Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդեն իսկ մտել է եզրափակիչ փուլ: Թերեւս ամենազանգվածային հանդիպումներն անցկացնող «Ծառուկյան» դաշինքի հիմնական կորիզը ԲՀԿ-ն է, որի ոչ բոլոր պատգամավորներն են, սակայն, հայտնվել դաշինքի ընտրական ցուցակում, ինչպես օրինակ` Վահագն Մախսուդյանն ու Մուրադ Գուլոյանը, մինչդեռ Վահան Կարապետյանը առաջադրված է թե՛ ռեյտինգայինով, թե՛ համամասնականով:
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 27-րդ հորիզոնականում է հանգրվանել ու թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2012թ.` ԲՀԿ համամասնական ցուցակով: Մամուլի հրապարակումների համաձայն` նա մի շարք բիզնեսներ ունի, որոնց թվում նշվում է նաեւ «Չերրի» ռեստորանը: Ի տարբերություն իր գործընկերների` Կարապետյանը հրապարակավ չմասնակցեց Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների անցկացման գործին:
Իսկ ահա այսօր նա «Ծառուկյան» դաշինքի կազմում հանդես է գալիս ԱԺ-ում մեծամասնություն վերցնելու ջատագովությամբ: Նա պնդում է, որ ապրիլի 2-ին իրենք իշխանափոխություն են անելու: Միաժամանակ Կարապետյանն իրեն ու իր թիմին վարժված է համարում ընտրական լարվածությանը` դա վերագրելով ՀՀԿ-ականների հետ մրցակցությանը:
Եվ դրա շրջանակներում էր, որ վերջերս մամուլը ողողվեց Կարապետյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի, ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ, ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: Թեեւ գործը չհանձնվեց իրավապահների ուշադրությանը, սակայն «Ծառուկյան» դաշինքից խոստացան մեղավորներին պատժել ապրիլի 3-ին: 5-րդ գումարման Աժ-ում Կարապետյանը կողմ է քվեարկել 464 անգամ, դեմ` 57, ձեռնպահ` 144: Նա բացակայել է 60 նիստերից, սակայն քվեարկությունից հրաժարվել 239 անգամ: Կարապետյանը նույնպես Աժ ամբիոնին չի մոտեցել, հարցապնդումներով հանդես չի եկել:
Ն. Հովսեփյան