Ինչպես է աշխատել ԱԺ ղեկավարությունը. նրանց անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ավարտի հետ վերջանում է Ազգային ժողովի նախագահի ու նրա տեղակալների պաշտոնավարման ժամկետը: Եվ, թերեւս, ճիշտ ժամանակն է վերհիշելու Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Էդուարդ Շարմազանովի՝ անցած հինգ տարիների գործունեությունը:

Գալուստ Սահակյանը քաղաքական «փառավոր» ուղի է անցել՝ հայտնվելով ՀՀ Աժ խոսնակի դերում: Սահակյանը հայկական համացանցի ամենապոպուլյար գործիչներից է, որի մտքերը, առաջին հերթին իրենց բառիմաստային հակասականությամբ պայմանավորված, զվարճանքի առարկա են: Համացանցում Սահակյանին նույնիսկ մականուն են տվել՝ «մաեստրո»: Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 1995թ., երբ ՀՀԿ-ն դաշնակցում էր ՀՀՇ-ի հետ: Սակայն 1998թ. Սահակյանը շուտափույթ լքեց «Հանրապետություն» միավորումը՝ հանգրվանելով «Երկրապահում»:

1999թ. նա պատգամավոր դարձավ «Միասնություն» դաշինքի կազմում, 2003թ. առ այսօր այդ սխրագործությունը կրկնել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: Սերժ Սարգսյանի կամոք բազմելով ԱԺ նախագահի պաշտոնին՝ Գալուստ Սահակյանը մշտապես պաշտպանել է նրան: Համարվելով ՀՀԿ-ի հիմնադիրներից մեկը՝ Սահակյանը հեշտությամբ հարմարվեց Սերժ Սարգսյանի առաջնորդությանը՝ դրա հետ մեկտեղ ապահովելով իր ընտանեկան բարեկեցությունը: Նրա ավագ որդին Արման Սահակյանն է, ՀՀ ԿԱ պետական գույքի վարչության պետը:

Ի դեպ, երբ Սերժ Սարգսյանը մուտք գործեց ՀՀԿ, արգելեց Գալուստ Սահակյանի որդուն առաջադրվել Աջափնյակի համայնքապետի պաշտոնում՝ բացատրելով, որ ՀՀԿ-ն ոհմակ չէ: Սարգսյանը, սակայն, Գալուստ Սահակյանին ավելի մեծ նվեր մատուցեց` որդուն նշանակելով վերոնշյալ պատասխանատու պաշտոնում: Իսկ ահա Սահակյանի կրտսեր որդին՝ Տիգրան Սահակյանը, այսօր աշխատում է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Հետաքրքիր է, թե ինչպիսի հեշտությամբ է Սերժ Սարգսյանը մոռացել ոհմակի իր գաղափարաբանական նախկին ընկալումը եւ պաշտոններ բաժանում իր շրջապատի հարազատ-բարեկամներին: 2012-17թթ. Գալուստ Սահակյանի խորհրդարանական գործունեությունն էլ հարկ է դիտարկել հենց այս տեսնակյունից` ամեն հարցում Սերժ Սրագսյանի հետ համերաշխ ու նրա առաջադրանքները կատարած: Նա հասցրել է կողմ քվեարկել 886 անգամ, դեմ՝ 10: Ոչ մի անգամ ձեռնպահ չի քվեարկել: 5 անգամ հրաժարվելով քվեարկություններից՝ Սահակյանը բացակայել է 62 անգամ: 1 անգամ հարց է տվել, 21 անգամ էլ ելույթով հանդես եկել ԱԺ ամբիոնից: Այս անգամ Սահակյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 11-րդ համարն է:

Հերմինե Նաղդալյանի խորհրդարանական անցյալը եւս մեկնարկում է 1995թ., որը կրկին 1998թ. «Հանրապետություն» միավորումից ցատկեց «Երկրապահի» գնացքը: 1999թ. «Միասնություն» դաշինքով դառնալով պատգամավոր` Նաղդալյանը մինչ օրս վայելում է մանդատի ընձեռած արտոնությունները: Նաղդալյանը նույնպես այն գործիչներից է, որի համար էական չէ իշխանության կրողի քաղաքական ու գաղափարական տեսլականը, այլեւս անհնար կլիներ ողջ գիտակցական կյանքում իշխանության մաս լինելու այդ տենչը, որ համակել է ՀՀԿ-ի մեծամասնությանը: Նաղդալյանը նույնպես երբեւէ չի շեղվում Սերժ Սարգսյանի պաշտպանության ուղեծրից:

Նա չխորշեց անգամ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո բառացիորեն հայտարարել. «Մենք ասել ենք, որ գնում ենք փոխզիջման եւ ասում ենք, որ մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ այն Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդ: Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար»: Նկատելի է, որ Նաղդալյանը քաղաքական դաշտում համարվում է «բիզնես լեդի», որի ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է գրել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նաղդալյանը 22 տարի է՝ բացառապես Աժ պատգամավոր է, որը Սահմանադրությամբ գործարարությամբ զբաղվելու իրավունք չունի, Նաղդալյանի բիզնեսների մասին հրապարակումները վաղուց պետք է գրավեին իրավապահ մարմինների ուշադրությունը: Թերեւս իշխանության ջրաղացի մատուցած առավելություններն էլ պայմանավորել են Նաղդալյանի խորհդարանական «պայծառ» գործունեությունը. կողմ` 792, դեմ` 9, ձեռնպահ` 1: Նա 20 անգամ հրաժարվել է քվեարկություններից, 141 անգամ էլ բացակայել: 15 անգամ հանդես գալով հարցապնդումներով` Նաղդալյանը ելույթ է ունեցել 27 անգամ: Նաղդալյանը նույնպես հայտվել է ՀՀԿ-ի ցուցակում` 12-րդ հորիզոնականում:

ԱԺ մյուս փոխնախագահը Էդուարդ Շարմազանովն է՝ ՀՀԿ-ի նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի լավագույն կադրերից մեկը, 2005-07թթ. նրա օգնականը: 2007թ. ի վեր Շարմազանովը ՀՀ Աժ պատգամավոր է, իսկ 2012թ. դարձել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամլո խոսնակ:

Շարմազանովը նույնպես երբեւէ չի զլացել հրապարակավ պաշտպանել Սերժ Սարգսյանին` ամենավերջին բնութագրումները հասցեագրելով վերջինիս իշխանավարությանը սպառնացող ցանկացած քաղաքան ուժի: 2015թ. փետրվարին Շարմազանովը Ծառուկյանի դեմ ՀՀԿ-ի քաջարի գրոհայիններից էր. «Մենք քրիստոնյա ենք, բայց «Սուրբ գրքում» հստակ գրված է՝ խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում: Հանրապետականը իննսուն թվականին ստեղծվել է ոչ թե նրա համար, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ մարգարեների տեղ դնեն, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ փրկիչների տեղ դնեն: Հայտնի հռետորն ասում էր, որ գնդակը իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն գնդակին»,- ասում էր նա:

Շարմազանովի ունեցվածքի մասին մամուլում նույնպես հրապարակումներ եղել են` նրան վերագրելով մի շարք բիզնեսներ: Հատկանշական է հատկապես նրա դերակատարությունը Ալավերդիում, որի քաղաքապետի պաշտոնի համար նույնիսկ նա առաջադրել էր իր թեկնածությունը: Իսկ 2017թ. ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ցուցակի 7-րդ համարն է: ԱԺ-ում Շարմազանովը առավել քան դասական ՀՀԿ-ական է. կողմ՝ 895, դեմ՝ 9 եւ ձեռնապահ՝ 1: Նա բացակայել է ԱԺ 54 նիստերից` քվեարկությունից հրաժարվելով 4 անգամ: Միաժամանակ ելույթ է ունեցել 33 անգամ, հարցերով հանդես եկել 12 անգամ:

Ն. Հովսեփյան




Լրահոս