ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությանը: Այսօր կվերհիշենք նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի եւ նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանի խորհրդարանական գործունեությունը: Ի դեպ, նրանց երեքի լավագույն ժամանակներն էլ առնչվում են Ռ. Քոչարյանի նախագահությանը:

Վ. Օսկանյանը Հայաստան է եկել 1990-ական թթ. սկզբին եւ անմիջապես ներգրավվել Հայաստանի արտաքին քաղաքականության իրացման գործին: 1992-93թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչությունում, 1993-94թթ. եղել ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության ղեկավար: 1994-97թթ.՝ ՀՀ ԱԳ փոխնախարար, 1997-98թթ.՝ առաջին փոխնախարար: 1993-2008թթ. որպես բանագնաց մասնակցել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններին: 1998թ. ի վեր, շուրջ 10 տարի, Օսկանյանը՝ որպես ՀՀ ԱԳ նախարար, եղել է Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ զինակիցը, պաշտպանել վերջինիս գրեթե բոլոր քայլերը: Օսկանյանը պակաս դերակատարություն չունեցավ նաեւ 2008թ. մարտի 1-ի շրջանում: Նա օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին փորձում էր համոզել, որ մարտի 1-ին անզեն ցուցարարների դեմ Քոչարյանի իրականացրած բռնարարքները եղել են տեղին: Հիշեցնենք, որ հենց Օսկանյանն էր մարտի 1-ի ողջ օրվա ընթացքում հանդես գալիս որպես իշխանության հիմնական խոսնակ:
Օսկանյանի ծառայությունները, սակայն, Սերժ Սարգսյանին այնքան էլ կարեւոր չթվացին, ինչի արդյունքում նրան կրկին նախարարի պաշտոն չառաջարկվեց: Դրանից հետո նա սկսեց ավելի շատ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` հետագայում հանգրվանելով ԲՀԿ-ում: Օսկանյանը ակտիվորեն մասնակցում էր ԲՀԿ-ի «ընդդիմադիրացման» գործընթացին եւ նույնիսկ հավակնում էր դառնալ այդ կուսակցության թեկնածուն 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն «փողերի լվացման» հետ կապված հայտնի պատմությունը այդ ծրագրերը մեկնարկից առաջ արդեն վիժեցրեց: 2015թ. Սերժ Սարգսյանի անձնական հաշվեհարդարը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ուղղակիորեն դիպչեց նաեւ Օսկանյանին, որը հեռացավ ԲՀԿ-ից եւ հիմնեց սեփական կուսակցությունը: Վերջինիս շրջանակներում Օսկանյանը այսօր դաշնակցում է նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի հետ` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչակարգի: Կրկին պատգամավոր դառնալու Օսկանյանի շանսերը, սակայն, այնքան էլ իրական չեն, առավել եւս երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նա պարտաճանաչ օրենսդիր, որպես այդպիսին, չի էլ եղել: 2012-17թթ. նա բացակայել է ԱԺ 589 նիստերից, կողմ քվեարկել 178 անգամ, դեմ` 40, ձեռնպահ` 110: 47 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Օսկանյանը 2 անգամ է ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից, 2 անգամ էլ հանդես եկել հարցապնդումներով:

Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի ծանր հրետանիներից է, որը ՀՅԴ անդամ է 1990 թվականից, իսկ որպես պատգամավոր աշխատել է 1999-2003թթ.: 2003-08թթ. Վարդանյանը եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Ի դեպ, նա նաեւ ստեղծագործում է, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, այս ոլորտում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 1989թ. ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակ, 2006թ. «Անանիա Շիրակացի» մեդալ: Նա ամբողջովին կրում է իր կուսակցության վարած քաղաքականության պատասխանատվությունը, պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, 2008թ. մարտի 1-ից հետո համաձայնել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելուն: Վարդանյանը վերջերս նույնիսկ հայտարարեց, թե բացի ՀՅԴ-ից՝ մնացած բոլորը «շան տղեք են»: Թերեւս նա պիտի կողմնորոշվի` ՀՀԿ-ին նույնպե՞ս այդ պատվին է արժանացնում, թե՞ ոչ` հաշվի առնելով վերջինիս հետ կոալիցիոն գործակցությունը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ լինելով` նա ՊՊԾ գնդի գրավման օրերին կշտամբում էր «Սասնա ծռերին»` պնդելով, որ «զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու»: Ոգեւորիչ է, որ պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարին ու Պնախարարին կախելու քարոզ տանող, բենզինի շշերով իշխանափոխություն իրականացնելու ձգտում ունեցող եւ մայրաքաղաքի հրապարակներում ցույցեր անող կուսակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եկել է այսպիսի համոզման: Թերեւս նրա այդ կարծիքը նոր չէ, եւ դրա արմատները պետք է գտնել նրա խորհրդարանական «դեմ ըլլալով կողմ ըլլալու» գործունեության մեջ: Այսպես՝ նա ԱԺ-ում կողմ է քվեարկել 393 անգամ, իսկ ձեռնպահ` 245: Դեմ լինելով 73 անգամ` նա քվեարկություններից հրաժարվել է 83 անգամ եւ բացակայել 170 նիստերից: Ինչ խոսք, 32 անգամ հանդես է եկել հարցերով եւ 23 անգամ էլ խոսել ԱԺ ամբիոնից:

Ռուբիկ Հակոբյանը 1990-95թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-99թթ. ՀՀ Աժ պատգամավոր, 1999-2000թ.` խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար: 2000թ. նշանակվել է ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում (ՌԴ), պաշտոնաթող եղել 2008թ.` վերադառնալով Հայաստան ու ակտիվ մասնակցություն ունենալով քաղաքական կյանքին: Դուրս գալով ՀՅԴ-ից` նա միացավ «Ժառանգությանը», դարձավ դրա փոխնախագահ, խմբակցության ղեկավար: 2015թ. նա լքեց նաեւ «Ժառանգությունը»` իր քայլը պատճառաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնություններով: 2016թ. նա արդեն գովերգում էր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան` պնդելով, որ դա իրավիճակի հրամայականն էր եւ ոչ ամենեւին պաշտոնների բաժանում: Այդուհետ լուրեր պտտվեցին, որ նա մտադիր է վերադառնալ ՀՅԴ` գալիք խորհրդարանում հայտնվելու ձգտմամբ: Հակոբյանը, սակայն, առաջադրված չէ այս անգամ եւ չի լինի 6-րդ գումարման խորհրդարանում: Ի դեպ, ամիսներ առաջ ԱԺ-ում նա կռվի էր բռնվել «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ, սակայն մեկ ամիս առաջ գործը կարճվեց ՀՔԾ-ում: Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Հակոբյանը կողմ է քվեարկել 388 անգամ, դեմ` 172 եւ ձեռնպահ` 149: 113 անգամ հրաժարվելով քվեարկություններից` նա բացակայել է 141 նիստերից: Ի դեպ, 21 անգամ հարցապնդումներ է ներկայացրել` ԱԺ ամբիոնին մոտենալով 54 անգամ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՏՆՕՐԵՆԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինա Բաղումյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Բանն այն է, որ մարտի 17-ին նշված գյուղի դպրոցի դահլիճում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, հանդիպել է ուսուցիչների եւ ծնողների հետ, ինչի ժամանակ քարոզչություն է իրականացրել: Մինչդեռ քարոզարշավի շրջանակներում նախապես տրամադրված դահլիճների ցանկում չի եղել նշված դպրոցի դահլիճը: Ինչի արդյունքում տնօրեն Բաղումյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինա Բաղումյանի հետ, սակայն նա լսելով հարցը` կոպիտ տոնով փոխանցեց. «Ես հեռախոսով չեմ ցանկանում խոսել: Այդ հանդիպումը ժամը 18.10-15 րոպեին է տեղի ունեցել: Ես պարտավոր չեմ Ձեզ մեկնաբանել: Ուսումնական հաստատությունում քարոզչություն չեն իրականացնում, իսկ հանդիպումը եղել է ժամը 18.00-ից հետո: Մենք ըստ օրենքի ստացել ենք շրջաբերականներ: Հարգելի՛ս, օրենքի սահմաններում քարոզչություն ընդհանրապես իրավունք չունենք անելու, ես տեղյակ եմ եւ հետեւում եմ դրան»: Ապա անջատեց հեռախոսը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց. «Ես երեք օր է, ինչ աշխատանքի չեմ գնում, մի փոքր վատառողջ եմ եւ չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել: Զանգե՛ք պատասխանատուին»: Սակայն, ցավոք, պատասխանատուն, տվյալ դեպքում մարզպետարանի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը, ո՛չ քաղաքային եւ ո՛չ էլ բջջային հեռախոսահամարներին չէր պատասխանում: Հետաքրքրիր է, թե ինչով էր նա զբաղված:
Ի դեպ, Առաքել Մովսիսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերոնշյալ դեպքի հետ կապված նախազգուշացում է ստացել: Ինչպես է վերաբերվում թեկնածուն իր նկատմամբ կիրառված նախազգուշացմանը, Մովսիսյանը արդարացավ. «Մարդ ենք, ամեն պահ էլ կարող ենք սխալվել: Նման հարցեր մի՛ տվեք ինձ, ինչ որ ասել է Մուկուչյանը, հենց այդպես էլ շարժվում ենք. օրենքին համապատասխան են մեր գործողությունները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՀԻՄՆԱՆՈՐԳՎԻ՞
Նախօրեին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում կայացավ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ վերնախավի հանդիպումը բնակչության հետ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը կառավարության ղեկավարին ասաց, որ նրա թիկունքում գտնվող «Անվտանգություն, առաջընթաց» կարգախոսը կարեւոր է հատկապես Տավուշում, որտեղ հարցը վերաբերում է մարդկանց ֆիզիկական անվտանգությանը: Միջպետական ճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը կիսաքանդ է, նույն ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ձգվում է ադրբեջանական դիրքերի դիմաց, այն գնդակոծության համար թիրախ է: Ադրբեջանցիները Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար քարե երկար ցանկապատ են կառուցել, իսկ Հայաստան-Վրաստան ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը գնդակոծությունից անպաշտպան է: Վարչապետին առաջարկեցինք այդ հարցը լուծելու, սահմանամերձ ճանապարհը կրակոցներից անվտանգ դարձնելու համար ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում քարե սալիկներ տեղադրել, կամ ավազի կույտեր փռել, կամ էլ մառախլապատ եղանակին արագ աճող բարդիներ տնկել, որպեսզի միջպետական, սահմանամերձ ճանապարհով երթեւեկը տեսանելի չլինի ադրբեջանական զինուժի համար: Վարչապետը ասաց, որ ինքն էլ է կարեւորում առաջադրված խնդիրը եւ այդ հարցերը քննարկել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որպեսզի համապատասխան լուծումներ գտնեն:

 

 

ՈՎՔԵՐ ԿՀԱՆԵՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ
Համապետական ամեն ընտրություններից հետո տարբեր շինությունների պատերին երկար ժամանակ մնում են արեւից եւ տեղումներից խունացած, մաշված պաստառներ, բաներներ: Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանին հարցրինք, թե ապրիլի 2-ից հետո ո՞վ եւ ե՞րբ է հանելու դրանք: Նա ասաց, որ նախընտրական պաստառներն ու բաներները խելամիտ ժամկետում պետք է հանեն նրանք, ովքեր փակցրել են: Իսկ եթե նրանք չհանեն, այդ գործը պետք է անեն այն համայնքապետարանները, որոնց տարածքում փակցված են այդ քարոզչական նյութերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՆՆՇԱՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 22-ին կազմել է 483.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,04 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.51 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 602.60 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը դարձել է 8.36 դրամ (նվազել է 0.10 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկերի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 269.09 դրամ, ոսկի՝ 19,300.93 դրամ, պլատին՝ 15,125.49 դրամ:




Լրահոս