ՖՈՏՈ. Անհայտ գործունեությամբ տիկինը «Ծառուկյան» դաշինքից ՀՀԿ է տեղափոխվում. իշխող կուսակցությունը նո՞ր մարտավարություն է մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Նարինե Առաքելյան անունով մի քաղաքացի հայտարարություն տարածեց «Ծառուկյան» դաշինքը լքելու մասին:

Կարճ հայտարարության մեջ ասվում է. ««Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝  Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի

վարկանիշային թեկնածու

Նարինե Վալոդյայի Առաքելյան

31.03.2017թ.»:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սույն քաղաքացին նպատակադրվել է անդամակցել «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը: Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն փորձում է այսկերպ «Ծառուկյան» դաշինքին ապացուցել, որ եթե վերջինս ըմբոստանա, թիմին կտանի: Թեև Նարինե Առաքելյան անունով այս տիկնոջ գործունեությունը հայտնի չէ, և չգիտենք` նա որ արժանիքի համար է ճամբարից ճամբար թռչում:




Լրահոս