեզին Հայաստանի ժողովուրդը պատասխանեց ընդվզումով, ինչի արդյունքում էլ նա հեռացավ իշխանությունից: Ինչ վերաբերում է Դաշնակցության մոտեցումներին, արցախյան խնդրում մեր տեսակետը եղել է մշտապես անքննելի, ոչ միայն պարզ հայտարարություններով, այլեւ մեր գործունեությամբ, համաժողովրդական պայքարին մեր մասնակցությամբ եւ մեր հարյուրավոր նահատակներով: Ղարաբաղյան հարցի կարգավորման համար պարզապես պետք է կարդալ Դաշնակցության նախընտրական ծրագիրը եւ Դաշնակցության բոլոր նախորդ տարիների դիրքորոշումը, մեկ բառով ասած՝ այն, ինչ ասել ենք տարիներ շարունակ, շարունակում ենք պնդել՝ զարգանալ չզիջելով:
Արմեն Մարտիրոսյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ-Ես մեկնաբանելու եմ երկու դեպքում միայն՝ մեկը, եթե Հանրապետականն է ինչ-որ բան ասում, ու եթե կոնկրետ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին անունով ինչ-որ բան են ասում:
Անժելա Խաչատրյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ-Մենք հստակ նշում ենք, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, որովհետեւ այս պահին դա ամենագործունակ եւ ամենաճիշտ ֆորմատն է արցախյան հարցի կարգավորման: Մեր կարծիքը միանշանակ է. դա պետք է լինի սիմետրիկ եւ փաթեթային տարբերակով, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային հստակ կողմ:
Նաիրա Զոհրաբյան, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու- «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ ներկայացված է, թե ինչպես ենք մենք պատկերացնում ղարաբաղյան հարցի կարգավորումը: Մենք հաստատ չենք պատկերացնում այնպես, ինչպես ներկայացնում է իմ կողմից շատ հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյանը, մենք պատկերացնում ենք, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, մենք պատկերացնում ենք փոխզիջում միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների: Իսկ թե ինչպես է պատկերացնում «Ծառուկյան» դաշինքը Արցախի հակամարտության լուծումը, մեր նախընտրական ծրագրում գրված է. փոխզիջում միայն կարող է լինել այն դեպքում, եթե փոխզիջման պատրաստ են երկու կողմերը:
Էդմոն Մարուքյան, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածու-Մենք հստակ հայտարարել ենք, որ փոխզիջումների մասին խոսելը աբսուրդ է, այն պայմաններում, որ Ադրբեջանը խոսում է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կանոններով: Մենք ասում ենք, որ «Ելք» դաշինքի իշխանության գալու պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խախտված ռազմաքաղաքական բալանսը պետք է վերականգնվի, որը առաջին երաշխիքը կարող է լինել խաղաղության: Երկրորդը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության զարգացման արդյունքում է, որ մենք կարող ենք Արցախի հարցի հայանպաստ լուծում ունենալ եւ այդ խնդրի լուծումը տեսնում ենք մեր հզորացման մեջ եւ ոչ թե Ռուսաստանում, Ամերիկայում կամ Եվրոպայում:
-Համաձա՞յն եք Մինսկի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանության կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ:
Տաճատ Սարգսյան-Ո՛չ, համաձայն չենք:
Էդգար Առաքելյան-Գիտեք, նախ Մինսկի առաջարկած այդ փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ոչ ամբողջական դրույթներին ենք մենք ծանոթ, գուցե ավելի մանրամասնություններ կան, որոնց մենք ծանոթ չենք: Այդպես ասել՝ համաձայն ենք, թե համաձայն չենք, չենք կարող, քանի որ կարող են լինել դեռեւս չբացահայտված դրույթներ: Պետք է ԼՂ հակամարտությունը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում, դա փաստ է, այլ միջազգային ֆորմատ, որ տիրապետում է ԼՂ հակամարտության բոլոր մանրամասներին, չկա:
Անժելա Խաչատրյան-Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա: Այն, ինչ բանակցվում է, միմիայն պետք է բանակցվի Արցախի Հանրապետության գործուն եւ անմիջական մասնակցությամբ, իսկ արդեն մնացած գործընթացները պետք է լինեն ըստ այդմ: Եւ որոշումը պետք է կատարի Արցախի Հանրապետությունը որպես բանակցային կողմ, եւ որ ամենակարեւորն է՝ մենք նշում ենք, որ փաթեթային սկզբունքով, որովհետեւ փուլային սկզբունքը Ադրբեջանի նման հակառակորդի հետ չի գործելու:
Նաիրա Զոհրաբյան-Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգը: Ես կրկնում եմ՝ քանի դեռ Ադրբեջանը խոսում է բացառապես եւ միայն պատերազմից, եւ քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել խաղաղության օրակարգը, որը ենթադրում է փոխզիջում, որեւէ այլ օրակարգի մասին այսօր խոսելն ուղղակի անիմաստ է:
Էդմոն Մարուքյան-Մենք ասում ենք՝ համաձայն չենք, որովհետեւ այդտեղ կա փոխզիջում, եւ չկա Արցախի Հանրապետության կարգավիճակ, չկա որեւէ բան դրա դիմաց, եւ այն պայթյունավտանգ կարգավորման մի օրինակ է, որի արդյունքում կարող ենք ստանալ մեծ պատերազմ, ուրիշ ոչինչ: Եվ եթե իրենք համաձայն են իշխանությունների հետ՝ կարգավորման մոտեցման հարցում, ես էլի կրկնում եմ իմ միտքը՝ իրենք ինչի՞ն են ընդդիմություն՝ Սերժ Սարգսյանի անձի՞ն, թող մի ցուցակով մասնակցեին, էլի, ես չեմ հասկանում, թե ինչու են առանձին մասնակցում:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՀԱՄՈԶՈՒՄ Է
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Սերժ Սարգսյանը փորձել է համոզել տեղի գործարարներին, որ ներդրումներ անեն Հայաստանում: «Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված եւ ազատ ներդրումային միջավայր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանն ու վկայակոչել ՀԲ «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն՝ ՀՀ-ն 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում, բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Այն, որ Հայաստանում բիզնես սկսելը հեշտացել է՝ կապված ընկերություն հիմնելու եւ այդ ճանապարհին փաստաթղթաշրջանառության առումով, փաստ է: Բայց բիզնեսի առաջ խնդիրներն ու խոչընդոտներն ի հայտ են գալիս հետո՝ գործունեության ընթացքում, եւ մարդիկ շատ հաճախ պարզապես փոշմանում են, որ բիզնես են սկսել: Եւ բացի այդ, եթե Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար այդքան բարենպաստ միջավայր է, ապա հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալները գնալով միայն նվազում են, ավելին՝ ներդրողները Հայաստանից հանում են իրենց կապիտալը: Մի փաստ էլ. 21-րդ դարում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում ամենեւին էլ դժվար չէ այս կամ այն երկրում ներդրումային միջավայրի, գործարարության համար առկա պայմանների մասին տեղեկություններ իմանալը՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանն ինչ է համոզում: Այնպես որ, խաբելը լավ բան չէ:

 

 

ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Հնարավոր է՝ առաջիկայում ավելանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվը: Իսկ այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ ՄԻՊ-ին հատկացնել ավելի քան 75 մլն դրամ: Ի դեպ, ներկայումս պաշտպանի աշխատակազմը բաղկացած է 59 հաստիքային միավորներից, իսկ նախատեսվող փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ընդգրկված աշխատակիցների թիվը կավելանա եւս 27-ով: Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմն ավելացվում է՝ «լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ պայմանավորված», մասնավորապես նախատեսված է ստեղծել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց կողմից ստացվող անհատական բողոքների քննարկմամբ, երեխաների իրավունքների պաշտպանությամբ, զինծառայողներին առնչվող բողոքների քննարկմամբ եւ այլն:

 

 

«ԾԻՐԱՆ»-Ն ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն ընդդեմ ՊԵԿ-ի դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով 2017 թվականի հունվարի 12-ին կայացրած ակտը եւ պահանջելով վերացնել այն: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբներին ՊԵԿ-ը ստուգումների շարք էր սկսել մի շարք սուպերմարկետներում, այդ թվում՝ «Ծիրան»-ում: Եւ, ահա, այդ ստուգումների արդյունքում ՊԵԿ-ն այս ընկերության նկատմամբ տուգանքներ էր սահմանել, ու հիմա ՍՊԸ-ն պահանջում է վերացնել իրավական այդ ակտը:




Լրահոս