ՖՈՏՈ. Ալբերտ Երիցյանը վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից վարկանիշային կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը:

-Պարո՛ն Երիցյան, ինչո՞ւ տեւական դադարից հետո որոշեցիք վերադառնալ ակտիվ քաղաքականություն:

-Բայց մի՞թե ես երբեւէ դուրս եմ եղել ակտիվ քաղաքականությունից: Իհարկե՝ ոչ: Քաղաքականության մեջ լինելը միայն պայմանավորված չէ քաղաքական, պետական այս կամ այն պաշտոնը զբաղեցնելով: Գտնում եմ, որ քաղաքացու ակտիվ դիրքորոշումը, նրա՝ հանրապետության կյանքով, խնդիրներով հետաքրքրվելն ու զբաղվելը, հասարակական եւ տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելը նույնպես քաղաքականության մեջ լինելու հիմնավորում է:

-Ի՞նչը դրդեց Ձեզ ՀՀԿ-ով ներկայանալ: Ինչո՞ւ հենց այս կուսակցությունով:

-Խնդիրը շատ պարզ է. ես ՀՀԿ-ին երեկ կամ մեկ ամիս առաջ չեմ անդամակցել: Ավելին՝ 2008 թվականին ղեկավարել եմ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցը: Ուստի մեկ այլ քաղաքական ուժի հետ այս ԱԺ ընտրություններում ներկայանալու կամ առաջադրվելու խնդիր պարզապես չէր կարող առաջանալ:

-Ի՞նչ կոնկրետ խնդիրներ եք կարեւորելու ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում:

-Բոլոր խնդիրները մանրամասն շարադրված են ՀՀԿ նախընտրական ծրագրում: Ես, իհարկե, նախ եւ առաջ առաջնորդվում եմ այդ ծրագրով: Իսկ պատգամավորը ներկայացնում է օրենսդիր մարմինը, որը պետք է բարենպաստ դաշտ ապահովի երկրի տնտեսական զարգացման եւ բնակչության բարեկեցության ապահովման համար: Լինելով փորձառու գործարար եւ հասարակության ակտիվ անդամ՝ ինձ համար պարզ է, թե ինչպիսի առաջնահերթ խնդիրներով կարող եմ զբաղվել ապրիլի 2-ից հետո ձեւավորվելիք ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանում:

-Թիվ 2 ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվել եք, մեր հարցումների արդյունքներով պարզեցինք, որ հանրության մեծ մասը տեղյակ չէ, որ Դուք առաջադրվել եք: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս օրերին իրազեկելու ուղղությամբ:

-Չգիտեմ, թե ինչպիսի հարցումներով եք Դուք առաջնորդվում, բայց ինձ համար այդ հարցում ակնհայտ է մեկ բան. նախընտրական փուլի որոշ հարցումների պետք է մոտենալ լուրջ վերապահումներով, քանզի դրանք հաճախ խիստ իրարամեժ են, հետեւապես՝ շինծու: Մեր հարցումներն ուրվագծում են Ձեր ասածից տարբերվող այլ պատկեր… Իսկ իմ նախընտրական շտաբի կողմից իրազեկումն իրականացվում է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ ելնելով ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկություններից:

-Յուրաքանչյուր թեկնածու միշտ հավակնում է ստանալ առավել թվով ձայներ: Եվ դա բնական է: Բայց ամենակարեւորը վերջնական արդյունքն է: Ուստի չեմ ուզում ժամանակից առաջ անցնել եւ առաջարկում եմ համբերությամբ զինված սպասել մինչեւ ապրիլի 3-ը:

-Վերջին օրերին մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Ձեր կուսակից, նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը դիմում է ընտրակաշառքի օգնությանը: Անձնագրային տվյալների հավաքագրումներ է անում: Որքանո՞վ եք իրատեսական համարում նոր ընտրակարգով այս կերպ ձայներ հավաքելու գործելաոճը: Դա կուսակցության վարկանիշի վրա չի՞ ազդի:

-Դրանք զուտ ոչ առարկայական խոսակցություններ են, եւ կարծում եմ՝ հետապնդում են միայն հակաքարոզչական նպատակներ: Համենայնդեպս, ես նման փաստերի չեմ տիրապետում: Սակայն եթե վաղը ի հայտ գան եւ փաստացի արձանագրվեն նման դեպքեր, ապա իրավապահ մարմինները անշուշտ պետք է շատ լրջորեն զբաղվեն դրանցով: Ընտրակաշառք բաժանողները պատք է խստագույնս պատժվեն՝ անկախ կուսակցական պատկանելիությունից կամ զբաղեցրած դիրքից:

Եվ կարեւոր չէ, թե ով է դա կատարում՝ մրցակի՞ցս, ե՞ս, թե՞ երրորդ մեկը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ իմ նախընտրական շտաբը երբեք չի զբաղվել ու չի զբաղվելու անձնագրային տվյալների հավաքագրմամբ կամ այլ «սեւ տեխնոլոգիայով»:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս