ՆՐԱՆՔ «ՄԱՐՏՆՉԵԼ ԵՆ» ՀԱՆՈՒՆ ՀՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ է հրապարակել, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցության համար:

Այսպես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն զանգահարել է հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների թվով 136 տնօրենների եւ ներկայանալով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ՝ հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին: Պարզվել է, որ ՀՀ մարզերի եւ Երեւանի թվով 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: ՀԿ-ն պարզել է նաեւ, որ ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղել է տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունել է, որ վախեցրել է մարդկանց՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ի դեպ, Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Ըստ ՀԿ-ի՝ դպրոցը ներկայացրել է 1700 հոգու անուն: Զանգահարողի այն հարցին՝ վստահելի՞ են այդ 1700 մարդիկ, թիվ 37 դպրոցի տնօրենը պատասխանում է. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, համ էստեղ, համ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»:
Տեղեկացնենք, որ մարզերում տնօրենների կողմից հավաքագրված ցուցակները փոխանցվել են մարզպետարանների կրթության վարչություններ ու քաղաքապետարաններ, իսկ Երեւանում՝ թաղապետարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հետ է զանգել եւ «զեկուցել», որ ցուցակները անձամբ ինքն է հավաքել: Այսպիսով, ՀԿ-ն զանգահարել է 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունել են ցուցակներ հավաքագրելու փաստը:
Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակելուց ընդամենը ժամեր անց ՀՀԿ կենտրոնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, նույնականացում: Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս: Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի խախտում»:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայներ հավաքագրող դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակել է sut.am էլեկտրոնային կայքէջում: Սակայն ձայնագրությունները հրապարակելուց հետո կայքի ղեկավարությունը պարբերաբար հայտարարությամբ էր հանդես գալիս, որ կայքն անընդհատ «հարձակումների» է ենթարկվում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ, ով ասաց. «Մենք մեր գործողությունների մասով նախապես խորհրդակցել ենք իրավաբանների հետ եւ վստահ ենք, որ այս մասով որեւիցե խնդիր չենք ունենա»:
Որքան էլ տարօրինակ է, սակայն կատարվածից հետո լուռ էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ն այդպես էլ հանդես չեկավ հայտարարությամբ: Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ավելի ուշ, Դանիել Իոաննիսյանից տեղեկացանք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զանգահարել է իրեն եւ խնդրել ուղարկել այդ ձայնագրությունները:
Նշենք, որ ցանկում առկա դպրոցների եւ մանկապարտեզների մի մասը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, իսկ մի մասն էլ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ձայնագրություններն ու փաստերը կուսումնասիրեն եւ հանդես կգան հայտարարությամբ: Իսկ ԿԳՆ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ նախարարը տեղյակ է կատարվածից, այդ մասին զեկուցվել է նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Մանուկ Մկրտչյանին: ԿԳՆ հետագա անելիքների մասին առաջիկայում կներկայացվի:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրում է հրապարակված ձայնագրությունները: Ուսումնասիրության ավարտից հետո կլինի համապատասխան հայտարարություն:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ձայն հավաքագրող տնօրենների հետ, սակայն վերջիններս օրվա կեսից հետո արդեն լքել էին իրենց «պոստը». նրանք աշխատանքի վայրում չէին: Իսկ ահա Երեւանի թիվ 60 դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը զբաղված էր նախընտրական գործերով: Այդպես մեզ փոխանցեց դպրոցի աշխատակիցներից մեկը: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լուսանկարը՝ sut.am-ից

 

 

 
ՊԱՅԹՅՈՒՆ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՈՒՄ
Երեկ՝ ժամը 08:09-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակների տակ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Արմենակ Ազարյանի դին: Նշենք, որ թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:
Դեպքի մասին «Ժողովուրդը» զրուցեց Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ Վալիկ Մնացականյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչն է եղել պայթյունի իրական պատճառը: «Բալոններն անկանոն վիճակով թափված են, հաշվել չի լինում, հողի տակ էլ կան: Մեկ բալոնը պայթել է՝ մնացածներին վնասելով: Ոչ մեկ չգիտի, թե ինչից են պայթել»,-ասաց նա: Մեր զրուցակցի խոսքով՝ կայանի փլատակների տակ հայտնաբերված աշխատակից Արմենակ Ազարյանը երեք երեխաների հայր էր:
Նշենք, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետեւում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:




Լրահոս