ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժինը ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից եւ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից:
Ըստ ՊԵԿ-ի՝ թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Տեղական» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեության արդյունքում խուսափել է 16 մլն 592 հազար դրամի չափով հարկերի վճարումից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Տեղական» ընկերությունը դեռեւս անցած տարվա մայիսի 20-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Պարզվեց նաեւ, որ ընկերությանը սնակ ճանաչելու պահանջով անցած տարվա ապրիլի 21-ին նշված դատարան է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Բանն այն է, որ «Տեղական» ընկերությունը «Գազպրոմ Արմենիային» պարտք է ավելի քան 56 մլն դրամ: Ասել է թե ՊԵԿ-ը տուգանել է արդեն իսկ սնանկացած ընկերությանը: