Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը «հետախուզություն մարտով» օպերացիայի շրջանակներում գիշերով հարձակվեց հայկական զինուժի վրա՝ փորձելով ճեղքել առաջնագիծը։ Նրանց գերնպատակը մի քանի շրջանների գրավումն էր, որը տապալվեց հայ շարքային զինվորների ջանքերով։
Հայկական կողմը մեկ տարի առաջ տվեց 100-ից ավել զոհ: Նրանց թվում էին ոչ միայն շարքային զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ:
Ադրբեջանական «վարձու մարդասպանները» չխնայեցին անգամ ծերերին: Թալիշում նրանք գնդակահարեցին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային՝ կտրելով նրանց ականջները։ Վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան բազմաթիվ մեր հայրենակիցներ։
Պատերազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը կորցրեց 800 հեկտար հողատարածք, որոնց ազատագրման համար հարյուրավոր հայորդիներ էին զոհվել։ Սակայն Սերժ Սարգսյանն այդ կորցրած տարածքները համարեց ամայի, անպիտան հողակտոր, կորուստը՝ ոչ էական։
Հիշեցնենք, որ ակտիվ ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր հայտնաբերվեցին: Եվրադատարանում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը, ապացույցներով ներկայացրեց նաև հայկական կողմի ներկայացուցիչներին գլխատելու, նրանց ականջները, մարմնի այլ մասերը կտրելու, աչքերը հանելու ու մարմնական այլ տանջանքների ենթարկելու բազում փաստեր:
Սակայն միջազգային հանրությունը լուռ ականատես եղավ, ոմանք թաքուն արտասվեցին և վերջ։ Արդյունքում, կյամքի գնով ունեցանք արդիականացված սահմաններ Արցախում, առաջնագծի առավել զգոն պաշտպաններ։ Իսկ «վերևներում» շարունակում են նույն հանգստությամբ վայելել իշխանությունը՝ սպասելով նոր արհավիրքների։
Լիաննա Խաչատրյան