Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ:
Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ:
Թշնամու ագրեսիան լիակատար ձևով ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից և ոչ մեկը:
Հակառակորդն առերեսվեց Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեր քաջարի զինվորների, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ և ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
Ցավոք, հակառակորդի ստոր և սադրիչ գործողությունների հետևանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաև խաղաղ բնակիչներ:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:
Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռևանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսևորում:
Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը և կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար:
Սիրելի՛ ժողովուրդ,
Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի»: