ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Հատկանշական է, որ Բաբայանի ձերբակալությունը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թոհուբոհում, ընդ որում, շատ կասկածելի հանգամանքներում: Իսկ դա թույլ է տալիս պնդելու, որ Բաբայանի ձերբակալության իրական շարժառիթները քաղաքական են:

Նախ երեկ առավոտյան ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համակարգի մասեր տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի երկու քաղաքացի: «2017թ. մարտ ամսին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ։ Թե ովքե՞ր են այդ երկու քաղաքացիները, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չէր. նրանց անուններն առայժմ գաղտնի են պահվում:
Արդեն օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Սամվել Բաբայանը: «Մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը: Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։ Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթահրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք: Ներկայումս պարզաբանվում են զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները»,- ասված է ԱԱԾ-ի երկրորդ «սերիայի» հաղորդագրության մեջ:
Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհում Սամվել Բաբայանի ձերբակալությունն ինչ-որ տեղ կարելի էր նաեւ սպասված համարել: Բավական է հիշել, որ նա երկար տարիներ ՌԴ-ում էր, եւ Հայաստան վերադարձավ նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո. սկզբում մեկնեց Արցախ, նույնիսկ այնտեղ հանրահավաք եղավ, Բաբայանն այդ հավաքի ժամանակ ելույթ ունեցավ, քննադատեց իշխանություններին (բացի այդ, նա իշխանություններին քննադատեց նաեւ իր հարցազրույցներում):
Հետո արդեն Սամվել Բաբայանը սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում. ինչպես հայտնի է՝ նա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, իսկ այդ դաշինքում հավաքվել են նաեւ ազատամարտիկներ, ռազմական գործիչներ, իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ: Հիշում եք նաեւ՝ դաշինքը վերջերս զինված միջադեպի կիզակետում հայտնվեց. Ջրառատ գյուղում մարտի 12-ին ու 14-ին բախումներ էին եղել մի կողմից՝ դաշինքի համակիրների, մյուս կողմից՝ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, նրա եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի եւ ՀՀԿ-ական գյուղապետի մերձավորների միջեւ: Անգամ հնչել էին կրակոցներ, եւ ՕՐՕ դաշինքի համակիրներից երեքը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Թեեւ Երանոսյան եղբայրները դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի հետ կարողացել էին հաշտվել, բայց Բաբայանը տարբեր միջոցներով, այդ թվում հրապարակային հարցազրույցներով, բացահայտ հասկացրել էր, որ ինքը չի ներելու տեղի ունեցածը:
Մյուս կողմից, եթե հիշենք՝ դեռ 90-ականների սկզբից Սամվել Բաբայանի ու Սերժ Սարգսյանի, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունները, պարզ է դառնում, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի ներկայությունը Հայաստանի իշխանությունների համար առավել քան անցանկալի է: Այնպես որ, ակնհայտ է՝ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի:
«Ժողովուրդ»-ին Բաբայանի ձերբակալության բուն շարժառիթների վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, իրավապահ մարմիններում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսի ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման եւ անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել:
Բայց այս ամենի մեջ տարօրինակ է քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալել են Բաբայանին: «Իգլա» զենիթահրթիռային համակարգը լուրջ զենք է, որը նախ՝ դժվար է ձեռք բերվում, եւ հետո՝ ի վերջո, ինչպե՞ս կարող էր նախկինում ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանի եւ, ընդհանրապես, ցանկացած մարդու մտքով անցնել Հայաստան մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենք ներմուծել, ու իրավապահներից աննկատ մնալ: Հազիվ թե Հայաստանում կարելի է գտնել այդքան միամիտ մարդու, որը կմտածեր, թե կարող է ապօրինի ճանապարհով զենիթահրթիռային համակարգի մասեր ներկրել ու չբռնվել: Այնպես որ, այս քրեական գործն արդեն իսկ լուրջ հարցականներ է առաջացնում, առավել եւս, որ բուն բերողների մասին ոչինչ հայտնի չէ: Գուցե նրանք ԱԱԾ գործակալնե՞ր են, որոնք Բաբայանի վրա սուտ ցուցմունքներ են տվել, որպեսզի «կոտրվի» դաշինքի մեջքը:
Հավելենք, որ երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ կատարվածը գնահատելով վախի մթնոլորտ տարածելու փորձ: «Ուշագրավն այն է, որ որոշ գործիչների միջոցով, ինչպես նաեւ բացահայտ ու քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը։ Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները եւ համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը»,- ասված է հայտարարության մեջ։
Հ.Գ. Հատկանշական է, որ այս օրերին Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ: Նման միջադեպերի ժամանակ երկրից Ս. Սարգսյանի բացակայելը դարձել է օրինաչափություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԾԻԾԱՂ
Երեկ տեղի ունեցավ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ չնայած կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը, նրան «Սասնա ծռերի» գործի շրջանակներում այս տարվա փետրվարին ՀՔԾ քննիչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ, կալանավորել էին: Ա. Սարգսյանն էլ անժամկետ հացադուլ էր հայտարարել: Երբ տեւական ժամանակ հետո նրա խափանման միջոցը փոխեցին, Սարգսյանի առողջական վիճակը քայքայվել էր, եւ ազատության մեջ նա ապրեց հազիվ 10 օր: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ փորձեց այս թեմայով զրուցել: Ստացվեց այսպիսի ճեպազրույց:
-Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին դեռեւս օգոստոս ամսից բարձրաձայնվում էր: Դուք նշանակվեցիք 2016թ. հոկտեմբերին որպես առողջապահության նախարար, այս ընթացքում Ձեզ չհետաքրքրե՞ց, թե ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ մեկ անգամ չգնացիք այցի: Հնարավո՞ր է` դա քաղաքական որոշում էր:
-Ու՞մ այցելել:
-Արթուր Սարգսյանին:
Ի պատասխան՝ նա սկսեց ծիծաղել ու հեռացավ:

 

 

 

ԵՎՐՈՅՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Այսպես, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն 140 հազար դրամ, մինչդեռ այն 2015 թվականին եղել է 9 մլն 620 հազար դրամ եւ 66 հազար 800 եվրո, որը 2015 թվականին կազմել է 63 հազար 300 եվրո: ԱԳ նախարարը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 873 հազար դրամ: Իսկ նախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի դրամական միջոցը անցած տարի կազմել է 22 հազար 100 եվրո: Նշենք, որ նախարարի տիկնոջ հայտարարագրում աշխատանքի վերաբերյալ ոչինչ չկա նշված:

 

 

ՔԻԹԸ ՄՏՑՐԵՑ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Վաշինգտոնի մամուլի ազգային ակումբում ունեցած ելույթում Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան եւ Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները եւ հիմա համագործակցում են տարածաշրջանում խնդիրները լուծելու համար, այդ թվում նաեւ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Նկատենք, սակայն, որ հայկական կողմի համար մշտապես անընդունելի է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Թուրքիայի ցանկացած ներգրավվածություն այդ երկրի բացահայտ հակահայկական կեցվածքի պատճառով: Միայն թե նախորդ տարվա աշնանից, երբ կարգավորվեցին ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, նաեւ ռուսական կողմը խոսեց այդ երկրի՝ ԼՂ խնդրում ներգրավվածության մասին: 2016թ. հոկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր. «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով ԼՂ-ի ապաշրջափակումը, տարածաշրջանում տնտեսական փոխգործակցությունը, սա կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»:

 

 
ԲԱՑԱՌՈՒՄ Է
Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնեց, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել Է Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանից, ով Բաբայանի մոտ ընկերն է, փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մասին.«Կարծում եմ, որ հենց ԱԱԾ-ն էլ կազմակերպել է, եւ բացառում եմ, որ Բաբայանը այդպիսի պատվեր տված լինի: Սա հատուկ կազմակերպված օպերացիա է Բաբայանի դեմ, որին նախորդել է տեղեկատվական հույժ պատրաստությունը: Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառը ներքաղաքական է եւ որեւէ աղերս չունի «Իգլա»-ի կամ այլ զինատեսակի հետ:

 

 

ՆՎԵՐ «ԱԶՆԱՎՈՒՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այսօր գործադիրը որոշում է կայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Անտառային փողոց N 11/4 հասցեում գտնվող, ավելի քան 668 միլիոն դրամ սկզբնական արժեքով 1224.4 քառ. մետր մակերեսով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան եւ մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:




Լրահոս