Մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում ելույթ ունենալով զինծառայողների առջև հայտարարել էր, որ անհրաժեշտություն դեպքում «աչք չի թարթի» և Ադրբեջանի դեմ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգեր կկիրառի:
Rusarminfo-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետները կանխատեսել են, թե ինչ կլինի, եթե Երևանը Բաքվի դեմ «Իսկանդեր»-ներ կիրառի:
«Եթե ղարաբաղյան հակամարտությունը սրվի, ապա Ադրբեջանի դեմ առաջին «Իսկանդեր» հրթիռային համակարգերը կկիրառվեն, ինչը կհանգեցնի Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատասխանին. հրետանային, ցամաքային և օդատիեզերական ուժերի հարվածներ: Այդ դեպքում հավանական է, որ ռազմական գործողությունները կծավալվեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի տարածքում: Պատերազմը կտևի կարճ, ինչպես 2016թ. ապրիլին: Այն կդադարեցվի Ռուսաստանի և այլ ազդեցիկ պետությունների ջանքերով»,- ասել է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարենոկը:
Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովն իր հերթին կանխատեսում է, որ Ադրբեջանի դեմ «Իսկանդեր»-ներ կկիրառվեն «լուրջ վտանգի» դեպքում:
«Եթե Երևանը նման քայլի դիմի, ապա Բաքուն ստիպված կլինի պատասխանել միայն դիվանագիտական ճանապարհով, քանի որ չունի նման լուրջ և վտանգավոր համակարգեր: Ադրբեջանը թույլ ավիացիա ունի, այն դեպքում, երբ Հայաստանն ունի հզոր հակաօդային պաշտպանություն: Նման պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի ռազմական գործողությունների դադարեցման հասնել Ռուսաստանի կամ Թուրքիայի միջոցով»,- ասել է ռուս փորձագետը:
Լեռնային Ղարաբաղում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հակամարտությունը սրվեց 2016թ. ապրիլի 2-ին: Ռազմական գործողությունները տևեցին 4 օր: Ապրիլի 5-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ժամանակ հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց: Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկությունների` ադրբեջանական կողմը կորցրեց 29 տանկ, 2 ուղղաթիռ, 12 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարք, 6 հետևակի մարտական մեքենա, ավելի քան 300 զինծառայող, հայկական կողմը` ավելի քան 100 զինծառայող, մի քանի տանկ և 800 հեկտար սահմանային տարածք: