Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են՝ առաջինը սահմանադրական փոփոխություններից եւ երկրում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերը՝ 5 կուսակցություններն ու 4 դաշինքները, նախընտրական քարոզարշավների ընթացքում ներկայացրին իրենց ծրագրերը, փորձեցին համոզել ընտրողներին: Թե նրանց որքանո՞վ հաջողվեց, ցույց կտան ընտրությունների արդյունքները: Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱԺ այս ընտրություններն առավել քան կարեւոր են. քանի որ միակ հնարավորությունն է լինելու առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձեւավորելու հարցում: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլեւս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ:
Ուստի ապրիլի 2-ին քվեախցիկում ՀՀ քաղաքացին պետք է լրջորեն խորհի՝ ո՞ր ուժին է վստահելու մեր երկրի ապագան, ո՞ր ուժն է ի վիճակի իր վրա կրելու իշխանության ծանր ու պատասխանատու բեռը: Այնպես որ, ընտրությունը պետք է կատարել այդ գիտակցությամբ, այլ ոչ թե տուրք տալով ընտրակաշառքի, ճնշումների, ծանոթ-բարեկամի գործոնին: Մեկ կարեւոր փաստ եւս. այս ընտրությունների անցկացման համար ընտրական օրենսգրքով ներդրվել են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրակեղծիքները: Մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար: Ձայներ կորելու հավանականությունը շատ քիչ է: