Դատախազը հոռոմցիներին հորդորել է ընտրել ՀՀԿ-ի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակչից ահազանգ ստացավ, այն մասին, որ նախօրեին իրենց գյուղում «10 հազար դրամականներ է բաժանվել բնակիչներին»:

«Ժողովուրդ»-ին զանգահարած հոռոմցին (հարգելի պատճառներով չենք հրապարակում նրա անունը) հայտնեց նաեւ, որ «գումար բաժանողները գյուղի բնակիչներն են եղել՝ Գագիկ Զատիկյանն ու Զորո Մուրադյանը»: Ըստ քաղաքացու՝ «գումարը բաժանվել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի եւ Մուշեղ Պետոյանի համար»: Հոռոմցին

«Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ «Հոռոմի բնակիչների անձնագրային տվյալները վաղուց հավաքագրվել են, իսկ հիմա բաժանվում է դրա դիմաց խոստացված գումարները»: Բացի այս՝ Հոռոմի բնակիչը հայտնեց նաեւ, որ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը ծնունդով Հոռոմից է, տեղի բնակիչներին հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»: «Դատախազը հոռոմցիներին ասել է՝ ՀՀԿ-ին ձայն տվեք, որ ես դատախազ մնամ, ձեզ օգնեմ: Թե ինչում պետք է օգնի, ես չգիտեմ, գիտի՝ մարդասպան ենք»,- վրդովված նկատեց քաղաքացին:
Ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախ Հոռոմի ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանի հետ:

-Պարո՛ն Պասկեւիչյան, «Ժողովուրդ»-ը ահազանգ է ստացել այն մասին, որ «Հոռոմում գումար է բաժանվել՝ Մարտուն Գրիգորյանին եւ Մուշեղ Պետոյանին ընտրելու համար»…

-Էրթանք, տեսնենք, մենք էլ վերցնենք (ծիծաղում է-Ս.Հ.): Նման բաներ չկա մեր գյուղում:

-Ըստ ահազանգի՝ գումար բաժանողները եղել են Զորո Մուրադյանը եւ Գագիկ Զատիկյանը, ով Ձեր տեղակալի եղբայրն է:

-Իրենք ի՞նչ կապ ունեն այդ մարդկանց հետ (նկատի ունի պատգամավորության թեկնածուների հետ): Տեղյակ չեմ:

-Տեղյա՞կ չեք, թե ինչ է կատարվում Ձեր ղեկավարած գյուղում…

-Ես մեր գյուղի իրավիճակին ընդհանրապես շատ լավ տիրապետում եմ, ուրեմն նմանատիպ հարցեր մեր գյուղում չի քննարկվում:

-Իսկ Գագիկ Զատիկյանը, ով Ձեր տեղեկալի եղբայրն է…

-Ես տեղյակ չեմ, նման բան չկա: Ես ճանաչում եմ այդ մարդկանց, բայց իրենք ըտենց բաներ չեն էնում: Էն մեկը կաթի գործով է զբաղվում, մյուսն էլ՝ գեղի աշխատող տղա է ու իր գործին է:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանի հետ:

-Պարո՛ն Պետոյան, «Ժողովուրդ»-ին ահազանգել են, որ Ձեզ ընտրելու համար «գումար է բաժանվում Հոռոմում: Իսկ գումար բաժանողները Զորո Մուրադյանն ու Գագիկ Զատիկյանն է»…

-Դուք հավատո՞ւմ եք: Ես չեմ պատրաստվում նույնիսկ մեկ կոպեկ գումար բաժանել: Բացառվում է դա: Էնքան բաներ ունեմ արած էդ տարածաշրջանի համար, որ գումար բաժանելու կարիք էլ չունեմ:

-Գագիկ Զատիկյանին, Զորո Մուրադյանին էլ չե՞ք ճանաչում…

-Գագիկ Զատիկյանին ճանաչում եմ. պարկեշտ ու լուրջ, աշխատասեր մարդ է, իսկ Գագիկ Զատիկյանը ԲՀԿ անդամ է, ինչպե՞ս կարող է ինձ համար գումար բաժանել:

Հ.Գ.- 1. «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազի հորդորների ահազանգի առնչությամբ դիմեց դատախազություն` պարզաբանման ակնկալիքով: Սակայն դատախազությունից պահանջեցին հարցը գրավոր ուղարկել: Ուղարկեցինք, սակայն պատասխանեցին մեկ նախադասությամբ. «Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»: Դե, իհարկե:

Հ. Գ.- 2. Իսկ պատգամավորության մյուս թեկնածուն՝ Մարտուն Գրիգորյանը, երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս