Հայաստանում բենզինը կրկին թանկացել է՝ 10 դրամով: Armlur.am-ը արձանագրեց, որ ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամով, սուպեր տեսակինը՝ 420 դրամով:
Բենզինի գնի բարձրացումը Armlur.am-ը փորձեց պարզել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Հարցին՝ ինչու է բարձրացել բենզինի գինը, ՏՄՊՊՀ-ից հայտնեցին. «Գնագոյացման շղթայում փոփոխություն է տեղի ունեցել ձեռքբերման գնի բարձրացման հետ կապված, ինչն էլ անդրադարձել է բենզինի սպառման գնի վրա»:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բենզինի սպառման գինը 350 դրամից իջավ՝ դառնալով 330 դրամ: Ապա՝ այս տարվա հունվարի 27-ից այն կրկին թանկացավ. ռեգուլյար տեսակի բենզինի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, փետրվարի 10-ին՝ եւս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի գինը բարձրացել է 50 դրամով՝ կազմելով 380 դրամ:
Ի դեպ, նկատենք, որ թանկացել է նաեւ դիզելային վառելիքը. այն 350 դրամից դարձել է 360 դրամ: Իսկ ինչ է մտածում այս թանկացման մասին ՀՀ կառավարությունը, այդպես էլ անհայտ է: Չէ որ արդեն գյուղատնտեսական տարին մեկնարկել է, իսկ գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքը օդ ու ջրի պես անհրաժեշտ է՝ վարուցանք անելու նպատակով: