ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԵԹԵՐՈՎ ԲԱՆԱՎԻՃԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, Դուք երրորդ անգամ եք հայտ ներկայացրել ԱԺ պատգամավոր դառնալու` այս անգամ ռեյտինգային կարգով: Ինչո՞ւ, ի՞նչ կիսատ գործեր ունեիք:
-Պետք է ասեմ, որ ժողովուրդը երկու անգամ իր վստահության քվեն տվել է ինձ, եւ ես փորձել եմ ժողովրդի վստահությունը արդարացնել իմ օրենսդրական գործունեությամբ: Լինելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ փորձել եմ օրենսդրական գործունեությամբ նպաստել տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Չնայած իմ կողմից կատարված մեծածավալ աշխատանքին, այդուհանդերձ անավարտ գործեր եւս կան, որոնք եւս պետք է բարձրաձայնվեն, քննարկվեն ու կենսակոչվեն ի նպաստ մեր ժողովրդի: Ասեմ, որ ես երբեւէ ոսկե սարեր չեմ խոստացել իմ ընտրողներին, ընդամենը ասել եմ հետեւյալը` ինչպես աշխատել եմ այս տարիների ընթացքում, նույն աշխատաոճով էլ շարունակելու եմ: Եթե կգնահատեն ու իրենց քվեն կտան ինձ իբրեւ պատգամավոր, բնականաբար կփորձեմ հաջորդ հինգ տարիների ընթացքում իմ կիսատ թողած աշխատանքները ամբողջությամբ ավարտել:
-Կմասնավորեցնեի՞ք անավարտ գործերի մասով:
-Շատ անելիքներ կան ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում բարեփոխումների հետ կապված:
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀԿ-ն, որի անդամ եք Դուք, ի դեմս նոր վարչապետի որդեգրել է տնտեսական քաղաքականության իրականացման նոր սկզբունքներ: Դրանք Ձեզ համար ընկալելի՞ են որպես գործարար ու այդ ոլորտի համար համապատասխան օրենսդրություն մշակող պատգամավոր:
-Կարծում եմ, որ նոր վարչապետը կառավարության աշխատանքներում փոփոխություններ արդեն կատարել է, եւ այդ գործընթացը շարունակվում է: Մենք էլ իբրեւ բիզնեսում փորձ ունեցողներ, պետք է աջակցենք կառավարությանը եւ այնպիսի օրենքների նախագծեր ներկայացնենք, որոնք կնպաստեն ե՛ւ տնտեսության, ե՛ւ բիզնեսի զարգացմանը: Գաղտնիք չէ, որ դեռեւս ունենք օրենքներ, որոնք թերի են, շատ հարցերում խանգարում են բիզնեսի զարգացմանը եւ լրամշակման կարիք ունեն:
-Կմասնավորեցնե՞ք, թե որ օրենքներն են դրանք:
-Օրինակ՝ ալկոհոլային խմիչք արտադրող ձեռնարկությունները իրենց ֆիրմային խանութներով իրավունք չունեն 10 տոկոսից ավել ապրանք իրացնել: Կարծում եմ՝ դա իրատեսական չէ, քանի որ, իմ կարծիքով, բոլորն էլ, առանց բացառության, ուրիշ կազմակերպությունների միջոցով դա իրականացնում են: Կարծում եմ, որ ցանկացած արտադրող ուրախ կլինի, եթե հնարավորություն ունենա ամբողջը իրացնել հաշիվ ապրանքագրով, ոչ թե դա կատարի հաշվիչ դրամարկղային միջոցով:
-Բազմաթիվ կուսակցություններ ու դաշինքներ այս օրերին խոսում են տնտեսության խնդիրների մասին՝ նշելով, որ շատ կարեւոր է շեշտադրում անել ոլորտի զարգացման վրա:
-Պետք է ասեմ, որ հիմա նախընտրական շրջան է, եւ ես հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալ կուսակցությունների ու դաշինքների հայտարարություններին, սակայն գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ այնպիսի խոստումներ են տալիս, որոնք իրատեսական չեն: Իսկ եթե որեւէ կուսակցության ներկայացուցիչ կցանկանա թեկուզ եթերով բանավիճել տնտեսության հետ կապված հարցերի շուրջ, ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց եւ իմ իմացության սահմաններում ճիշտ ուղիներ մատնանշել: Չեմ ուզում անուններ նշել, բայց այսօր կուսակցություններից մեկ- երկուսը խոստանում են, որ ընտրվելուց հետո անմիջապես կվերադարձնեն խորհրդային տարիներին բանկերում մնացած ավանդները եւ որպես երաշխիք անձնագրերի պատճեններ են հավաքում՝ մոլորեցնելով մարդկանց: Դա իրականության հետ ընդհանրապես կապ չունի, կարծում եմ՝ անհարմար է նման ձեւով խաբել մեր ժողովրդին: Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղվում ավանդների վերադարձի հետ կապված, ինչին ես պատասխանում եմ, որ ավանդները վերադարձվում են պետական բյուջեի միջոցներով, եւ գումար է հատկացվում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` բյուջեի հնարավորության սահմաններում: Իհարկե, ցանկալի կլիներ շատ գումար ունենալ եւ ավանդների վերադարձը միանգամից կազմակերպել, բայց քանի որ մեր բյուջեն այդ հնարավորությունները չունի, կառավարությունը դա անում է հնարավարության շրջանակներում, իսկ դրանից ավել խոստումներ տալը ուղղակի աններելի է:
-Ձեզ բավարարո՞ւմ է կոռուպցիայի, մոնոպոլիաների ու ստվերի դեմ պայքարի իշխանության տեմպերը:
-Պետք է ասեմ, որ այո, նկատելի աշխատանք է կատարվել: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, բայց որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ տեսնում եմ, թե հարկային համակարգում ինչ փոփոխություններ են կատարվում: Դա այն սկիզբն է, որը ազդարարել է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը:

 

 

 
«ՄԵԿԻՍ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄՅՈՒՍԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎՆ Է»

Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոնը, Նորք-Մարաշը, Էրեբունին եւ Նուբարաշենը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը։ Նախընտրական գործընթացների վերաբերյալ մենք զրուցեցինք պատգամավորի թեկնածուի հետ:

-Պարո՛ն Բեգլարյան, Ձեզ օրենսդիր ոլորտում չենք տեսել, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք մուտք գործել այստեղ։ Արդյո՞ք այն Ձեր ուժերի, հետաքրքրությունների շրջանակներում է։
-Ճիշտ եք նկատել, ես վերջին 20 տարիներին աշխատել եմ գործադիր մարմիններում։ Հասկանում եմ, որ խնդիրները բավականին շատ են, եւ հենց գործադիր աշխատանքի փորձ ունեցող մարդը կարող է ճշգրիտ մատնանշել եղած խնդիրներն ու առաջարկել արդյունավետ լուծումներ։ Գիտեմ նաեւ, որ հնարավոր չէ միանգամից բոլոր հարցերը լուծել` պետք է խորությամբ ուսումնասիրել դրանք։ Ես երեւանցի եմ, ծնվել եմ մայրաքաղաքի հիմքը կազմող հին, կայուն տրադիցիաներ ու դիմագիծ ունեցող կենտրոնական թաղամասերից մեկում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ազգուտակով եւ որտեղ անուն, հարգանք, հեղինակություն ձեռք բերելը մի տարվա, ոչ էլ տասնամյակի գործ չէ։ Ես խորքից գիտեմ իմ ընտրողների կարիքներն ու հոգսերը, նրանց կյանքն ու հուզող խնդիրները եւ ի տարբերություն շատերի՝ Երեւանի եւ երեւանցիների հետ շփվել եմ ոչ թե առանձնասենյակից կամ ավտոմեքենայի պատուհանն իջեցնելով, այլ շրջելով քաղաքում, մտնելով բակեր, խոսելով մարդկանց հետ։ Ու ես գնում եմ Ազգային ժողով՝ նրանց հուզող առաջնահերթ հարցերը բարձրացնելու եւ դրանց լուծում տալու համար։
– Եվ որո՞նք են այդ հարցերը։
-Նշեմ դրանցից երեքը։ Ես ավանդապահ ընտանիքից եմ եւ կարծում եմ, որ ընտանիքն է պետության հիմքը, ուստի իմ ուշադրության կենտրոնում են լինելու ընտանիքների ամրապնդմանը եւ զարգացմանը վերաբերող խնդիրները։ Ընտանիքում երեխաների համար շատ կարեւոր է կրթությունը, ծնողների, մեծահասակների համար` առողջապահությունը, արժանապատիվ ծերությունը, երիտասարդների համար՝ սեփական գործ ունենալու հնարավորությունը, փոքր եւ միջին բիզնեսով զբաղվելու մատչելիության ապահովումը։ Այս ուղղություններով աշխատելու եմ լուծումներ գտնել, հանդես գալով առաջարկություններով եւ օրենսդրական նախաձեռնություններով։ Իմ կարծիքով՝ նշածս խնդիրները համընդհանուր են ողջ հանրապետության համար։ Եվ իմ ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու եմ՝ այդ ոլորտներում առաջընթաց ապահովելու համար։
-Բազմիցս մամուլում խոսվեց այն մասին, որ Ձեր եղբայրը՝ Գագիկ Բեգլարյանը, ակտիվորեն աջակցում է Ձեզ այս քարոզարշավի ընթացքում…
-Ընդհանրապես, մեր գերդաստանը խիստ ամուր կապեր ունի, միշտ միասին ենք մտքով ու գործով, մեկիս ձեռքբերումը մյուսի հպարտությունը եւ պատիվն է։ Եղբայրս ինձնից ավելի մեծ փորձ եւ ներդրում ունի պետական աշխատանքի տարբեր ոլորտներում, գրեթե միշտ եղել է ընտրովի շատ կարեւոր պաշտոններում։ Նա ընտրություններում հաղթել է շատ դժվար թեկնածուների, եւ նրա անունը, վաստակը, հեղինակությունն, իհարկե, մեծ օգնություն են ինձ համար` հանդես գալու ընտրողներիս առջեւ եւ նրանց վստահությունը ստանալու։
-Թիվ 4 ընտրատարածքում Դուք ունեք լուրջ մրցակիցներ ինչպես թիմակից, այնպես էլ այլ քաղաքական ուժերից։ Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը։
-Իմ թիմակիցներին ես մրցակիցներ չէի համարի, մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ աշխատել մեր կուսակցության համար։ Իսկ ընդհանրապես ընտրապայքարում ես ոչ մեկի դեմ ոչինչ չեմ անում եւ չեմ պատրաստվում անել։ Խորհրդարանն ինձ համար ժողովրդին ծառայելու մի ճանապարհ է` ավելի լայն ասպարեզում եւ դրսեւորվելու ավելի մեծ հնարավորություններով։ Աշխատելով համաքաղաքացիներիս հետ՝ փորձելու եմ շահել նրանց վստահությունը եւ հնարավորինս շատ ձայներ ստանալ։
-Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին ի՞նչ կպատասխանեք։
-Ամեն ինչ կարելի է ասել, բայց հո ասելով չէ՞։ Համենայնդեպս, մենք չունենք նման խնդիր, որովհետեւ մեր ընտրատարածքում լավ գիտեն Բեգլարյաններին: Եղբայրս եւ ես դեռ 90-ականներից միշտ եղել ենք ժողովրդի կողքին եւ վաստակել ենք մեր ընտրողների վստահությունն ու հարգանքը: Իմ շեշտադրումն ուրիշ է։ Իմ համոզմամբ` տարիների վաստակած հարգանքը, հեղինակությունը, մարդկային հարաբերությունները, ընկերությունը, բարեկամությունն են ամենակարեւորը կյանքում։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում աշխատել եմ ազնվորեն, այն, ինչի հասել եմ, եղել է դժվարություններ հաղթահարելու գնով, եւ միշտ պատվով եմ դուրս եկել բոլոր իրավիճակներից։

Նյութերը՝ ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ




Լրահոս