Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը այս տարի տոնում է իր բեմական գործունեության 20-ամյակը: Երեխայի ծնունդից հետո շուրջ երեք տարով նա պասիվացրել էր իր աշխատանքը, սակայն հիմա արդեն վերադարձել է նախկին հունին: Քեթրինի հոբելյանը նշանավորվեց Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ: Դերասանուհին առաջին անգամ հանդես է գալիս դասական ժանրում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է իր եւ թատրոնի հարաբերությունների, 40-ի շեմին ունեցած զգացողությունների մասին:
Բացը չէր լրացվում
Երբ 20 տարի առաջ ոտք դրեցի Կամերային թատրոն, խաղացանկն այսքան ընդգրկուն չէր, թեեւ թատրոնը մեծ անուն ուներ: 1998-ին թատրոնի գործունեությունը փոքր-ինչ պասիվ էր: Բանն այն էր, որ սերնդափոխություն էր եղել, եւ իմ ու էլի մի քանի դերասանների մուտքով պայմանավորված` այնտեղ շարժ նկատվեց: Բանը հասավ նրան, որ տարեկան 3-4 ներկայացման պրեմիերա էինք ունենում: Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, քանի որ հանրության կողմից ճանաչվել եմ հենց թատրոնի միջոցով: Ընտանեկան կարգավիճակով պայմանավորված դադար ունեցա, թեեւ ամբողջովին չէի դադարեցրել գործունեությունս, բայց 3 տարի դիտորդի դերում էի: Այդ բացը ոչ մի կերպ չէր լրացվում: Բայց ասեմ, որ դադարս ուղեկցվել է նոր մտահղացումներով: Հուսով եմ` դրանցից գոնե մեկը կկարողանամ այս տարի կյանքի կոչել:
Կախարդական աշխարհ
Այս 20 տարիների ընթացքում վերաբերմունքս թատրոնին նույնն է մնացել: Այն ինձ համար նախկինի պես կախարդական է, երբեմն չեմ հավատում, որ ապրում եմ այդ աշխարհում: Թատրոնն ինձ համար անսահմանության պես բան է: Եթե անընդհատ չբացահայտես թատրոնը քո մեջ եւ քեզ` թատրոնում, երեւի թե անհրաժեշտ կլինի դադարեցնել աշխատանքը:
Ի՞նչ է «խլել» բեմը
Երեւի եթե ես ինձ «բաշխեի» ուրիշ աշխատանքների մեջ, մի շարք կենցաղային հարցեր` թեկուզ կապված ֆինանսականի հետ, ավելի արագ կլուծվեին: Շատ գործեր պարզապես կուլ են գնում արվեստին: Այնուամենայնիվ, իմ վերջնական ընտրությունը միշտ էլ սրտով եմ կատարում, իսկ սիրտս տանում է ինձ թատրոն, այդ ձգողությունը մեծ է: Արդյունքում շատ բաներ տանուլ եմ տալիս: Այնուամենայնիվ, իմ եւ թատրոնի համագործակցությունը փոխշահավետ է եղել, քանի որ երկուստեք բավարարված ենք (ծիծաղում է):
Վերաբերմունքը փոխվել է
Ցավալի է, երբ աշխատանքի մեջ լճացում ես նկատում: Ժամանակին ստացածդ պատվոգրերն ու մեդալները, որոնք տվյալ պահին քեզ ուրախություն էին պատճառել, հետագայում առաջխաղացում չեն ապահովում, քո առջեւ մասնագիտական նոր հորիզոններ չեն բացում: Հաճախ ինքս մոռանում եմ, թե ինչ մրցանակներ եմ ստացել: Եվ եթե տարիներ առաջ ցավով էի վերաբերվում այն հանգամանքին, որ արժանիները հաճախ նման մրցանակների չեն արժանանում, հիմա այդ առումով վերաբերմունքս փոխվել է:
Ներդրումներ են պետք
Կցանկանայի, որ մեր ոլորտում ֆինանսական լուրջ ներդրումներ արվեին: Այսօր հայ թատրոնում կարող ենք ականատես լինել դերասանական լավ խաղի, սակայն տեխնիկական հնարքների, երաժշտական լուծումների, դեկորների, զգեստների առումով աղքատիկ վիճակ է: Մենք ունենք ներկայացումներ, որոնց դեպքում եթե համապատասխան ծախսեր արվեն, հնարավոր կլինի զարմացնել եւ հիացնել հանդիսատեսին:
Ի՞նչ է ուզում կինը 40-ում
Ինձ չեմ ընկալում եւ չեմ զգում այդ տարիքում, փառք Աստծո, ֆիզիկապես էլ փոքր եմ երեւում: Ամեն դեպքում, երբ թատրոնում պարբերաբար սերնդափոխություն է տեղի ունենում, եւ շփվում եմ երիտասարդների հետ, դիսբալանս չի զգացվում: Ինչ վերաբերում է կանացի ցանկությանը, ապա հատկապես այս տարիքում ինձ համար կարեւոր է, որ տղամարդն ունենա հումորի զգացում:
Անուղղելի լավատես
Այսօր մարդկային հարաբերություններում համատարած լարվածություն է զգացվում, որն անդրադառնում է արվեստի մարդու հոգեվիճակի վրա: Ագրեսիվություն, վհատվածություն եւ կիսատ ուրախություն կա բոլորի շրջանում: Բայց ես անուղղելի լավատես եմ եւ բոլոր իրավիճակներում փորձում եմ ժպտալ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՆ
Տարիներ շարունակ Համազգային պետական թատրոնի կոլեկտիվի եւ հանդիսատեսի առջեւ ծառացած է շենք չունենալու խնդիրը (թատրոնը չունի սեփական տարածք եւ գործում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում-հեղ.): Նախորդ տարվա դեկտեմբերին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը մշակույթի գործիչների հետ: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպման շրջանակում խոսեց վերոնշյալ խնդրի մասին, որից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց` լիահույս է, որ շենքի հարցը վերջապես կլուծվի: Դրանից որոշ ժամանակ անց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացվում էր, որ ուսանողները ստացել են առաջարկ. այն վայրը, որտեղ այս պահին գտնվում է Համազգային թատրոնը, այսինքն` թատերական ինստիտուտի մի մասը` իր ներքնահարկով, տրամադրել Համազգային թատրոնին, այնուհետեւ թատրոնը դառնա թատերական ինստիտուտի միջոցառումների հովանավորը. «Մենք` ԵԹԿՊԻ ուսանողներս, դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ եւ ի վիճակի ենք պաշտպանելու ուսանողների իրավունքները»,-ասված էր հայտարարության մեջ: Այս հայտարարությանը հաջորդեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վստահեցումն առ այն, որ թատրոնի շենքի հարցը չի լուծվելու ինստիտուտի հաշվին եւ հակառակը:
«Ժողովուրդ»-ը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում ստացավ խնդիրը. «Որեւէ նորություն չունեմ այս պահին, կարծում եմ` մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չավարտվեն, նորություն չենք էլ կարող ակնկալել: Ու թեեւ մանրամասների չեմ տիրապետում, մեծ ակնկալիքներ ունեմ, որ այդ հարցը պետք է լուծվի, թե ինչպես, չգիտեմ»,-մեկնաբանեց տնօրենը:
Ինչ վերաբերում է ինստիտուտի ուսանողության մտահոգությանը, պարոն Մկրտչյանը նշեց. «Այդ ուսանողները ինֆորմացիայի պակաս են ունեցել: Երբ մենք հանդիպել ենք համապատասխան մարդկանց հետ եւ քննարկել ենք թատրոնի շենքի թեման, առաջինը բարձրացվել է հետեւյալ հարցը` որտեղ եւ ինչպես ենք ուսանողներին ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան բեմով, որը օրը 24 ժամ կլինի նրանց տրամադրության տակ: Ես չեմ կարող ուսանողից բեմ խլել: Մեր առաջարկն էր գտնել ներդնող, ով ֆինանսապես կօգնի կառուցել ունիվերսալ բեմ` հենց ինստիտուտի բակի տարածքում: Դա նախագիծ էր, իսկ ուժի մեջ մտել է, թե ոչ, չեմ կարող պատասխանել»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ