Հանրապետական կուսակցությունը նախընտրական լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը երեկ ապացուցվեցին կոնկրետ փաստերով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է Երեւանի եւ ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին: 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, եւ միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել: Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»: Մինչդեռ,«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ նրանք հենց աշխատանքային ժամին են կուսակցական աշխատանքի ներգրավված եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կատարվածի առթիվ ուսումնասիրություններ են սկսել ՀՀ գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, ԿԳՆ-ն: Իսկ սկանդալի կիզակետում հայտնված տնօրեններին հրահանգվել է այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ:
Նկատենք՝ ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից, մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլեւ առաջիկայում ջրից չոր դուրս կբերեն իրենց անդամներին: Անկախ ամեն ինչից, այս ընտրությունները կառանձնան իրենց այլանդակություններով՝ սկզբում նախընտրական բախումներ, հիմա էլ՝ վարչական ռեսուրսի կիրառում:
Լուսանկարը՝ sut.am-ից
«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել եւ ընդվզում սկսել: Հատկանշական է այն փաստը, որ այս քայլին նրանք գնացել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովրդական ընդվզման մասին է խոսքը: Խոսք չկա զենքի մասին, բայց դա մարդու տարրական իրավունք է, երբ իր դեմ զենք են օգտագործում, ինքնապաշտպանությունը տարրական իրավունք է, բայց այդ կոչի մեջ զենքով ընդվզման մասին խոսք չկա»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենց կոչը կապված է ոչ թե Բաբայանի ձերբակալության, այլ ընդհանուր իրավիճակի հետ:
ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական շոուին է պատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր այցելելու է Արագածոտնի մարզ եւ մասնակցելու է Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոցի բացման արարողությանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկ անգամ արդեն մասնակցել է այս նույն սպանդանոցի բացման արարողությանը, բայց քանի որ նախընտրական գործընթացներ են, նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել»: Այս իրավիճակի հետեւությունն այն է, որ իշխանությունները փորձում են պարզպես մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք աշխատում եւ նպաստում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը, հզորացնում տնտեսությունը, մի խոսքով՝ փոխվել ու փոփոխվել են: Իրականում ամեն ինչ բեմադրված է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Հիշեցնենք՝ դեպքից կարճ ժամանակ անց կողմերը՝ ՕՐՕ դաշինքի համակիրներն ու ՀՀԿ-ական գյուղապետը, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հաշտվել են: Բայց, այնուամենայնիվ, բաց է մնում մի հարց՝ այդ միջադեպի արդյունքում իշխանության ներկայացուցիչները ինքնաձիգից հրազենային վնասվածք էին հասցրել ՕՐՕ դաշինքի համակիրներից Հակոբ Մելքոնյանին: Վերջինիս հայրը՝ Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»: Միաժամանակ նա նշել է, թե ՔԿ-ում էլ ցուցմունք են տվել, որ իրենք հաշտվել են ու բողոք չունեն:
ԱՊԻԿԱՐՆԵՐՈՎ
Մինչ Հայաստանի իշխանություններն իրենց բանուգործը թողած՝ ընկղմվել են նախընտրական գործընթացների մեջ՝ մանկապարտեզներից ու դպրոցներից մինչեւ նախարարություններ զբաղվելով ցուցակների հավաքագրմամբ ու ձայնաորսությամբ, մինչ ոչ իշխանական դաշտի ուժերը զբաղված են պարզելով, թե ով ում խաղն է խաղում եւ հրապարակավ ասելով, թե իրենց միակ թիրախը ՀՀԿ-ն է՝ միմյանց «տակն են փորում», հասունանում է հերթական դիվանագիտական ձախողումը, որի արդյունքը կարող է շատ տխուր լինել հայկական մշակույթի համար:
Արդեն տեւական ժամանակ է՝ ասվում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի տխրահռչակ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու: ՄԱԿ-ն արդեն իսկ հաստատել է որ Բյուլբյուլօղլին առաջադրված 9 թեկնածուներից մեկն է եւ տարբեր գնահատականներով ունի բավականին մեծ շանսեր ընտրվելու այդ պաշտոնում: Նշենք, որ մնացած թեկնածուները Վիետնամից, Գվատեմալայից, Եգիպտոսից, Իրաքից, Քաթարից, Չինաստանից, Լիբանանից եւ Ֆրանսիայից են:
Հաջորդ ամիս արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նիստում անցկացվելու են հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ: Իսկ արդեն հոկտեմբերին տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն, որից հետո նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունելու է վերջնական որոշումը:
Թերեւս ավելորդ է ասել, թե որքան անցանկալի է այդ կարեւոր կազմակերպությունում Ադրբեջանի թեկնածուի հաղթանակը: Այն էլ ոչ թե սովորական մեկի, այլ իր ընդգծված ագրեսիվ կեցվածքով հայտնի Բյուլբյուլօղլիի հաղթանակը, որը հրապարակավ հանդես է գալիս Արցախը զենքով «վերադարձնելու» կոչերով: Կարելի է չկասկածել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի այս անլռում «սոխակը» ընտրվելու դեպքում իր ամբողջ կարողություններով կլծվի հայկական մշակութային արժեքների դեմ աննախադեպ մի արշավանքի, որը զուգակցվելով ադրբեջանական նավթադոլարներով գնվող «գիտամշակութային» մտքի արտադրանքի /ինչպիսին որ արդեն իսկ շատ ակտիվորեն բաժանվում է աշխարհի բոլոր գիտական կենտրոններում/ տիրաժավորման հետ՝ կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար:
Եվ ահա այս հեռանկարը աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտական կորպուսը, էլի՞ պտի ասեն, թե զանգ են կախում, ոչ թե ճառ ասում, էլի՞ պիտի կայացած փաստից հետո սկսեն անհեթեթ արդարացումներ ներկայացնել խավիարային դիվանագիտության եւ նավթադոլարներին հակազդելու անհնարինության մասին, էլի՞ մեր քաղաքագետները, փորձագետներն ու մտավորականները պիտի հայի «հետին խելքով» տարբեր ասուլիսներում իմաստուն լուծումներ առաջարկեն արդեն կայացած փաստից հետո: Լավ, ինչքա՞ն կարելի է: