Ալիևի այս ելույթը պետք է հայ ընտրողի համար ևս մեկ սառը ցնցուղ լինի. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է, և ոչ մի միջազգային կազմակերպություն և երկիր չի կարող միջամտել դրան:

Այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

«Դա բազմաշերտ ելույթի մի մասն է միայն: Կոնկրետ այդ հայտարարությամբ նախ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնում է, որ Արցախը Ադրբեջանի անվերապահ տարածք է ճանաչում: Եվ երկրորդ` հայտարարությունն արված է այնպես, որ դրանից պատերազմական նոր գործողությունների հոտ է գալիս»: Ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա` եթե ադրբեջանական կայքերում կարդանք Ալիևի ելույթի տեքստը, կտեսնենք, որ այդ ելույթում որոշ բաներ ցավոք համապատասխանում են իրականությանը. «Դա այն է, որ ապրիլին Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է գրավել, որ իրենց ոգին հիմա շատ ավելի բարձր է և որ հայկական կողմում զգալի բարոյալքում կա: Ընդհանրապես Ալիևի այդ խոսքը ակնարկում է առավել լայնածավալ մարտական գործողությունների մասին, որոնէ կլինեն, եթե հայերը ավելի շատ տարածքներ կամովին չհանձնեն:

Եվ ստացվում է, որ հանուն Ադրբեջանի չհարձակման, Ալիևի հենց այդ պահանջին ընդառաջ է վազում ԼՏՊ-ն, իսկ այդ վազքը քաջալերում է գործող իշխանությունը:
Եվ դրանով է, որ այս ընտրություններն անչափ կարևոր են»:

Մարտիրոսյանի դիտարկմամբ` ապրիլի երկուսին հայաստանցիներն ընտրելու են ոչ թե կամ ոչ միայն լավ ու վատերի միջև, այլև դավաճանների և դավաճանության առանձնապես չհակվածների միջև. «Այլ խոսքով` Ալիևի այս ելույթը պետք է հայ ընտրողի համարևս մեկ սառը ցնցուղ լինի` հասկանալու համար թե հատկապես ում չի կարելի ընտրել, որովհետև այս ընտրությամբ ոչ թե քաղաքական ուժեր են ընտրվում` այլ Հայաստանի լինելը կամ չլինելը:

Եվ եթե դավաճաններն անցնեն խորհրդարան ու Աստված մի արասցե, մեծամասնություն կազմեն` ապա ոչ միայն Ստեփանակերտի, այլև շուտով նաև Երևանի հարցերը կսկսեն ոմանց կողմից համարվել Ադրբեջանի ներքին գործ: Իսկ պատերազմն անխուսափելի կլինի»:

Արփինե Թովմասյան




Լրահոս