ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում

Ազգային ժողովի հերթական նիստը կրկին չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Եթե նախորդ օրերին գոնե մի քանի պատգամավորներ բարեհաճում էին ներկայանալ նիստերին, ապա այս անգամ ոչ մի պատգամավոր ներկա չէր գտնվել ծաղրանքի վերածված նիստին: Միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկավ, միանգամից դատարկ աթոռներին դիմեց եւ տեղեկացրեց, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայանում: Նկատենք, որ սա հինգերորդ նստաշրջանի վերջին նիստն էր, հաջորդ նիստը կկայանա արդեն նոր կազմով, թե ովքեր կլինեն այդ կազմում, հայտնի կլինի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե տնտեսվարողը չի գրանցվում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում, ապա ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել դա: Հնարավո՞ր է՝ որեւէ տույժ կամ տուգանք սահմանել տվյալ տնտեսվարողի նկատմամբ:

Սերգեյ Պողոսյան (35 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նմանօրինակ տուգանքներից զերծ մնալու համար խմբագրություն դիմած քաղաքացիներին հորդորում ենք մանրամասն ծանոթանալ գործող կարգին եւ ժամանակին կատարել պահանջված կետերը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե անձը ժառանգություն է ստացել, ապա նա դրանից հրաժարվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:

Գրետա Մարտիրոսյան (54 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ժառանգությունից կարելի է հրաժարվել, բայց ոչ դրա մի մասից. ժառանգորդը կա՛մ ընդունում է օրենքով, կա՛մ կտակով իրեն հասած ողջ ժառանգությունը, կա՛մ էլ չի ստանում ոչինչ: Իսկ եթե ժառանգորդը նախ հրաժարվում է իր բաժնից, իսկ հետո փոշմանում, ապա ոչինչ չի ստանում, քանզի հետադարձ ճանապարհ չկա: Չի կարելի հրաժարվել ժառանգական մերժումի կամ ժառանգական հանձնարարության կատարումից. դա հավասարազոր է ժառանգության սեփական բաժնից հրաժարման, նաեւ չի կարելի հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:
Հայաստանում ժառանգության ձեւակերպման համար անհրաժեշտ է հայտնել նոտարական գրասենյակ (ժառանգատուի բնակության վայրի, օրինակ՝ ք. Երեւան) ժառանգության ընդունման մասին (մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում), նոտարի մոտ ձեւակերպել ժառանգության ընդունման մասին դիմում (դիմումը ձեւակերպվում է գույքի գտնվելու վայրով):

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: Հավելենք, որ եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն է ուղարկում՝ այդ մասին տեղեկացնելով նոտարական պալատ:




Լրահոս