Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալն իր մեջ ուշագրավ տարրեր է պարունակում: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ եւ Երեւանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլեւ պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարների մասնակցությամբ եւ հանձնարարությամբ:

Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին գործի է դրել վարչական ռեսուրսները՝ այն ծառայեցնելով սեփական շահերին: Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց. «Ես հիմա նախընտրական շտաբում եմ, խորհրդակցության եմ: Ձեր հարցերը գրավոր ուղարկե՛ք շտաբին»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցեց, որ ինքը խիստ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Դե, իհարկե»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս