Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր ավագանու նիստ է անցկացրել։
Նիստն արտահերթ է եղել, իսկ օրակարգում ընդգրկված են եղել 10-ից ավելի հարց:
ArmLur.am-ը «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են կարողացել ավագանու նիստ գումարել առանց համապատասխան թվով ավագանիների. «Գիտեք, նիստը կայացել է ապօրինի, քանի որ Վանաձորի քաղաքապետը ընտրվել է մանդատագողության արդյունքում եւ ինչպես ասացվածք կա՝ «գող՝ սիրտը դող»: Հիմա ուշքումիտքը վախն է, ահուսարսափի մեջ է ինքը, մտածում է` ամսի 2-ի ընտրությունների արդյունքում քաղաքական ռասկլադը փոխվելու է, եւ ինքը մնալու է առանց այդ աթոռի եւ ինքն էլ եկել, գրավել է այդ աթոռը, որ թալանեն այս քաղաքը: Մեր տասը ավագանիներն էլ այդ թալանի դեմ են պայքարում, եւ մենք պայքարելու ենք:
Հիմա թալանի առաջին օրինակը այն է եղել, որ նա առանց ավագանու հաստատելու, առանց բյուջեի միջոցների` երկրորդ տեղակալ է նշանակել, այն է՝ ուռճացրել է Վանաձորի ավագանու աշխատակազմը: Ուրեմն` Վանաձորը աղբի մեջ կորած է, քանդուքարափ է, ամբողջ Վանաձորը բողոքում է, ինչ հայհոյանք ասես` ուղղում են իրենց հասցեին, իսկ իրենք այնտեղ երկրորդ տեղակալ են նշանակում. այդ մարդկանց հետ ի՞նչ խոսենք: Այդ ապօրինի նիստի որոշումներն իրավազոր չեն, մենք դրանք հերթականությամբ կվիճարկեն դատարաններով: Եթե իրենց տրամաբանությամբ 15 հոգի կարող է ավագանու նիստ անել, ուրեմն 15 հոգի էլ այս թեւից կարող են հավաքվել եւ նիստ անել, հետո, ինչպես կլինի դա»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, որպեսզի բացահայտեն Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած 4 ավագանիներին, որոնք ինչպես հայտնի է՝ դավաճանեցին իրենց կուսակցությունների սկզբունքներին եւ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Ասլանյանին: