Անցած շաբաթ հօգուտ ՀՀԿ-ի ցուցակագրումներ կատարած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները մեծ աղմուկ բարձրացրին եւ եւս մեկ անգամ փաստեցին, որ իշխող կուսակցությունը նախընտրական շրջանում գործի է դնում իր վարչական լծակները: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, ՀՀԿ-ն այդ առնչությամբ հադես եկավ հայտարարությամբ եւ առանց որեւէ քննադատական խոսքի փորձեց կոծկել տեղի ունեցածը:
«Ժողովուրդ» օրաթերթը հանրապետական նախարարներից հետաքրքրվեց, թե ինչպես են իրենք վերաբերվում այդ տնօրենների ցուցակագրումներին, եւ արդյոք իրենք եւս նման ցուցակագրումներ չեն կատարել:
Իգնատի Առաքելյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար
-Պարո՛ն Առաքելյան, որպես Հանրապետական կուսակցության անդամ, Դուք եւս չե՞ք դատապարտում ՀՀԿ-ի համար ցուցակագրումներ կատարած տնօրենների արարքը:
-… (լռում է):
–Գուցե արձագանքե՞ք, ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց արարքը:
-… (ժպտում է):
-Փաստորեն ժպիտով: Իսկ Դուք նման հրահանգ ստացե՞լ եք:
-Ո՛չ:
Վահան Մարտիրոսյան, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք էլ եք ՀՀԿ-ի անդամ, թեպետ որպես կուսակցական ակտիվություն չեք դրսեւորում, այնուամենայնիվ, որպես կուսակցական եւ որպես քաղաքացի ինչպե՞ս եք վերաբերվում այդ տնօրենների արարքին:
-Որպես կուսակցական խնդրում եմ՝ դիմեք կուսակցություն, թող կուսակցությունը պատասխանի, եթե ինձ եք ուղղում…
-Այո՛, բնականաբար հարցը հենց Ձեզ է ուղղված…
-Ոչինչ, թող իրենք պատասխանեն:
-Ինչպե՞ս, Ձեր փոխարեն պատասխանի կուսակցությո՞ւնը, նրա՞նք Ձեր տեսակետն արտահայտեն:
-Այո՛, ինչ է եղել, թող իրենք պատասխանեն:
-Կուսակցությունը հայտնել է իր դիրքորոշումը եւ փոխանակ թեկուզ ձեւական քննադատի տնօրենների այդ արարքը, փորձում է արդարացնել: Ձեր կուսակցությունը խրախուսո՞ւմ է ցուցակագրման նման գործեալաոճը:
-Չեմ կարծում: Կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է եւ իր դիրքորոշման համար եթե հարց ունեք, դիմեք կուսակցությանը:
-Իսկ Ձեզ հրահանգե՞լ են ցուցակներ ներկայացնել:
-Ի՞նչ ցուցակներ:
-ՀՀԿ-ին ընտրողների ցուցակներ:
-Ո՛չ:
Սուրեն Կարայան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
-Պարո՛ն Կարայան, 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տնօրենների կողմից կատարված ցուցակագրումները:
-Տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում:
-Տեղյա՞կ չեք: Այդ տնօրենների մասնակցությամբ ձայնագրությունները մեծ աղմուկ բարձրացրին, Ձեր կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, լրատվամիջոցները բառացիորեն հեղեղված են այդ մասին նյութերով, եւ հիմա Դուք ասում եք, թե տեղյակ չե՞ք: Դուք մամուլ չեք կարդո՞ւմ:
-… (լռում է):
-Այդ դեպքերից հետո Ձեր կուսակցության պատգամավորության թեկնածուներից եղան մարդիկ, ովքեր խոստովանեցին, որ իրենց տվել են ցուցակներ: Ձեզ, որպես գերատեսչության ղեկավարի, հրահանգե՞լ են ցուցակագրումներ կատարել, թեկուզ աշխատանքից հետո:
-Ո՛չ:
-Իսկ Դուք ինքնակամ հրահանգե՞լ եք Ձեր ենթականներին, որ ընտրեն Հանրապետական կուսակցությանը:
-Ո՛չ, ո՛չ:
Վարդան Արամյան, ՀՀ ֆինանսների նախարար
-Պարո՛ն Արամյան, կարծում եմ՝ Դուք ծանոթ եք տնօրենների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրություններին, որոնցում տասնյակ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ցուցակագրումներ են կատարել: Իսկ Դուք ցուցակներ ներկայացրե՞լ եք ՀՀԿ-ին:
-Ո՛չ:
-Պարո՛ն Արամյան, Դուք, համեմատած Ձեր մյուս գործընկերների, վաղուց է, ինչ ՀՀԿ-ի անդամ եք: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքներդ հրահանգե՞լ եք, որ Ձեր ենթակաները ընտրեն ՀՀԿ-ին:
-Ո՛չ, բացարձակապես, ուղղակի մենք ասում ենք, որ դուք ընտրեք ձեր խղճի թելադրանքով եւ ձեր գիտակցությամբ:
-Լավ, տեղի ունեցածին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես ամբողջությամբ այդ միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, հետեւաբար որպես ֆինանսների նախարար չեմ կարող մեկնաբանել, դա իմ մանդատի ներքո չէ: Իսկ որպես քաղաքացի ասում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է անի այն, ինչ որ օրենքով իրեն թույլատրված է:
Վահագն Հակոբյան