Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ օտարերկրացիներին համոզելու, թե Հայաստանում ներդրումային հրաշալի միջավայր է ստեղծված: Միայն թե իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:
Օրերս ԱՄԷ այցի ժամանակ Սերժ Սարգսյանն էր ասել. «Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված եւ ազատ ներդրումային միջավայր»:
Նման հավաստիացումներ նա տվել էր նաեւ մարտի 7-9-ը Ֆրանսիա այցի ժամանակ՝ գործարարների հետ հանդիպելիս պնդելով, թե Հայաստանի վարած հարկաբյուջետային եւ ֆինանսավարկային քաղաքականությունը կենսունակ է: «Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, եւ դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր»:
Նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ այցի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման մասնակիցներին էր փորձել համոզել. «Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ»:
Իր պաշտոնավարման այս վեց ամիսների ընթացքում պարբերաբար նման պնդումներ է արել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա փորձում է համոզել, թե առաջիկա տարիներին իրենց քաղաքականության արդյունքում միլիոնավոր դոլարների ներդրումներ կներգրավվեն:
Միայն թե հայաստանյան իրականությունն այսօր բոլորովին այլ բանի մասին է վկայում, եւ իշխանությունների «գովազդային ընդմիջումները» պարզապես խաբեություն են, օտարերկրացիներին մոլորեցնելու փորձ:
Մեծ հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ գործարարները սովորաբար գումար են ներդրում կայուն եւ կանխատեսելի տնտեսական միջավայր ունեցող երկրներում: Իսկ Հայաստանը, ցավոք, ամենեւին այդպիսին չի համարվում: Նախ՝ շարունակում է դեռեւս չկարգավորված մնալ ԼՂ հակամարտությունը, եւ ամեն օր պատերազմի վերսկսման սպառնալիքն իրոք լուրջ խոչընդոտ է ներդրումների համար:
Բացի այդ՝ այսօր Հայաստանում կա մեկ այլ կարեւոր գործոն, որը վանում է օտարերկրյա ներդրողներին: Խոսքը տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունության մասին է: Բանն այն է, որ տնտեսական ոլորտի օրենսդրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում, շատ հաճախ այդ փոփոխությունները եղել են հակասական, իրարամերժ:
Parliamentmonitoring կազմակերպությունն օրերս հրապարակել է հինգերորդ գումարման ԱԺ-ի օրենսդրական գործունեության արդյունավետության մասին զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում 2012-2017թթ. ամենաշատը փոփոխվել է պետաիրավական, երկրորդը՝ տնտեսական, երրորդը՝ հարկային ոլորտի օրենսդրությունը: Զեկույցի համաձայն՝ հարկային, մաքսային, տուրքերի եւ պետական վճարների մասին օրենսդրությունն այս հինգ տարվա ընթացքում փոփոխվել է մոտ 200 անգամ: Ամենաշատ փոփոխությունը տեղի է ունեցել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ 38 անգամ, «Ավելացված արժեքի մասին» օրենքում՝ 18 անգամ, «Եկամտային հարկի մասին» օրենքում՝ 15 անգամ, «Հարկերի մասին օրենքում»՝ 13 անգամ, «Շահութահարկի մասին օրենքում»՝ 12 անգամ եւ այսպես շարունակ:
Նույն զեկույցում նաեւ նշված է, որ 10 նստաշրջանի ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք, որոնցից 66-ը եղել են մայր օրենքներ, 1012-ը՝ փոփոխություններ գործող օրենքներում: «Ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: Ընդունված 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով»,- նշված է փաստաթղթում:
Եւս մեկ ուշագրավ փաստ. Parliamentmonitoring կազմակերպությունն անդրադարձել է նաեւ տնտեսական ոլորտի օրենսդրական փոփոխությունների բովանդակությանը, եւ այս առումով մի քանի հետաքրքիր դիտարկում ներկայացրել: Քանի որ իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունեցել է բացարձակ մեծամասնություն, ինքն է եղել խաղի կանոններ թելադրողը: Ու արդյունքում վերջին հինգ տարում հետեւյալ պատկերն է եղել. «Հետեւանքների տեսանկյունից ամենազգայունը եղել է տնտեսական եւ հատկապես հարկաբյուջետային քաղաքականության մասով ՀՀԿ-ի հակասականությունը: Գումարման ընթացքում հարկային օրենսդրությունը կառավարության եւ ԱԺ մեծամասնության կողմից այնքան հակասական փոփոխությունների է ենթարկվել, որ առհասարակ հնարավոր չէ խոսել կուսակցության ծրագրային հետեւողականության մասին: ՀՀԿ-ն առաջնորդվել է կառավարության՝ պահի թելադրանքով պայմանավորված հիմնավորումներով: 3 տարվա ընթացքում քաղաքական մեծամասնության աջակցությամբ 3 անգամ փոփոխվել է շրջանառության հարկի շեմը, ինչը բացասական հետեւանքներ է ունեցել ՓՄՁ ոլորտի վրա, թեեւ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀԿ ծրագրում համարվել է ռազմավարական խնդիր: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրով պարտավորվել էր աստիճանաբար վերացնել շահութահարկի նվազագույն շեմը: Այս դրույթը փաստացի չի կատարվել»,- նշված է զեկույցում:
Եւ ահա այսքանից հետո իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում են օտարերկրացիներին համոզել, թե Հայաստանում տնտեսական դաշտը բարենպաստ է: Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մեծ-մեծ խոսելու փոխարեն իշխանությունները նախ վերջ դնեին այս կամայականություններին, եւ հետո նոր փորձեին ներդրումային միջավայրի մասին հեքիաթներ պատմել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆԵԼ
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ ԱԺ ընտրություններից առաջ կրկին ընդդիմադիր է ձեւանում, չի բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բաղդասարյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի մի դեպքում, եթե իշխանության ներսում որոշումների կայացման վրա ՀՎԿ-ն ունենա բավարար ազդեցություն:
Նկատենք, որ այսօր նման հայտարարություն է անում մի կուսակցության ղեկավար, որը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց 2008 եւ 2012 թվականներին, երբ ակնհայտ էր՝ իրենք իշխանության ներսում չեն կարող դույզն-ինչ ազդեցություն ունենալ: Բավական է միայն հիշել, որ 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ստացավ եւ որոշումներ կայացնելիս այլեւս որեւէ ուժի կարիք չէր զգում: Բայց Բաղդասարյանը կրկին կոալիցիոն հուշագիր ստորագրեց՝ պաշտոնը պահելու եւ իշխանության վայելքներից օգտվելու համար: Իսկ 2014թ. կոալիցիան լքելուց Բաղդասարյանն ամեն առիթով փորձում էր արդարանալ՝ իշխանության ներսում ռեալ ազդեցություն չեն ունեցել:
Հատկանշական է, որ ՀՀԿ նախօրեի ԳՄ նիստից հետո իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ն որեւէ կուսակցության հետ, բացառությամբ Հայ հեղափոխական դաշնակցության, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել»:
ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ՀԿԿ պատգամավորության թեկնածու Գագիկ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է Գյումրիում աշխատելու իր կուսակցության համար, եթե այդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաեւ իր նախկին ղեկավարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակ Մանուկյանը զբաղեցնում էր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը: «Ոչ թե իմ նախկին ղեկավարն է, այլ իմ ընկերն է, սա մեկ, Վարդան Ղուկասյանի եւ իմ միջեւ որեւէ խնդիր չի կարող ծագել: Մենք միասին տասը եւ ավել տարիներ Գյումրի քաղաքը հնարավորության սահմաններում գեղեցկացրել, շենացրել ենք եւ բավականաչափ բան ենք արել: Ես ղեկավարում եմ գաղափարական մի կուսակցություն, որը ունի գաղափարախոսություն: Վարդան Ղուկասյանը կհաղթի, կհավաքի բավականաչափ ձայներ, որովհետեւ արժանի է, իսկ ամեն մեկս մեր չափով կհավաքենք: Վարդան Ղուկասյանը կհավաքի 35 տոկոս, կոմունիստները կհավաքեն 5-6 տոկոս, մենք չենք ասում, որ միանգամից կարող ենք գալ իշխանության եւ հեղափոխություն անել»,- ասաց Մանուկյանը: Հատկանշական է, որ Գագիկ Մանուկյանը չի առաջադրվել Կոմկուսի ռեյտինգային կարգով: Թե ինչու, մնում է ենթադրել:
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով Լոնդոնի ահաբեկչությունը՝ ասել է Սերժ Սարգսյանը: «Անհրաժեշտ է զգոն լինել, միջոցներ ձեռնարկել: Ես հասկանում եմ, որ ե՛ւ Լոնդոնում, ե՛ւ Փարիզում մեծ միջոցներ են ծախսվում անվտանգության վրա, սակայն իրականում դա հանցագործություն է, որի իրականացումն անհնար է կանխատեսել: Մեկ այլ հարց է, երբ կա ակնհայտ թշնամի: Եվ մեկ այլ հարց, երբ Եվրոպա փախստականի անվան տակ կարող են ներթափանցել մարդիկ, ում խնդիրը բոլորովին այլ է: Դրա դեմ դժվար է պայքարել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնում անհայտ անձը վրաերթի էր ենթարկել անցորդներին, այնուհետեւ դանակով հարձակում գործել ոստիկանի վրա, դեպքի արդյունքում 5 մարդ էր զոհվել: Ի դեպ, ուշագրավ է, որ ահաբեկչության անկանխատեսելիության մասին Սերժ Սարգսանի հայտարարությունները հնչում են ՀՀ «Իգլա» հրթիռի ներկրման աղմկալի պատմության ֆոնին:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգավոր է համարում հետընտրական իրադարձությունների սցենարը, որի մասին ավելի վաղ խոսել էր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երեւանի Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե հետընտրական բողոքի ակցիաներ, ցույցեր սպասո՞ւմ է, վարչապետը, մասնավորապես, հայտարարել է. «Ես, ճիշտն ասած, դրանից խուսափում եմ, որովհետեւ համարում եմ՝ կամայական ապակայունացումը մեր երկրին վտանգ է տալիս: Ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիական վեճը լինի գաղափարական եւ ոչ թե այն մակարդակի, որ այսօր կա՝ բամբասանքի եւ այլն»: Հիշեցնենք, որ նախօրեին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենց աջակիցը Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու կասկածանքով ձերբակալված Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, որին ազատագրելու համար ապրիլի 3-ից սկսած իրականացնելու են «սահմանադրական հեղափոխություն, որը կենթադրի քաղաքացիական եւ քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ»:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հանդիպմանը քննարկվել են «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»։