Ծնվածների թիվը նվազել է, իսկ մահացածներինը՝ աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մշտական բնակչության եւ ծնելիության նվազման միտումները շարունակվել են նաեւ նախորդ տարվա ընթացքում: Դրան հակառակ՝ շարունակվել է նաեւ մահացության ցուցանիշի աճը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 901 հազար 700 մարդ, գյուղականը՝ 1 մլն 84 հազար 800: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով կամ 12 հազար 100 մարդով: Ի դեպ, մշտական բնակչության թվաքանակի նվազում արձանագրվել է ՀՀ բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում հակառակ պատկերն է. Երեւանում բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 73 հազար 700, մինչդեռ այս տարվա նույն ժամանակաշրջանում այդ թիվը դարձել է 1 մլն 75 հազար 900:

Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, ինչի արդյունքում մարզերի բնակիչները տեղափոխվում են մայրաքաղաք Երեւան, որտեղ էլ բնակություն են հաստատում: Իսկ ահա Երեւանի բեռնաթափման ծրագիրն այդպես էլ գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Մինչդեռ կառավարությունը պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացներ հանրապետության մյուս տարածքներում՝ բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Ավելին՝ պետական աջակցության տարբեր ձեւերի կիրառմամբ՝ կառավարությունը պետք է նպաստեր համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը, իսկ սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքների համար պետք է իրականացնի հատուկ օժանդակության ծրագրեր:

Բացի այն, որ մշտական բնակչության թվաքանակը նվազել է, «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ ծնվածների թիվը նույնպես պակասել է: Ըստ այդմ, անցած տարվա հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 40 հազար 638 ծնված, որը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.7 տոկոսով: Նշենք, որ 2014 թվականից սկսած ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2014 թվականին ծնվածների թիվը կազմել է 43 հազար 31, 2015-ին՝ 41 հազար 763, իսկ ահա 2016 թվականին՝ 40 հազար 638:

Սրան հակառակ՝ մահացածների թիվը աճել է: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 28 հազար 129 դեպք: Ստացվում է, որ 2015 թվականի համեմատ՝ մահվան դեպքերը աճել են 0.9 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ մայրաքաղաք Երեւանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ծնվել է 15 հազար 440 մարդ, մահացել՝ 9270, Արարատի մարզում ծնվել է 3693, մահացել՝ 2383 մարդ, Լոռիում ծնվել է 3002, մահացել 2858 մարդ:

Ինչ վերաբերում է մահերի պատճառներին, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դրանց գերակշռող մասը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Օրինակ՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 13 հազար 306 մարդ: Նկատենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություննրից մահացության դեպքերը 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, ավելացել են:

Մահացության պատճառների ցանկի երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, որից մահացել է 5778 մարդ: Այս կատեգորիային հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 2165 մարդ: Իսկ ահա դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից վերոնշյալ ժամանակահատվածում մահացել է 1371 մարդ: Ուշագրավ է, որ մահացածների մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս