ՏՆՕՐԵՆԸ ՈՒՍՈՒՑՉԻՆ ԿԱՆՉԵԼ Է ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին եւ պարզաբանում պահանջել:

Երեկ գրել էինք, որ Խոզնավար համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահը Հրայր Ալավերդյանն է, որի մեքենայի վրա խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել: Այսինքն` ԲՀԿ-ական Հրայր Ալավերդյանին փորձել էին ինչ-որ բան հասկացնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անձամբ Հրայր Ալավերդյանը հայտնել էր, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, բայց առայժմ կսպասի իրավապահների գործողություններին: Սակայն, ինչպես նկատում ենք, Ալավերդյանների ընտանիքի շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Հրայր Ալավերդյանի կինը՝ Արեւիկ Մանգասարյանը, աշխատում է համայնքի դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեւիկ Մանգասարյանը պատմեց, որ իրեն եւս զգուշացրել են՝ եթե Հանրապետական կուսակցությանը ձայն չտա, վատ բաներ կլինեն:
-Տիկի՛ն Մանգասարյան, ի՞նչ է կատարվում, ո՞վ է Ձեզ ասել, որ վատ կլինի, եթե ՀՀԿ-ին ձայն չտաք:
-Խոզնավար համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը, երբ իմացել է, որ ամուսինս՝ Հրայր Ալավերդյանը, համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահն է, մարտի 15-ին ինձ կանչեց դպրոց` իր աշխատասենյակ, եւ սկսեց խոսել վատ լինելուց, թե չի ուզում խնդիրներ առաջանան մեզ համար: Դպրոցի տնօրենը ասում էր, որ լսել է, թե ամուսինս ԲՀԿ-է, եւ ես ՀՀԿ-ին ձայն չեմ տալու: Ես այդ ժամանակ ասացի, որ նման բան չկա, եւ ինքը՝ որպես դպրոցի տնօրեն, հենց հիմա պետք է ասի, թե ով է իրեն նման կեղծ տեղեկություններ ասել: Դպրոցի տնօրեն Զախարյանը անընդհատ խոսակցությունը տանում էր այնտեղ, որ ինքը չի ուզում՝ որեւէ մեկի համար վատ լինի:
-Ի՞նչ նկատի ուներ դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը՝ «վատ լինել» ասելով:
-Ես էլ իրեն հարցրեցի՝ ինչու պետք է վատ լինի, դպրոցի տնօրեն Զախարյանն ասաց, թե դու այս պահին պետական աշխատող ես, մենք վարձատրվում եք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում: Տնօրենը նաեւ նշում էր, թե կասկածներ ունի՝ եթե ամուսինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, ուրեմն ես էլ «Բարգավաճից» կլինեմ: Ես տնօրենի աշխատասենյակում հայտարարեցի՝ եթե ես «Բարգավաճին» ձայն տամ, ապա բացահայտ կտամ ու չեմ էլ վախենում ոչ մեկից:
-Եվ ի՞նչ ասաց նա:
-Դպրոցի տնօրենն անընդհատ շեշտում էր, որ չի ուզում վատ լինի, եւ ուզում է՝ վստահ լինի, որ ձայնս տալու եմ Հանրապետական կուսակցությանը: Ես այդ ժամանակ ասացի, թե տալու եմ Հանրապետական կուսակցությանը: Նա հարցնում էր, թե ոնց վստահ լինի: Այդ պահին տնօրեն Զախարյանն ասաց, որ եթե մարզպետ Վահե Հակոբյանից բացի՝ այստեղ որեւէ մեկն ագիտացիա (քարոզչություն) անի, խնդիրներ կունենա: Ես իրեն հարցրեցի, բա դու ինչո՞ւ ես անում, տնօրենը պատասխանեց, թե ձեւը տենց է, դու ինձանից շատ լավ գիտես: Նա անընդհատ կրկնում էր՝ Մանգասարյա՛ն, ես ուզում եմ՝ քո հարցում վստահ լինեմ, որ հանկարծ մեկը ինձ ասի՝ Մանգասարյանը ՀՀԿ-ին դեմ է քվեարկել, առավելեւս «Բարգավաճի» համար է աշխատում, քարոզ է անում… չեմ ուզում՝ ինչ-որ խնդիր առաջանա:
-Դուք նշեցիք, որ տնօրենի հետ խոսել եք մարտ 15-ին, ինչո՞ւ եք հիմա բարձրաձայնում եւ, առհասարակ, որեւէ մեկին դիմե՞լ եք, որ նման խնդիր է Ձեզ հետ առաջացել:
-Ինչպես հայտնի է՝ երկու օր առաջ ամուսնուս մեքենայի վրա խոտ էին դրել ու շուրջբոլորը բենզին լցրել, ես չեմ ուզում ամուսնուս շուրջ կատարվող դեպքը կապեմ դպրոցի տնօրենի հետ, բայց արդեն բավական է, թող բոլորը իմանան, թե ինչ է կատարվում համայնքում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Խոզնավար համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանի եւ ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ դպրոցի տնօրենը իսկապես նշում է, թե ինչի համար է ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին կանչել իր աշխատասենյակ` ըստ էության պարտադրելով քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
Հ.Գ. Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգել էր, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն ենթարկվում վարչապետի հրահանգին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈՌՈՄՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵ՞Լ Է ԸՆՏՐԵԼ ՀՀԿ-ԻՆ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակչից ահազանգ ստացավ, այն մասին, որ նախօրեին իրենց գյուղում «10 հազար դրամականներ է բաժանվել բնակիչներին»:

«Ժողովուրդ»-ին զանգահարած հոռոմցին (հարգելի պատճառներով չենք հրապարակում նրա անունը) հայտնեց նաեւ, որ «գումար բաժանողները գյուղի բնակիչներն են եղել՝ Գագիկ Զատիկյանն ու Զորո Մուրադյանը»: Ըստ քաղաքացու՝ «գումարը բաժանվել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի եւ Մուշեղ Պետոյանի համար»: Հոռոմցին «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ «Հոռոմի բնակիչների անձնագրային տվյալները վաղուց հավաքագրվել են, իսկ հիմա բաժանվում է դրա դիմաց խոստացված գումարները»: Բացի այս՝ Հոռոմի բնակիչը հայտնեց նաեւ, որ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը ծնունդով Հոռոմից է, տեղի բնակիչներին հորդորել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»: «Դատախազը հոռոմցիներին ասել է՝ ՀՀԿ-ին ձայն տվեք, որ ես դատախազ մնամ, ձեզ օգնեմ: Թե ինչում պետք է օգնի, ես չգիտեմ, գիտի՝ մարդասպան ենք»,- վրդովված նկատեց քաղաքացին:
Ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախ Հոռոմի ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանի հետ:
-Պարո՛ն Պասկեւիչյան, «Ժողովուրդ»-ը ահազանգ է ստացել այն մասին, որ «Հոռոմում գումար է բաժանվել՝ Մարտուն Գրիգորյանին եւ Մուշեղ Պետոյանին ընտրելու համար»…
-Էրթանք, տեսնենք, մենք էլ վերցնենք (ծիծաղում է-Ս.Հ.): Նման բաներ չկա մեր գյուղում:
-Ըստ ահազանգի՝ գումար բաժանողները եղել են Զորո Մուրադյանը եւ Գագիկ Զատիկյանը, ով Ձեր տեղակալի եղբայրն է:
-Իրենք ի՞նչ կապ ունեն այդ մարդկանց հետ (նկատի ունի պատգամավորության թեկնածուների հետ): Տեղյակ չեմ:
-Տեղյա՞կ չեք, թե ինչ է կատարվում Ձեր ղեկավարած գյուղում…
-Ես մեր գյուղի իրավիճակին ընդհանրապես շատ լավ տիրապետում եմ, ուրեմն նմանատիպ հարցեր մեր գյուղում չի քննարկվում:
-Իսկ Գագիկ Զատիկյանը, ով Ձեր տեղեկալի եղբայրն է…
-Ես տեղյակ չեմ, նման բան չկա: Ես ճանաչում եմ այդ մարդկանց, բայց իրենք ըտենց բաներ չեն էնում: Էն մեկը կաթի գործով է զբաղվում, մյուսն էլ՝ գեղի աշխատող տղա է ու իր գործին է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանի հետ:
-Պարո՛ն Պետոյան, «Ժողովուրդ»-ին ահազանգել են, որ Ձեզ ընտրելու համար «գումար է բաժանվում Հոռոմում: Իսկ գումար բաժանողները Զորո Մուրադյանն ու Գագիկ Զատիկյանն է»…
-Դուք հավատո՞ւմ եք: Ես չեմ պատրաստվում նույնիսկ մեկ կոպեկ գումար բաժանել: Բացառվում է դա: Էնքան բաներ ունեմ արած էդ տարածաշրջանի համար, որ գումար բաժանելու կարիք էլ չունեմ:
-Գագիկ Զատիկյանին, Զորո Մուրադյանին էլ չե՞ք ճանաչում…
-Գագիկ Զատիկյանին ճանաչում եմ. պարկեշտ ու լուրջ, աշխատասեր մարդ է, իսկ Գագիկ Զատիկյանը ԲՀԿ անդամ է, ինչպե՞ս կարող է ինձ համար գումար բաժանել:
Հ.Գ.- 1. «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազի հորդորների ահազանգի առնչությամբ դիմեց դատախազություն` պարզաբանման ակնկալիքով: Սակայն դատախազությունից պահանջեցին հարցը գրավոր ուղարկել: Ուղարկեցինք, սակայն պատասխանեցին մեկ նախադասությամբ. «Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»: Դե, իհարկե:
Հ. Գ.- 2. Իսկ պատգամավորության մյուս թեկնածուն՝ Մարտուն Գրիգորյանը, երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԱՄՈՒՍԻՆԸ
Մարտի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից հրապարակված Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների գործը հետաքրքիր ընթացք է ստանում. գործին խառնվել են ոստիկանները: Հիշեցնենք, որ ՀԿ-ն հրապարակել էր, թե ինչպես էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ներկայացնում, որ ձայներ են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար:
Կատարվածին արձագանքելով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն էր սկսել. «Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է, եւ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե կոնկրետ որ դպրոցի տնօրենի ձայնագրությունն է պարունակել իր մեջ հանցագործության հատկանիշներ, եւ ինչ է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազությունը այս ուղղությամբ: Մեզ հայտնի դարձավ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գտել է, որ հանցագործության հատկանիշներ է պարունակել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ձայնագրությունը, որտեղ նա ասել է, որ վախեցրել է մարդկանց ՀՀԿ-ին ընտրելու համար: Ըստ ՀԿ-ի՝ դպրոցը ներկայացրել է 1700 հոգու անուն: Զանգահարողի այն հարցին՝ վստահելի՞ են այդ 1700 մարդիկ, թիվ 37 դպրոցի տնօրենը պատասխանում է. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, հա՛մ էստեղ, հա՛մ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»: Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերոնշյալ ձայնագրությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրաստվեն: Արդյո՞ք նյութերի նախապատրաստման արդյունքում քրեական գործ կհարուցվի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ակնհայտ է մեկ բան. դպրոցի տնօրենը հստակ նշել է, որ վախեցրել են, որպեսզի ՀՀԿ-ի օգտին ձայն տան, եւ դեռ ավելին՝ կա ձայնագրությունը: Ուստի իրավապահներին մնում է գտնել վախեցածներին, որոնք տնօրենի ճնշման տակ համաձայնել են ձայն տալ ՀՀԿ-ի օգտին: Հուսանք, որ վերջիններս կպատմեն ողջ եղելությունը, եւ այս դեպքը եւս չի ջրվի նախընտրական փուլում արձանագրված մյուս դեպքերի նման:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

50 ՏՈԿՈՍԸ ԱՆՏԱՐԲԵ՞Ր Է
«Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի»՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22, ՀՀԿ-ի օգտին՝ 21 տոկոսը։ Կենտորնի ղեկավար Վալերի Ֆյոդորովի ներկայացմամբ. «Մնացած ուժերի դեպքում ձայները հետեւյալ կերպ են բաշխվել՝ «Ելք» դաշինքին կընտրի մասնակիցների 4, Դաշնակցությանը՝ 2, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»-ին, «Հայկական վերածնունդ»-ին, «ՀԱԿ-ՀԺԿ»-ին պատրաստ է ձայն տալ ընտրողների 1-ական տոկոսը։ «Ազատ դեմոկրատներն» ու Կոմունիստական կուսակցությունն ավելի քիչ ձայներ կհավաքեն»։




Լրահոս