Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից:
Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ որոշ տնտեսվարողներ ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում խուսափել հարկերի վճարումից. «Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք»:
Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը, ՊԵԿ-ի մյուս ստորաբաժանումների հետ համատեղ, նման մի շարք դեպքեր է բացահայտել, երբ տնտեսվարողները, թաքցնելով իրացման շրջանառությունը, խուսափել են ԱԱՀ գծով հարկային պարտավորությունների կատարումից: Այսպես, ««Հավիցա» ՍՊԸ-ն, զբաղվելով ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից սննդային ձվի, ցորենի և թռչնամսի ներմուծմամբ և իրացմամբ, 2016թ. ընթացքում հարկային տեսչություն է ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հաշվարկ-հաշվետվություններ՝ խուսափելով ԱԱՀ-ի գծով 28 միլիոն 104 հազար դրամի հարկային պարտավորությունների կատարումից»:
Ըստ Սամվել Սինանյանի, հետագայում պարզվել է, որ «Հավիցա» ընկերությունը փաստացի ղեկավարող Արմենակ Խաչատրյանը ստեղծել է այլ ընկերություններ ևս: «Տեղական» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեության արդյունքում խուսափել է 16 միլիոն 592 հազար դրամի, «Գնդեվազի թռչնաֆաբրիկա»-ն՝ 3 միլիոն 736 հազար դրամի չափով հարկերի վճարումից, իսկ «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ին՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ առաջադրվել է լրացուցիչ բյուջե վճարման ավելի քան 73 միլիոն դրամի պարտավորություն:
ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ համատեղ նախաքննություն կատարելու համար:
Օրինախախտներին առաջադրվել է խոշոր չափի լրացուցիչ հարկային պարտավորություն:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնությնա հետ կապերի բաժին