«ՄԻ «ԻԳԼԱ»-Ի ՀԱՄԱՐ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՉԱՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը տարատեսակ քննարկումների առիթ դարձավ: Պաշտոնապես հայտարարվեց, որ Բաբայանի պատվերով փորձել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքով Հայաստան «Իգլա» տեսակի հրթիռային համակարգ բերել, իսկ ՕՐՕ դաշինքը, որի համակիրն է համարվում Բաբայանը, այս ձերբակալությունը կապեց քաղաքականության հետ եւ Բաբայանին շտապեց համարել քաղբանտարկյալ: Արդյո՞ք Բաբայանը ընդունակ էր մաքսանենգ ճանապարհով «Իգլա» բերել Հայաստան եւ մի՞թե այդ հակաօդային զենքով կարող էր ներքաղաքական հարցեր լուծել. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, երեք օր առաջ ձերբակալվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համարում է, որ դա ունի քաղաքական դրդապատճառներ, որովհետեւ Բաբայանը իրենց համակիրն է: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Գիտեք, այդ բոլորը դատաիրավական դաշտում է: Դրա պատասխանը ես չունեմ, այդ հարցը պետք է տաք իրավապահ մարմիներին, նրանք պետք է պատասխանը տան:
-ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման պատվիրման կասկածանքով։ Հնարավո՞ր է՝ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեղափոխել Հայաստան:
-Ամեն ինչ հնարավոր է, բայց նորից եմ ասում՝ այդ հարցի պատասխանը ես չունեմ, դատաիրավական մարմինները կարող են այդ հարցին պատասխանել:
-Դուք, լինելով պրոֆեսիոնալ զինվորական, քաջատեղյակ եք, թե ինչ է իրենից ներկայացնում «Իգլա»-ն…
-Այո՛, «Իգլա»-ն հակաօդային զենք է, որը խոցում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրա համար է «Իգլա»-ն:
-Ի՞նչ եք կարծում՝ այդ զենքով հնարավո՞ր է ներքաղաքական հարցեր լուծել:
-Գիտեք, մենք արդեն անցնում ենք հարցերի, որոնց պատասխանը ես չունեմ: Ամեն ինչ հնարավոր է:
-ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքով Հայաստան է բերվել ռուսական ռազմական տեխնիկա, սակայն նախօրեին Վրաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը: Այսպիսի հակասական պաշտոնական հայտարարությունները սեպ չե՞ն խրի երկու պետությունների հարաբերությունների միջեւ:
-Ես նորից եմ ասում՝ դա իմ հարցը չէ, այդ հարցը իրավապահ մարմիններին տվե՛ք: Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Վրաստանի հետ, մենք բարեկամ ժողովուրդներ ենք, Վրաստանը բարեկամ երկիր է, հարեւան երկիր է, ես համոզված եմ, որ մի «Իգլա»-ի համար մեր հարաբերությունները չեն փչանա, որովհետեւ մենք դարերի պատմություն ունենք, դարեր ենք անցել միասին. հարեւան պետություններ ենք եղել ու կմնանք հարեւան պետություններ:
-Արկադի Տեր-Թադեւոսյանը, անդրադառնալով Բաբայանի ձերբակալությանը, նշել է, որ այս միջադեպին նայում է թշնամու աչքերով եւ Սամվել Բաբայանի ձերբակալումը նրանց համար մեծ ուրախություն կլինի: Համամի՞տ եք Կոմանդոսի այդ հայտարարությանը:
-Ոչ ոք, ոչ ոք իրավունք չունի մեր օրենքները խախտել, դա կլինի կռված տղա, թե՛ հերոս, թե՛ կոլխոզում աշխատող, հողի վրա աշխատող ժողովուրդ, ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը:
-Ինքը` Բաբայանը, հարցաքննության ժամանակ հրաժարվել է ներկայացված մեղադրանքներից:
-Ես նորից եմ ասում՝ իրավապահ մարմինները պետք է այդ հարցի պատասխանը տան:
-Այնուամենայնիվ, որպես պաշտպանության նախկին նախարար, մարդ, ով երկար տարիներ ճանաչել է Սամվել Բաբայանին, ի՞նչ եք կարծում՝ նա նման քայլի ընդունա՞կ էր:
-Այնպիսի հարցեր եք տալիս… իրենցից հարցրե՛ք: Ես շուտվանից եմ իրեն ճանաչում, բայց այդ հարցի պատասխանը ոչ թե ես պետք է տամ, այլ իրավապահ մարմինները: Ես այդ հարցի պատասխանը չունեմ:
-Պարո՛ն Հարությունյան, որպես պաշտպանության նախկին նախարար եւ այժմ էլ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ընդունո՞ւմ եք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջարկած խաղաղության ծրագիրը:
-Գիտեք, խաղաղություն մենք բոլորս ենք ուզում, Դուք էլ եք ուզում, ես էլ եմ ուզում, ամբողջ ժողովուրդն է ուզում, բայց ինչ գնով, այդ հարցի պատասխանը ես այդտեղ չգտա:
-Փոխզիջումների միջոցով…
-Գիտեք, առաջինը պետք է որոշվի Արցախի հարցը: Դրանից հետո մենք կարող ենք որոշել փոխզիջումների մասին: Գլխավորն այն է, որ Ադրբեջանը ընդունի, որ Արցախը անկախ պետություն է, դրանից հետո արդեն կարելի է ուրիշ հարցերի շուրջ նստել, բանակցել:

 

 

 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԸՆԴՎԶՄԱՆ ԿՈՉԻՆ

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին եւ իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ աշխարհազոր ստեղծելու եւ ընդվզում սկսելու կոչով:

«Ժողովուրդ»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից փորձեց պարզել, թե ինչպես են արձագանքում ընդվզման կոչին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Սասնա ծռեր»-ի մոտեցումներն ընդհանրապես ընտրությունների նկատմամբ իրենց համար նորություն չեն. «Իրենք գտնում են, որ ընտրությունները բոյկոտելով կլուծվի իշխանափոխության խնդիրը, մենք գտնում ենք, որ ընտրությունները միգուցե ոչ ամենալավ, բայց միակ հնարավորությունն է իշխանություն փոխելու: Մենք գտնում ենք, որ պետք է շարժվենք մեր օրակարգով»,- ասաց Սաֆարյանը:
Կոմունիստական կուսակցությունը եւս կտրականապես մերժեց ընդվզման եւ բոյկոտի կոչը: Կուսակցապետ Տաճատ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ինչպես կարելի է այսպիսի պատմական ժամանակահատվածում, երբ հանրապետությունն այնքան էլ լավ սոցիալական վիճակում չի գտնվում, այդպիսի անլուրջ հայտարարություն անել, մենք կտրականապես մերժում ենք, եւ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող»:
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը սա եւս աբսուրդ համարեց եւ նշեց.«Բոյկոտը Հանրապետականի համար կարմիր գորգ է դեպի իշխանություն»:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը՝ նշելով. ««Հիմնադիր խորհրդարան»-ի ասածները ես երբեք չեմ մեկնաբանում»:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունինց արձագանքելով այդ հայտարարությանը՝ նշեցին, որ հարգում են «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռերի» այդ մոտեցումը, բայց այն ընդունելի չեն համարում.«Քանի որ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ մեր երկրում նոր իշխանություն պետք է ձեւավորվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց կուսակցության պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց օրակարգում մեկ հարց է՝ ընտրությունների միջոցով մեր երկրում իշխանափոխություն իրականացնելը. «Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերի տեսակետներին, քաղաքական օրակարգին, բայց «Ծառուկյան» դաշինքը վստահ է, որ ունի հնարավոր ներուժը ընտրողի քվեի ուժով ապրիլի 2-ին մեր երկրում իրականացնել իշխանափոխություն: Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, այս պահին ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող»,- ասաց Զոհրաբյանը: Իսկ հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե ընտրությունները կեղծվեն, պատգամավորը պատասխանեց. «Եթե ընտրությունները կեղծվեն, «Ծառուկյան» դաշինքը լինելու է ժողովրդի կողքին»:
«Կոնգրես-ՀԺԿ» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներից որեւէ պարզաբանում ստանալ չհաջողվեց: ՕՐՕ-ից երեկ երեկոյան նշեցին, որ պետք է դեռ ծանոթանան այդ հայտարարությանը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ»-ից որեւէ հստակ պատասխան տալ հրաժարվեցին: ՀԱԿ վարչության խորհրդի քարտուղար Սամվել Աբրահամյանն ասաց, որ շատ երկար է իրենց տեսակետը, եւ չարտահայտվեց, իսկ դաշինքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանն էլ նշեց, թե բա ուշ է, չեմ կարող պատասխանել:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐԸ ՎԵՐՋԱՑԱՆ
Ըստ ԿԸՀ հաղորդագրության՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Այսպիսով՝ «Ելք» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքներից ինքնաբացարկ են հայտնել յոթական թեկնածուներ, «Ազատ դեմոկրատներ» եւ ՀՀԿ-ից, ինչպես նաեւ «Ծառուկյան» դաշինքից մեկական թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ, Կոմկուսից եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից տասը թեկնածուներ չեն ցանկացել շարունակել իրենց պայքարը որպես պատգամավորության թեկնածուներ, իսկ ինքնաբացարկի դիմումներ ամենաշատը ներկայացրել են «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածուները՝ թվով 15 հոգի, որից հինգը եղել են տարածքային ցուցակներից: Ընդհանուր առմամբ ինքնաբացարկի դիմում ներկայացրել է 52 թեկնածու:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՃՈ-Ի
«Քեթրին» գրուպ ընկերության գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն դատի է տվել ճանապարհային ոստիկանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մարտի 21-ին ընկերության տնօրենը հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան՝ պահանջել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը անվավեր ճանաչի 2016 թվականի ընթացքում կայացրած երկու դատական ակտերը: Ըստ ամենայնի, ընկերության գլխավոր տնօրենը ՃՈ-ի կողմից տուգանվել է երթեւեկության կանոնները խախտելու համար, սակայն չի ընդունում իր մեղքը եւ փորձում է համապատասխան գումարը չվճարել դատարանի միջոցով: Նշենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանին:

 

 

ԲԱԲԱՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ երեկոյան կալանավորվել է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունն ու ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրվող Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ի դեպ, նկատենք, որ նախաքննությունը իրականացնող մարմինը անգամ չսպասեց, որ այսօր լրանար Սամվել Բաբայանի ձերբակալման համար նախատեսված 72 ժամը եւ շտապեց կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել էր Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու եւ նշված փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ խիստ ներգործող, թունավոր զինամթերքի, ռազմական տեխնիկայի մասքանենգություն հատկանիշներով: Ի դեպ, վերջինիս պաշտպան Ավետիս Քալաշյանը դեռեւս չի հայտնել, թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրան, բայց նշել էր, որ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:




Լրահոս