«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՈՆԻ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, կինոյի դերասան, մի շարք ֆիլմերի կրկնօրինակող Վահագն Գալստյանի հետ զրուցել է բեմի առեղծվածային ուժի, արտիստին հոգնեցնող հանգամանքների եւ այլ թեմաների շուրջ:

-Վահա՛գն, թատրոնի հետ Ձեր ներկայիս «հարաբերություններն» ինչպե՞ս կբնութագրեք:
-Հիմա շատ հետաքրքիր փուլ է: Թատրոնն իր հերթին, ես` իմ, «պատերազմից» առաջ լռություն ենք պահում (ծիծաղում է): Սա վտանգավոր մի հանդարտություն է, եւ կարծում եմ` շուտով մեկս մյուսիս վրա «հարձակվելու» առիթ կունենանք:
-Թերեւս ֆիլմերի կրկնօրինակումը եւս կարելի է դերակատարում համարել, այո՞:
-Այո՛, էլի խաղում ես, նույն պրոցեսի մեջ ես, թեեւ կրկնօրինակումն իր առանձին օրենքներն ու հստակ կանոններն ունի: Ինձ համար սա առանձին մասնագիտություն է:
-Ձեր մեջ գերիշխող է կատակերգակա՞նը, թե՞ ողբերգականը:
-Երբեք չեմ փորձել հասկանալ դա, բայց միշտ ձգտել եմ դեպի ծիծաղ, ուրախություն թե՛ բեմում, թե՛ կյանքում: Ընդհանրապես հայի մեր տեսակը սիրում է երկուսը մեկում, այսինքն` տրագիկոմեդիա: Հնարավոր է` դրան նպաստում է մեր պատմությունը, անցած ճանապարհը:
-Ձեզ ի՞նչն է հաջողություն բերում:
-Բարդ հարց է, բայց հաջողության գաղտնիքը շղթայական գործոնի արդյունք է:
-Տաղանդը` մեկ, ուրի՞շ:
-Աշխատասիրությունը, կարգուկանոնը, որին, ի դեպ, նոր սերնդի ներկայացուցիչները մատների արանքով են նայում: Ներկայացման փորձի, նկարահանման միշտ գնում եմ մեկ ժամ շուտ: Ուշանալը, բացի այն, որ բնավորություն է ձեւավորում, նաեւ բերում է շտապողականության, որի հետեւանքով աշխատանքի որակի անկում է գրանցվում: Իսկ շուտ գնալը հնարավորություն է տալիս նաեւ շփվելու քո կոլեգաների հետ, որոնց հետ աշխատանքի արդյունքում րոպեներ անց պետք է, օրինակ, ֆիլմ ստեղծվի:
-Պարզապես մարդ-մարդ շփման պակասը կա, համաձա՞յն եք:
-Այո՛, մեր երկրում արվեստի մարդուն սկսել են ավելի քիչ դիտարկել որպես զուտ մարդու: Թերեւս քիչ է պատահում, որ, ասենք, Ռուբեն Հախվերդյանին մոտենան, ասեն. «Ռուբիկ ջա՛ն, ո՞նց ես, ձմեռվա ամիսներին կոմունալ վճարումներդ ինչպե՞ս կատարեցիր»: Ընդհանրապես, թատրոնի կոլեկտիվներով հաճախակի չեն հավաքվում: Պարտադիր չէ, որ քաղաքապետարանը բանկետ կազմակերպի, ցուցակի համաձայն որոշները գնան, այդ մի օրը իրար պաչեն, ու ամեն բան ավարտվի: Այդ մարդկանց հաճախակի հանդիպումները կարող են բերել համերաշխության, որի կարիքը հայ թատրոնը շատ ունի: Ես երբեք չեմ տեսել, որ որեւէ բժիշկ, օդաչու կամ ոստիկան կոլեգայի մասին մասսայաբար չարախոսի: Այնինչ՝ մեր ոլորտի մարդկանց շրջանում նկատում եմ, որ մեկը մյուսին փնովելով` ուզում են աչքի ընկնել:
-Դուք Ձեր կերպարներից ո՞րն եք ամենաշատը սիրում:
-Բոլորը: Ամենափոքր կերպարի մեջ անգամ ինձնից մի բան կա: Մեկ-մեկ արխիվներս ստուգելիս գտնում եմ ինչ-որ կերպարիս լուսանկար, նայում եմ ու մտնում եմ նրա հետ կապված որեւէ տեսարանի մեջ: Միշտ մտածել եմ, թե ինչ առեղծվածային բան է բեմը: Դու կանգնած ես կուլիսների ետեւում, դեռ Վահագն ես, զրուցում ես ընկերոջդ հետ, մեկ էլ մի վայրկյանում վերափոխվում ես, դառնում ես ուրիշ մարդ ու մտնում ես բեմ: Ի՞նչ է այդ ամենաուժեղ վայրկյանը: Ի՞նչ գաղտնիք ունի այն, ոչ ոք չգիտի:
-Դերասանուհի կին ունենալը (Վահագնը դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսինն է-հեղ.) ո՞ր դեպքում կարող է «փորձանք» բերել:
-Ես իմ անունից խոսեմ` չի կարող: Կնոջս գիտեմ դեռ 1994-ից, երբ սովորում էինք թատերական ինստիտուտի առաջին կուրսում, հետո միասին աշխատել ենք թատրոնում: Հիմա ինքն ինձ անգիր գիտի, ես` իրեն:
-Ձեր գործում ի՞նչը կարող է Ձեզ հոգնեցնել:
-Եթե խոսելու լինենք զուտ մասնագիտականի մասին, ինձ մեկ-մեկ կատաղեցնում է ռեալիստիկ դերասանի հետ գործ ունենալը: Բայց, ամեն դեպքում, դա հոգնեցուցիչ չէ, նույնիսկ հաճելի ներվ է ապահովում: Կարծում եմ` այդ բախումներից է ծնվում շատ բան: Չեմ հիշում մի ներկայացում, որի ռեժիսորի հետ բանավեճ ունեցած չլինեմ: Իսկ հոգնեցնող դերասանի համար կարող է լինել կենցաղը: Չեմ ընդունում, որ ասում են, թե դերասանը պետք է սոված լինի, որ լավ խաղա: Ո՞նց կարող է հանդիսատեսը բեմի վրա տեսնել Հուլիոս Կեսարին, հիանա նրանով, իսկ հետո նրա հետ միասին նստի նույն երթուղային տաքսին ու գնա տուն:
-Անապահով վիճակից դուրս գալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Նայում եմ մեր ժողովրդին ու ուզում եմ ասել՝ ժողովո՛ւրդ ջան, գալիք ընտրություններով այդքան մի՛ ուրախացեք, թե չէ ընտրությունները ֆինանսական տոնի են վերածել: Ժողովրդի մեջ ամբոխներն են շատացել: Մարդկանց կեսից շատը օրենքը չի հասկանում, չի ըմբռնում: Դեպուտատ դառնալը դարձել է նշաձող: Դեպուտատներն էլ մոռացել են` իրենք ովքեր են, մոռացել են, որ իրենց առաքելությունը ծառայելն է: Ամեն դեպքում, հուսով եմ, որ եթե ամեն մեկն իր աշխատանքը լավ անի եւ գնահատվի, շատ բան իր տեղը կընկնի:

 

 

 

 
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրային խորհրդում դեռեւս փետրվարի 3-ին տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Վերջինս ներկայացրել էր ժամանակակից թանգարանների ստեղծման ծրագիրը, որով նախատեսվում է ունենալ հայկական ռազմարվեստի, կերպարվեստի, գորգարվեստի, գինու, տիկնիկների, լուսանկարչության, ստորջրյա թանգարաններ: Ծրագրերից մի քանիսին մենք արդեն անդրադարձել ենք: Այս անգամ «Ժողովուրդ»-ը Ա. Ամիրյանից տեղեկացավ ռազմարվեստի, լուսանկարչության եւ գինու թանգարանների մասին մանրամասների:

Հարցին, թե որն է լինելու ռազմարվեստի թանգարանի առանձնահատկությունը, եւ ինչով է այն տարբերվելու «Մայր Հայաստան» զինվորական թանգարանից, նախարարը պատասխանեց. ««Մայր Հայաստանը» մի փոքր այլ կոնցեպտ ունի, թերեւս, այդ թանգարանը եւս պետք է վերատեսության ենթարկել, իսկ ռազմարվեստի թանգարանը շատ կոնկրետ տեսլական ունի. ստեղծել անագե զինվորիկներով շուրջ 150 ֆիգուրներ, քանդակներ, որոնք կոնկրետ միջավայրում «կպատմեն» տարբեր ժամանակաշրջաններում մեր ազգի, պետության գրանցած ռազմական հաջողությունների մասին: Երեխաների համար կստեղծվեն նաեւ այդ ֆիգուրների ռետինե տարբերակները` որպես խաղալիքներ: Սա շատ լուրջ կոնցեպտ է, որը կիրառվում է աշխարհում: Կարծում եմ` այս տարվա ընթացքում այն իրականություն կդարձնենք»:
Ինչ վերաբերում է լուսանկարչության թանգարանին, ապա, պարոն Ամիրյանի խոսքով, այն, հիմքում ունենալով աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությունը, (լուսանկարների մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը լուսանկարիչը պատրաստ է նվիրել), ծառայելու է լուսանկարչական արվեստի հանրահռչակմանը. «Մենք բանակցել ենք տխրահռչակ Առաջին տպարանի պայթեցված շենքի սեփականտիրոջ հետ, ով թանգարանին կնվիրաբերի Հանրապետության փողոցի հատվածից 250 քմ տարածք: Բայց քանի որ շինարարական աշխատանքները կտեւեն շուրջ երկու տարի, մենք դրա հարեւանությամբ` մեկ այլ տարածքում, փորձելու ենք այս տարվա ընթացքում հիմնել թանգարանը` ապագայում տեղափոխելու միտումով»,-մեկնաբանեց նախարարը:
Մենք անդրադարձանք նաեւ գինու թանգարանին: Պարոն Ամիրյանը շեշտեց, որ դա մասնավոր նեդրումի արդյունքում ստեղծվող թանգարան է. «Այն ստեղծվելու է «Արմենիա Վայն» ընկերության հետ համատեղ: Ծրագիրը կյանքի կկոչվի այս տարվա ընթացքում: Մենք դրան կմասնակցենք մեր ցուցանմուշներով եւ խորհրդատվությամբ: Հիմնական ներդրումը կանի ընկերությունը: Ի դեպ, այցելուները նաեւ գինի համտեսելու հնարավորություն կունենան»,-եզրափակեց նախարարը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս