Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի և քաղաքական ուժերի շանսերի մասին ArmLur.am-ը զրուցեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանի հետ:
– Տիկի′ն Եսայան, քարոզարշավի ընթացքը ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ նոր բան կար այս քարոզարշավի ընթացքում:
-Նորն այն էր, որ քարոզարշավն ընթացավ փոփոխված Սահմանադրության եւ «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համահունչ. մասնակից ուժերը գիտակցեցին պահի լրջությունը եւ ընտրապայքարի մեջ մտան` հասկանալով, որ այս ընտրությունը մեր երկրում միակ համապետական ընտրությունն է լինելու, եւ ընտրության արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանը լինելու է մեր երկրի թիվ մեկ ընտրովի, ղեկավար մարմինը։ Նորություն եմ համարում նաեւ դաշինքների առատությունը. սա ապացույցն է, որ քաղաքական ուժերը գնում են միանալու, մեծանալու եւ համախմբվելու ճանապարհով, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում անչափ կարեւոր է լինելու քաղաքական լուրջ կշիռ ունեցող ուժերի դերակատարությունը։
Նորություն եմ համարում նաեւ այն, որ գրեթե բոլոր քաղաքական միավորների ներսում տեղի ունեցավ սահուն սերնդափոխություն, հրապարակ եկան երիտասարդ, գրագետ, հայրենիքի եւ երկրի ապագայի հանդեպ սիրով եւ հոգատարությամբ լցված տղաներ ու աղջիկներ: Սա ուրախացնող է:
Ակնհայտ է, որ բոլոր ուժերը փորձեցին հանրությանը ներկայանալ նաեւ նոր, չվարկաբեկված դեմքերով, թեպետ ոմանք շարունակեցին գնալ հնացած ճանապարհով, ոմանց քարոզում շարունակեց գերիշխել, ներեցեք այս բառի համար՝ «ռաբիսությունը», ընտրողի հանդեպ անհարգալից, ընտրողին ստորադասելու վերաբերմունքը։
-Այս ընտրարշավը առանձնացավ ագրեսիվությամբ` ծեծ, դանակահարություն, կրակոց, ընդհուպ մինչև ձերբակալություն…
– Համամիտ չեմ: Ցավոք, բոլոր ընտրական գործընթացներն ուղեկցվել են նման տգեղ եւ աններելի գործողություններով: Այդ իմաստով սա էականորեն չէր տարբերվում նախորդներից։
-Շփվելով քաղաքացիների հետ` ի՞նչ կանխատեսում ունեք, ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան և ի՞նչ համամասնությամբ:
– Քաղաքացիները հաճախ որոշ ընտրվողներից ավելի լրջմիտ են, եւ իրենց նեղ-ընկերային շրջապատում շատ լավ գնահատում են իրավիճակը: Մարդիկ պարզ տեսնում են քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին եւ արդեն բավարար փորձառություն ունեն իրենց ընտրությունը սթափ եւ ճիշտ կատարելու համար։
Նաեւ որոշ հետազոտություններ, հարցումների տվյալներ հրապարակվեցին, եւ ակնհայտ է` ՀՀԿ-ն այս ընտրարշավի թիվ մեկ ֆավորիտն է: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը մարդկանց վերադարձրեց հույսը եւ վերականգնեց հավատը, ՀՀԿ ծրագիրը գնահատվեց ամենաիրատեսականն ու ազնիվը, ամենակոնկրետն ու հասկանալին: Մեր ուժի իրականացրած քարոզարշավի ընթացքում գերիշխեց սերն ամեն ինչում, չկար նեգատիվը, այո′, մենք գնալու ենք փոփոխությունների էվոլյուցիոն ճանապարհով եւ փոխելու ենք մարդկանց կյանքը. այլընտրանք չկա։
-Տիկի′ն Եսայան, Ձեր ուժի քաղաքական ապագան ինչպիսի՞ն է լինելու, որ ուժի հետ ի՞նչ ձևաչափի համագործակցություն եք տեսնում:
-Արդեն ասացի՝ մենք գնում ենք մեծամասնություն ստանալու եւ կառավարություն ձեւավորելու ճանապարհով: Մարդիկ վստահաբար իրենց ձայնը կտան ՀՀԿ-ին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին, մարդիկ ընտրելու են մեր երկրի անվտանգության ու առաջընթացի ճանապարհը։ Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիաներին, համագործակցությանը, եկեք չշտապենք, նախ թող ընտրողը ասի իր խոսքը. կստանա՞նք բավարար քվեներ` կձեւավորենք կառավարություն Մենք միշտ բաց ենք եղել համագործակցության համար, այսուհետ եւս կլինենք այդպիսին։
Զրուցեց Արփինե Թովմասյանը