ՀՀԿ-ն այնքան ձայն ունի, որքան ժիլետը՝ թևք. ինչ արդյունք սպասել ապրիլի 2-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հանրապետական կուսակցությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները՝ ներքին օգտագործման համար արված սոցհարցումների արդյունքում ՀՀԿ-ի համար տհաճ պատկեր է բացահայտվել. այս կուսակցության վարկանիշը տատանվում է առավելագույնը 10-13 տոկոսի սահմաններում, ավելին՝ եւս մեկ անգամ պարզ է դարձել, որ ՀՀԿ-ն այսօր ամենամերժված քաղաքական ուժն է:

Այդ փաստերը, բնականաբար, լուրջ մտահոգություն են առաջացրել կուսակցության վերնախավի մոտ: Առավել եւս, երբ մինչեւ նախընտրական քարոզարշավի մեկնարկը ՀՀԿ-ում հույս ունեին, վարչապետ Կարեն Կարապետյանի ընկալելի կերպարն օգտագործելով, կկարողանան դրական արդյունք գրանցել եւ փոխել հասարակության վերաբերմունքը: Պատահական չէր, որ Կարապետյանը թեեւ չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում /նա չէր համապատասխանում Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին/, բայց վարչապետի վրա դրվեց նախընտրական քարոզչության ողջ բեռը, իսկ ահա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ից շատերը, ինչպես նկատում եք, գերադասում են քարոզարշավում աննկատ մնալ: Բայց ապարդյուն. քարոզարշավի՝ այս օրերին անվտանգության ու առաջընթացի, փոխվելու եւ փոփոխվելու մասին Կարեն Կարապետյանի ելույթներն իր «ժիլետների թեւքերի» էֆեկտ ունեցան: Դեռ ավելին՝ ՀՀԿ-ի օգտին Կարեն Կարապետյանի քարոզարշավն էական վնաս հասցրեց անձամբ նրա վարկանիշին:

ՀՀԿ-ն որպես կուսակցություն չի կարողանալու ցանկալի թվով ձայներ ստանալ: Հիմա իշխանությունների հույսը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են, այսինքն՝ ՀՀԿ-ն փորձելու է ձայն ստանալ ոչ թե կուսակցության, այլ բացառապես ռեյտինգայինով առաջադրված անհատների հեղինակության հաշվին: Եւ պատահական չէ, որ եթե առաջադրումների ժամանակ ՀՀԿ-ում հիմնական ռեյտինգային թեկնածուների առաջ խնդիր էր դրվել նվազագույնը 3 հազար ձայն ապահովել, հիմա նրանցից ավելի հստակ թվեր են պահանջում, որպեսզի կարողանան «հանրահաշվական գործողություններ իրականացնել»: Ու խոսքը գնում է ոչ թե 3 հազար, այլ շատ ավելի քվեների մասին:

Ընդ որում, եթե նախկինում «թիվ ապահովելու» պարտականությունը դրված էր պետական մարմինների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների, իրավապահ կառույցների վրա, ապա հիմա այդ խնդիրը դրված է կոնկրետ ռեյտինգային թեկնածուների առաջ: Սա նաեւ այն պատճառով, որ ռեյտինգային այս ընտրակարգով քաղաքացին քվեարկելով կոնկրետ թեկնածուի օգտին՝ ինքնըստինքյան ընտրում է այն կուսակցությանը, որի ցուցակում է նա: Եւ արդյունքում ստացվելու է այնպես, որ աշխատելու են թեկնածուները, սակայն ձայնը ստանալու է կուսակցությունը:

Ճիշտ է՝ անհրաժեշտ քվե հավաքելու համար այդ թեկնածուների տրամադրության տակ է դրված պետական ապարատը: Եվ այս օրերին վարչական ողջ ռեսուրսն անխնա ծառայեցվում է ՀՀԿ թեկնածուների օգտին ձայներ ապահովելու նպատակով (դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ցուցակագրման սկանդալն այդ իրողության ապացույցներից մեկն էր): Մյուս կողմից ռեյտինգային թեկնածուներին թույլատրված է անարգել ընտրակաշառք բաժանել, միակ պայմանը հետեւյալն է՝ ամեն ինչ անել անաղմուկ, որպեսզի հետո «չբռնվեն»: Բայց միաժամանակ նրանց վրա է դրված նաեւ ձախողման պատասխանատվությունը:

Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում փորձում են հասարակական կարծիքը նախապատրաստել: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկին՝ մարտի սկզբներին, «Գելլափ» կազմակերպությունը (սա, հիշեցնենք, որեւէ առնչություն չունի Մեծ Բրիտանիայում գործող իրական «Գելլափ» կազմակերպության հետ) հրապարակեց իրենց անցկացրած սոցհարցումների տվյալները, ըստ որի՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր՝ 26 տոկոսով, իսկ ՀՀԿ-ն վարկանիշով երկրորդ տեղում էր՝ 22 տոկոսով, նկատենք, որ նրանց միջեւ տարբերությունը բավական քիչ էր՝ 4 տոկոս: Նախորդ շաբաթ նույն «Գելլափ»-ը հրապարակեց սոցհարցումների նոր տվյալներ, ըստ որի՝ ՀՀԿ-ն արդեն առաջատարն է եւ ունի 30 տոկոս վարկանիշ, իսկ ԲՀԿ-ն երկրորդն է՝ 28 տոկոսով: Երրորդ տեղում էլի «Ելք»-ն էր` 6.1 տոկոս, իսկ ՀՅԴ-ն, որ նախորդ հարցումներով ուներ 3.9 տոկոս վարկանիշ, վերջին հարցումներով արդեն աճել էր՝ 4.8 տոկոս:

Ասել է, թե իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել ապահովել նվազագույնն այդքան քվե, եւ արդեն համապատասխան հրահանգ է իջեցվել թեկնածուներին՝ ամեն գնով շատ ձայներ հավաքել: ՀՀԿ թեկնածուներից շատերն էլ իրենց կողմից ցուցակագրված անձանց հրահանգել է քվեարկության օրը «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը դուրս հանել: Թերեւս այսպես կկարողանան նվազեցնել մրցակցի ձայները՝ ավելացնելով ՀՀԿ-ինը:

Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կլինի ապրիլի 2-ի գիշերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս