ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով ՀՀ որոշ նախարարների եւ նրանց ղեկավարած գերատեսչությունների աշխատակիցների մոտ համատարած անգործություն է: Բանն այն է, որ նրանց մեծ մասն առաջադրվել է որպես թեկնածու եւ այս օրերին զբաղված է ընտրական քարոզարշավներով: Բացի այս՝ նախարարներ կան, որոնք արձակուրդից հետ են վերադարձել, սակայն շարունակում են իրենց աշխատանքային ժամերին մասնակցել ընտրական քարոզարշավներին:

«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում թվարկել էր այն բոլոր մարզպետարանների աշխատակիցներին, որոնք խորհրդարանական ընտրություններում առաջադրված են եւ այժմ գտնվում են արձակուրդում:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արձակուրդ է մեկնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, որին տրամադրվել է չվճարվող արձակուրդ: Նա 2017 թվականի մարտի 3-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: Նշենք, որ նորանշանակ փոխնախարարը ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու է: Արձակուրդ է մեկնել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մյուս փոխնախարարը՝ Ջեմմա Բաղդասարյանը: Վերջինիս արձակուրդ մեկնելու պատճառը եւս ընտրական գործընթացներն են, քանի որ նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականը: Ջեմմա Բաղդասարյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը ու լրացուցիչ արձակուրդը եւ 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի մարտի 6-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում է ընդգրկվել Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ:
Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը փետրվարի 21-ից է գտնվում արձակուրդում եւ այն կտեւի մինչեւ մարտի 30-ը ներառյալ: Նրան տրամադրվել է 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասն ու լրացուցիչ արձակուրդը եւ 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարտին Սարգսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես կատարում է կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Տեղեկացնենք, որ Սարգսյանն ընդգրկված չէ ՀՀԿ ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակներում, ուստի այդքան երկար ժամանակով արձակուրդ մեկնելու պատճառներն անհասկանալի են: Այս գերատեսչության մամուլի խոսնակ Լուսինե Նազարյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել էր, որ Մարտին Սարգսյանի արձակուրդ մեկնելը ոչ մի առնչություն չունի խորհրդարանական ընտրությունների հետ:
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը եւս փետրվարի 20-ից գտնվում է արձակուրդում, այն տեւելու է մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: Բնականաբար նրա արձակուրդ մեկնելը անմիջական կապ ունի ընտրական գործընթացների հետ: Նրան տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդը:
ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը արձակուրդում է գտնվում մարտի 13-ից: Այն տեւելու է մինչեւ մարտի 31-ը ներառյալ: Բնապահպանության նախարարին տրամադրվել է չվճարվող արձակուրդ, եւ այն օգտագործվելու է բացառապես ընտրական գործընթացների համար: Արծվիկ Մինասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված է նրա առաջին տեղակալ Սիմոն Պապյանի վրա:
Կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն էլ արձակուրդում է մարտի 6-ից, որը շարունակվելու է մինչեւ մարտի 31-ը ներառյալ: Ի դեպ, նա ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու է: Լեւոն Մկրտչյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը եւ լրացուցիչ արձակուրդը: Մկրտչյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ԿԳ նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նրա տեղակալ Մանուկ Մկրտչյանի վրա: Սակայն մարտի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ արձակուրդում գտնվող Լ. Մկրտչյանը 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասից 2017 թվականի մարտի 20-22-ը ներառյալ հետ է կանչվել: Այսինքն՝ այսօրվանից ԿԳ նախարարը կրկին արձակուրդում է:
ՀՅԴ ցուցակով առաջադրված, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին տրամադրվել էր 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի մարտի 9-21-ը ներառյալ: Նշենք, որ Լոքյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված էր նրա առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: Ապա Դավիթ Լոքյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի մարտի 22-24-ը ներառյալ:
Նշենք, որ այս ընթացքում Լոքյանը զբաղված է ընտրական քարոզարշավով: Օրինակ՝ նա երեկ նախընտրական այց է կատարել Տավուշի մարզ: Եվս մեկ այց էլ դեպի նույն մարզ Լոքյանը կկատարի այսօր: Իսկ մարտի 26-ից նա աշխատանքի է: Ստացվում է, որ քարոզարշավի վերջին շաբաթը նա աշխատանքի է լինելու:
Ընտրական գործընթացների հետ կապված արձակուրդում են նաեւ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 13-31-ը ներառյալ, եւ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ում նույնպես տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 20-31-ը ներառյալ:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոնք ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածուներ են, նախընտրական այս շրջանում արձակուրդում չեն գտնվում եւ քարոզարշավին մասնակցում են հիմնականում ժամը 18.00-ից հետո: Հավելենք, որ ՀՀԿ քարոզարշավի հիմնական դեմքը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նույնպես արձակուրդում չէ, սակայն աշխատանքային ժամերին զբաղված է նախընտրական քարոզարշավներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՒՂԵԿՑԵՑԻՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հուղարկավորությունը: Արթուր Սարգսյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, մշակույթի հայտնի դեմքեր եւ քաղաքական գործիչներ: Հաց բերողին քաղաքացիները սգո սրահից մինչեւ Շահումյանի գերեզմանատուն ուղեկցեցին ծափահարություններով եւ «Արթուրը չի մահացել, Արթուրը զոհվել է», «Փառք Հաց բերողին» վանկարկումներով: Ծափահարություններին միանում էին նաեւ անցորդները: Շահումյանի գերեզմանատանը թաղման արարողակարգի ժամանակ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հաց բերողին թաղում են հատուկ փորված բետոնապատ դամբարանատիպ փոսում, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում Արթուր Սարգսյանի մարմինը տեղափոխեն «Եռաբլուր» պանթեոն:
Վանաձորում Հաց բերողի պատվին երեկ քայլերթ է անցկացվել, եւ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Արթուր Սարգսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից:

 

 
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Այսօր հանրապետության տարածքում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը +11+13 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4; Կոտայքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4; Գեղարքունիքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4; Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +6+10; Տավուշում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13; Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4; Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+12; Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13; Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13; Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4; Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+13; Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+13; Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+8; Արցախում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10:




Լրահոս