«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) առաջադրված Ասատուր Սահակյանը (անձնագրով՝ Ասատուր, շրջապատում՝ Արթուր) բոլորովին վերջերս հանուն ընտրությունների հեռացավ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀԿ-ի քարոզչական կայքում տեղադրված կենսագրությունից տեղեկանում ենք, որ Ասատուր Սահակյանը հեռանալուն պես նոր պաշտոն է ստացել։ Նա փետրվարին նշանակվել է «Գազպրոմ-Արմենիա» ՊՓԲԸ տնօրենի խորհրդական: Նախ՝ «Գազպրոմ-Արմենիան» վաղուց պետական փակ բաժնետիրական ընկերություն չէ, երեւի տնօրենի նորանշանակ խորհրդականն այդ մասին չգիտի։ Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ «Գազպրոմի» կայքում նրա անունը նշված չէ խորհրդականների ցանկում։
Հիշեցնենք, որ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսայի՝ Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Փաստորեն, նրա երբեմնի աշխատակիցը եւս հետեւեց «շեֆի» օրինակին։ Ասատուրը եւ եղբայրը` Արտյոմը, հայտնի են որպես «Վենեցիայի ախպերներ», քանի որ Էրեբունի համայնքում կառուցել են «Վենեցիա» հյուրանոցային համալիրը, համանուն ռեստորանն էլ` Մոնումենտում: Արթուր Սահակյանը հույս ուներ, թե ընտրություններին Մհեր Սեդրակյանն իրեն կօգնի, սակայն այժմ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: