Տարիներ շարունակ Համազգային պետական թատրոնի կոլեկտիվի եւ հանդիսատեսի առջեւ ծառացած է շենք չունենալու խնդիրը (թատրոնը չունի սեփական տարածք եւ գործում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում-հեղ.): Նախորդ տարվա դեկտեմբերին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը մշակույթի գործիչների հետ: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպման շրջանակում խոսեց վերոնշյալ խնդրի մասին, որից հետո
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց` լիահույս է, որ շենքի հարցը վերջապես կլուծվի: Դրանից որոշ ժամանակ անց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացվում էր, որ ուսանողները ստացել են առաջարկ. այն վայրը, որտեղ այս պահին գտնվում է Համազգային թատրոնը, այսինքն` թատերական ինստիտուտի մի մասը` իր ներքնահարկով, տրամադրել Համազգային թատրոնին, այնուհետեւ թատրոնը դառնա թատերական ինստիտուտի միջոցառումների հովանավորը. «Մենք` ԵԹԿՊԻ ուսանողներս, դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ եւ ի վիճակի ենք պաշտպանելու ուսանողների իրավունքները»,-ասված էր հայտարարության մեջ:
Այս հայտարարությանը հաջորդեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վստահեցումն առ այն, որ թատրոնի շենքի հարցը չի լուծվելու ինստիտուտի հաշվին եւ հակառակը:
«Ժողովուրդ»-ը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում ստացավ խնդիրը. «Որեւէ նորություն չունեմ այս պահին, կարծում եմ` մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չավարտվեն, նորություն չենք էլ կարող ակնկալել: Ու թեեւ մանրամասների չեմ տիրապետում, մեծ ակնկալիքներ ունեմ, որ այդ հարցը պետք է լուծվի, թե ինչպես, չգիտեմ»,-մեկնաբանեց տնօրենը:
Ինչ վերաբերում է ինստիտուտի ուսանողության մտահոգությանը, պարոն Մկրտչյանը նշեց. «Այդ ուսանողները ինֆորմացիայի պակաս են ունեցել: Երբ մենք հանդիպել ենք համապատասխան մարդկանց հետ եւ քննարկել ենք թատրոնի շենքի թեման, առաջինը բարձրացվել է հետեւյալ հարցը` որտեղ եւ ինչպես ենք ուսանողներին ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան բեմով, որը օրը 24 ժամ կլինի նրանց տրամադրության տակ: Ես չեմ կարող ուսանողից բեմ խլել: Մեր առաջարկն էր գտնել ներդնող, ով ֆինանսապես կօգնի կառուցել ունիվերսալ բեմ` հենց ինստիտուտի բակի տարածքում: Դա նախագիծ էր, իսկ ուժի մեջ մտել է, թե ոչ, չեմ կարող պատասխանել»:
Աննա Բաբաջանյան