ԱԼՅՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

Տեղեկացնենք, որ «Մանանա Գրեյն» ընկերությունը Հայաստանում եւ արտերկրում ճանաչված է որպես հացահատիկի, հատիկային կուլտուրաների մեծածավալ ներկրող, ինչպես նաեւ ալյուր արտադրող, որը շուկայում ներկայացված է «Արմաշ» ապրանքանիշով: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մանանա Գրեյն» ընկերությունը հիմնադրվել է անցած տարվա դեկտեմբերի 21-ին, հիմնադիրն է Գուրգեն Նիկողոսյանը: Սակայն հիմնադրումից 26 օր անց ընկերությունը ֆինանսական դժվարությունների պատճառով հայտնվել է սնանկացման ճանապարհին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվարի 16-ին: Այժմ հայտնի է նաեւ պարտատերերի նախնական ցուցակը, որոնց թվում է «Էմեռ» ընկերությունը: Նշենք, որ «Մանանա Գրեյն»-ը «Էմեռ»-ին պարտք է 0.5 մլն դրամ:
Ի դեպ, անցած տարի Գ. Նիկողոսյանին պատկանող «Մանանա Գրեյն հոլդինգ»-ի մի քանի ընկերություններում՝ Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում, այդ թվում նաեւ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ում, կրճատումներ են եղել: Պատճառը կրկին ֆինանսական խնդիրներն են եղել: Իսկ ալյուր արտադրող «Մանանա Գրեյն» ընկերությունում խնդիրներ առաջացել են Հայաստան ցածր գնով պատրաստի ալյուրի ներկրման հետեւանքով: Դա հարուցել էր բարձր գնով ալյուր վաճառողների եւ ալյուր արտադրողների դժգոհությունը: Ստացվում է, որ այս դեպքում ՌԴ-ից պատրաստի ալյուր ներկրելու արդյունքում է, որ «Մանանա Գրեյն»-ը սնանկացել է:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց «Մանանա Գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի հետ եւ հետաքրքրվեց սնանկացման պատճառների մասին: Զրույցի ընթացքում Նիկողոսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող ընկերությունը (խոսքը «Մանանա Գրեյն հոլդինգ»-ի մասին է) ամբողջովին չի սնանկացել: Միայն ալյուր արտադրող «Մանանա Գրեյն»-ն է սնանկացել, որը հոլդինգի մի մասն է կազմում: «Իհարկե, ֆինանսական խնդիրների պատճառով է սնանկացել եւ ղեկավար կազմի ոչ ճիշտ մենեջմենթի: Սա սխալ տնտեսվարման արդյունք է: Դա իմ մեղավորությամբ է եւ իմ սխալների պատճառով է, որ ընկերության այդ հատվածը սնանկացել է: Այստեղ պետության գործոնը չկա»,- նկատեց Նիկողոսյանը: Սակայն գործարարը շտապեց հույս հայտնել, որ սնանկացած ընկերությունն առաջիկայում ոտքի կկանգնի, կառողաջանա: ««Մանանա Գրեյն»-ը վերանվանվել է եւ դարձել «Մոդուս Գրանում»: Մեր ընկերությունը ցորեն է ներկրում, պատրաստի ալյուր չենք ներկրում: Այժմ «Մոդուս Գրանում» ընկերությունն է դրանով զբաղվում»,- նշեց Նիկողոսյանը: «Ժողովուրդ»-ը պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ «Մոդուս Գրանում» ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին՝ Գուրգեն Նիկողոսյանի կողմից:
«Ժողովուրդ»-ը Գուրգեն Նիկողոսյանին փոխանցեց նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ կապված ալյուրի եւ հացի արտադրության ծավալների նվազման հետ, եւ հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառն ըստ գործարարի:
«Խորհրդային տարիներից սկսած Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ չէ, մենք մեր արտադրածով չենք կարող բավարարել մեր ազգաբնակչությանը: Այս պատճառով էլ մենք միշտ ցորեն ներկրել ենք: Հիմա էլ է ներկրվում, ուղղակի որոշ ընկերություններ սկսել են պատրաստի ալյուր ներկրել, ինչն էլ տեղական ալյուր արտադրողների մոտ լրջագույն խնդիրներ է առաջացնում»,- մտահոգվեց գործարարը: Մեր զրուցակցի պատմելով` ՌԴ-ում ալյուրի հումքը որպես միջազգային ապրանք է վաճառվում, իսկ հումքից արտադրված ապրանքից հանվել է ավելացված արժեքի հարկը: Ինչի արդյունքում այն ռուսական շուկայում զգալիորեն ավելի մատչելի գնով է վաճառվում, քան մեզ մոտ արտադրվածը, որը ավելի բարձր գնով ձեռք բերված հումքից է ստացվել:
Իսկ հացի արտադրության ծավալների նվազումը գործարարը պայմանավորեց ազգաբնակչության թվաքանակի նվազմամբ: «Հացի արտադրության նվազման պատճառ կարող է լինել նաեւ գնողունակության անկումը: Բացի այս` այսօր մեծ է այն տնային տնտեսուհիների թիվը, որոնք հացը պատրաստում են իրենց տներում, այն չեն գնում խանութներից կամ սուպերմարկետներից: Սա նույնպես կարող է իր ազդեցությունը թողնել հացի արտադրության ծավալների նվազման վրա»,- պարզաբանեց Նիկողոսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիման վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում եւ այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնանք էստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, եւ ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,-երեկ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ ոչ բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարիչների ինստիտուտը շատ համարձակ պետք է ստեղծել եւ մեծացնել: Վարչապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժակետում ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

 

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿՐԹԵԼ
Երեկ՝ կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: «Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարեւոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,-նշել է վարչապետը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին ու մարզպետներին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում վերանայել համապատասխան ծրագրերը՝ քննարկումներում լիարժեք ներգրավելով համայնքների բնակիչներին, 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների զարգացման 5-ամյա լավագույն ծրագրերը եւ դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում: Վարչապետը կարեւորել է նաեւ համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթումը: «Գերմանական կառավորության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել»,-ավելացրել է Կ. Կարապետյանը:




Լրահոս