ArmLur.am-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում քաղաքացիները դժվարանում են քվեարկել: Մասնավորապես, խնդիրներ առաջանում են քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու, չքվեարկված քվեաթերթիկները աղբարկղի մեջ գցելու հետ կապված:
Այս ժամի դրությամբ քաղաքացիների մուտքը տեղամասեր առավել քան ակտիվ է, ինչը զարմացրել է ոչ միայն դիտորդներին, այլև հանձնաժողովի անդամներին: Քիչ չեն ընտրատեղամասերը, որոնք ապահովված չեն թեքահարթակներով, ինչը ևս դժգոհության տեղիք է տալիս:
Թիվ 23/51 տեղամասում տեսախցիկը տեղադրված է ոչ թե պատի վրա, այլ շտատիվի` հենակալի, և ամեն ինչը չէ, որ տեխնիկապես հնարավոր է ֆիքսել: Նույն տեղամասում դիտորդներից մեկը գրանցվել է առանց անձնագրի, ինչը որոշ ժամանակ անց հայտնաբերվել ու արձանագրվել է:
Հանձնաժողովի նախագահ Անահիտ Ոսկանյանի խոսքով՝ տեղամասի դիմաց կուտակումներ են հաճախակի արձանագրվում: Իր հանձնարարականով ոստիկանները ավել թվով քաղաքացիներ տեղամաս չեն թույլատրում:
Քիչ թիվ չեն կազմում տեղամասերը, որոնց պատերին փակցված են քարոզչական պաստառներ:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր