Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07 և 18/08 տեղամասերում խախտումներ են արձանագրվում: «Ելք» դաշինքն ահազանգում է, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ մուտք է գործում տեղամասեր և դուրս է հանում վստահված անձանց, ապա ընտրողներին ստիպում է քվեարկել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին: Այդքանով չբավարարվելով` գյուղապետը հրահանգում է ցույց տալ քվեաթերթիկը, նոր միայն գցել այն քվեատուփի մեջ:
Armlur.am-ը կապ հաստատեց Սարգիս Սահակյանի հետ, ով փորձեց ամեն կերպ հերքել այդ տեղեկությունները. «Լուրերն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ես ճշտել եմ ումից որ պետք է, զանգել եմ Բյուրական, ճշտել եմ, չկա նման բան, սուտ է»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։